Հունիսի 23-25-ը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկնել են գործուղման` Ստրասբուրգ: Նրանցից յուրաքանչյուրի ավիատոմսն արժեցել է 700-800 դոլար կամ 350-400 հազար դրամ, ինչն, ըստ ԷԿԵՆԳ ընկերության տնօրենի` թանկ չէ: Ավիատոմսերը ձեռք է բերել հենց ԷԿԵՆԳ-ը (լուսանկարում՝ ընկերության կայքը), որը կառավարության որոշմամբ, կարելի է ասել, կենտրոնացրել է պետական ոլորտում ավիատոմսերի գնման ողջ գործընթացը:
Այս օրինակով երեւում է, թե ինչպես է ընկերությունը խնայել պետական փողերը: Այո, եթե պաշտոնյաները գնային Երեւան-Փարիզ-Ստրասբուրգ չվերթով, ապա ավիատոմսի արժեքը իսկապես թանկ չէր լինի, բայց նրանց համար ԷԿԵՆԳ-ը ավիատոմս է ձեռք բերել Երեւան-Մոսկվա-Ֆրանկֆուրտով, որտեղից էլ նրանք Ստրասբուրգ են ուղեւորվել ավտոբուսով:
Այս դեպքում նույն «Ամադեուս» ծրագիրը, որի միջոցով գնումը կատարվում է, հունիսի 23-25-ի համար շատ ավելի մատչելի տոմսեր է առաջարկել` 250-280 հազար դրամ, որի իսկությունը շատ հանգիստ կարելի է ստուգել: Զարմանալի է նաեւ, թե ինչպե՞ս է ԷԿԵՆԳ-ին հաջողվել ավտոբուսի տոմս ձեռք բերել «Ամադեուս»-ից՝ այն դեպքում, երբ այս ծառայությունը միմիայն ավիատոմսերի վաճառքով է զբաղվում: Ի՞նչ է, ավտոբուսի տոմսերը մեր պաշտոնյաներն իրենց գրպանի՞ց են գնել:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
13.07.2016