Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ սիրո մեջ կրոնը, ռասան եւ մնացյալը տեղ չունեն

Հուլիս 14,2016 14:00

Պատերազմի դաժան դեմքը՝ «Դատախազը, դատապաշտպանը,
հայրը եւ որդին» Իգլիկա Տրիֆոնովայի ֆիլմում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին մասնակցում է նաեւ բուլղարուհի Իգլիկա Տրիֆոնովայի «Դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին» ֆիլմը, որը ներշնչված է իրական պատմությունից: Հիշեցնենք, որ քանի տարի առաջ բոսնիացի սերբերի բանակի մի քանի նախկին հրամանատարներ Հաագայի դատարանի կողմից դատապարտվեցին բանտարկության՝ մարդկության դեմ հանցագործությունների կատարման, պատերազմի օրենքների եւ սովորությունների խախտման, ինչպես նաեւ Սրեբրենիցայում 8000 մահմեդականների ցեղասպանություն իրականացնելու համար: Ինչ վերաբերում է Բոսնյական պատերազմին, այն եւս համարվում է մարդկության պատմության ամենաարյունալի ու ամոթալի էջերից մեկը:

Իգլիկա Տրիֆոնովայի աշխատանքը հետաքրքիր է ե՛ւ ռեժիսորական յուրօրինակ լուծումներով, ե՛ւ մի շարք այլ առումներով:

Կարելի է ասել՝ «Ոսկե ծիրանի» լավագույն ֆիլմերից է: «Դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին» ցույց է տալիս պատերազմի դաժան դեմքը ու փաստում մի ցավալի իրողություն՝ եթե քո երկրում խնդիր կա, միեւնույն է՝ քո ընտանիքը, առանձին վերցրած, չի կարող երջանիկ լինել:

Ֆիլմում նկարահանվել է նաեւ մեր հայրենակից Հովհաննես Թորոսյանը, որը մինչ այդ բազմաթիվ այլ ֆիլմերում էլ է հանդես եկել, այդ թվում՝ Sniag, Getting Fat in a Healthy Way, Lighthouse Woman, Prelyubodeyanie: «Դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին» ներկայացնում է բոսնիական պատերազմի հրամանատար, ռազմական հանցանքների համար մեղադրվող Միլոռադ Կրստիչի դատավարությունը:

datavor1

Դատապաշտպան Միխայիլ Ֆիննին հաջողվել է հերքել իր հաճախորդին ներկայացվող մեղադրանքները: Համոզված լինելով, որ Կրստիչը մեղավոր է, դատախազ Կատրին Լագրանժը որպես վկա կանչում է մի երիտասարդի՝ Միրոյին (Հովհաննես Թորոսյանն է նրան մարմնավորել), որը ցուցմունք է տալիս Կրստիչի դեմ: Նա պնդում է, որ իր ծնողները փոքր ժամանակ լքել են իրեն ու ինքը Կրստիչի զինվորներից է եղել: Միրոն ստում է, այդ քայլին է դիմում՝ Եվրոպայում հաստատվելու համար, նրան այդպես են խոստացել՝ ցուցմունքի դիմաց: Ֆիննը հետաքննություն է սկսում Միրոյի վկայությունների իսկությունը ստուգելու համար: Նա նույնիսկ հանդիպում է տղայի ընտանիքին, որը ծվարել է արդեն ավերված ու ամայացած փոքրիկ գյուղակում: Միրոյի հայրը քրիստոնյա է, մայրը՝ մահմեդական:
Ֆիլմում մի քանի հոգեցունց եւ տպավորիչ կտորներ կան: Դրանցից մեկը հոր եւ Միրոյի հանդիպման դրվագն է, կամ քրիստոնյա եւ մահմեդական ամուսինների աղոթքի պահը: Միրոյի մահմեդական մայրն իր նամազից հետո քրիստոնյա ամուսնուն խնդրում է աղոթել ու խաչակնքվել, ամուսինը անդրդվելի է՝ իր սիրո մեջ կրոնը, ռասան եւ մնացած բաները տեղ չունեն: Սիրո բարձրագույն դրսեւորում է կնոջ քայլը՝ նա վերցնում է ամուսնու ձեռքը եւ ամուսնու ձեռքով խաչակնքում նրան:
Ծնողները գտնում են Միրոյին ու կրկին նորից կորցնում. ճակատագիրն այդպես է կանխորոշել այս գյուղացի ընտանիքի համար: Տարիներ շարունակ հորից հեռու է ապրում նաեւ դատապաշտպան Միխայիլ Ֆիննը՝ բարեկեցիկ ու բազմազբաղ Եվրոպայում նա ժամանակ չունի ծեր հորն այցելելու: Ֆիննի հայրը ծնվել է Ռուսաստանում, ռուսախոս է, բայց որդին չի ցանկանում առանձնապես հրապարակել իր ծագման մանրամասները, չնայած անցյալիցդ չես կարող փախչել: Կյանքն այդպիսի բան է:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

13.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031