Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ Ֆրանսիայում եմ հույս փայփայում, թե մի օր պիտի վերադառնամ հայրենիք»

Հուլիս 14,2016 13:30

Հայկ Դավթյանն առաջին անգամ կհնչեցնի
Ռիխարդ Շտրաուսի ջութակի եւ նվագախմբի կոնցերտը

Շտրաուս ազգանունը լսելիս լայն հասարակությունն այն իրավացիորեն ասոցացնում է ավստրիացի «վալսի արքա» Յոհան Շտրաուսի հետ: Սակայն համաշխարհային երաժշտական գանձարանում է նաեւ գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսը, որը նույնպես արքա է, բայց ոչ վալսի, այլ սիմֆոնիկ պոեմների: Հայտնի են նրա «Դոն Ժուանը», «Դոն Կիխոտը» եւ իհարկե՝ «Տիեզերական ոդիսականը» պոեմը, որի հնչյուններով է սկսվում «Ինչ, որտեղ, երբ» հայտնի հեռուստախաղը: Ռ. Շտրաուսը նաեւ հանրահայտ ու սիրված օպերաների հեղինակ է, այդ թվում՝ «Արաբելա», «Սալոմե», «Էլեկտրա», «Վարդերի ասպետը», «Առանց ստվերի կինը»:
Ռիխարդ Շտրաուսն ունի ստեղծագործություն, որը նույնիսկ մասնագետներին է անծանոթ: Ասվածի վկայությունն է հուլիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) հերթական համերգը, որի ծրագրում ընդգրկված է Ռ. Շտրաուսի միակ ջութակի եւ նվագախմբի կոնցերտը: Կայանալիք երեկոյի ընթացքում Հայաստանում առաջին անգամ այդ ստեղծագործության կատարումով հանդես կգա ֆրանսաբնակ ջութակահար Հայկ Դավթյանը, իսկ դիրիժորական վահանակի առջեւ կհանդիպենք նրա հորը՝ հայ դիրիժորական (մասնավորապես՝ օպերային) արվեստի երախտավոր Յուրի Դավթյանին:

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Հայկ Դավթյանի արվեստին: Հիշեցնենք, որ նա Երեւանում բարձրակարգ ուսում է ստացել որպես ջութակահար՝ անվանի մանկավարժներ Տատյանա Հայրապետյանի եւ Էդուարդ Թադեւոսյանի դասարաններում, իսկ որպես դիրիժոր՝ հոր ղեկավարությամբ: Եզակի հայ դիրիժորներից է, որոնք մասնակցել են միջազգային մրցույթների: Հայկը 1996թ. հեղինակավոր Պիեր Լանտիեի անվան միջազգային մրցույթին արժանացել է Գրան պրիի: Մինչ այդ, 1991թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում, որովհետեւ հենց այնտեղ է հանդիպել կյանքի իր ուղեկցին՝ մասնագիտությամբ հոգեբան Էլեն Վալի-Դավթյանին: Հայկը մշտապես եւ որպես ջութակահար, եւ որպես դիրիժոր հանդես է եկել հայրենիքում, վերջին անգամ նրան հիշում ենք 3 տարի առաջ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ Սիբելիուսի ջութակի կոնցերտի փայլուն մեկնաբանման առիթով: Ի դեպ, երաժիշտը նախկինում Ազգային օպերային թատրոնում ղեկավարել է Վերդիի «Տրավիատան» (դա նրա՝ իբրեւ դիրիժորի, առաջին բեմելն էր), ինչպես նաեւ հանդես եկել Երիտասարդական նվագախմբի հետ:

Անդրադառնալով մեզ մոտ առաջին անգամ եւ ընդհանրապես հազվադեպ հնչող Ռ. Շտրաուսի ջութակի կոնցերտին, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է այդ գործը «արհամարհված» աշխարհի երաժիշտների կողմից: «Ջութակի կոնցերտը Շտրաուսը գրել է 1882թ.՝ 17 տարեկանում: Հետո արդեն ստեղծագործել է իր հանրահայտ կոնցերտները դաշնամուրի, վալթորնի եւ այլ գործիքների համար: Ջութակի կոնցերտը նա համարել է ուսանողական շրջանում գրված ստեղծագործություն: Հետաքրքիր է, որ երբ արդեն նա Ռիխարդ Շտրաուսն էր՝ ճանաչված ու հայտնի, անդրադարձել է, վերանայել այլ կոնցերտներ, բացի ջութակի կոնցերտից»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Հայկ Դավթյանը, ցավոք, այլեւս չի ղեկավարում Ֆրանսիայում հիմնած եւ ավելի քան 5 տարի գործունեություն ծավալած «Նաիրի» նվագախումբը, ինչը կապված է ֆինանսական խնդիրների հետ: Նշենք, որ գործունեության ընթացքում «Նաիրին» հնչեցնում էր բացառապես հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Այսօր մեր հայրենակիցը հանդիսանում է Փարիզի բարձրագույն կոնսերվատորիայի պրոֆեսոր եւ ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ տարբեր երկրներում հանդես գալիս եւ որպես ջութակահար, եւ որպես դիրիժոր:
Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե մենք՝ միամիտներս, առանց չափազանցության, եթե ոչ ամեն օր, ապա ամեն տարի սպասում ենք, թե վերջապես երբ են Հայաստան վերադառնալու արտասահմանում բնակվող ու ստեղծագործող մեր բարձրարվեստ երաժիշտները եւ այդ հույսով շարունակում ապրել… Հայկ Դավթյանը պատասխանեց. «Պատկերացրեք, ես էլ Ֆրանսիայում եմ հույս փայփայում, թե մի օր պիտի ընդմիշտ վերադառնամ Հայաստան, բեմ բարձրանամ հայրենիքում եւ կուտակածս գիտելիքները փոխանցեմ մեծ արվեստ առաջին քայլերն անող երիտասարդներին»: Հետաքրքրությանը՝ ընդմիշտ վերադարձի համար, ի վերջո, արտերկրում գործող մեր համերկրացիներին ի՞նչ է անհրաժեշտ, Հայկ Դավթյանն ասաց, որ ինքը կարող է պատասխան տալ միայն իր անունից, ինչն արդեն արեց:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում`Հայր եւ որդի Դավթյանները:

«Առավոտ»

13.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031