Ամռանն անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել մաշկի խնամքին: Արեւային ակնոցը, արեւից հատուկ պաշտպանիչ քսուքները եւ գլխարկները չպետք է անտեսել: Պետք չէ օրական մի քանի անգամ լվացվել եւ սրբվել կոպիտ սրբիչով: Խորը կնճռոտության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս դեմքը լվանալ սառը վիճակում ծովի աղի լուծույթով:
Անհրաժեշտ է շատ օգտագործել վիտամին A-ով հարուստ սննդամթերքներ՝ կարագ, ձու, լյարդ, ձկան յուղ, գազար, դդում, որոնք համարվում են առաջին անհրաժեշտություն:
Առավոտները նախաճաշից առաջ խմել մեղրաջուր կամ առանց քաղցրի կաթ:
Ութժամյա հանգիստ քունը բաց պատուհանի դեպքում, կամ լավ օդափոխված սենյակում կարեւոր հանգամանք է գեղեցկության եւ թարմության համար:
Օգտակար է շաբաթվա մեջ 2 անգամ մաշկը ձգող դիմակ դնել: Օրինակ, խմորիչով՝ ճարպային մաշկի դեպքում. 25 գրամ խմորիչը խառնել կաթով կամ թարմ վարունգի հյութով եւ քսել հաստ շերտով: Երբ սկսում է չորանալ, կարող եք լվանալ սառը ջրով:
Առավոտյան լվացվելուց 10 րոպե առաջ դեմքին եւ պարանոցին քսել հում կաթի սեր կամ թթվասեր: Լավ են ազդում նաեւ տաք եւ սառը թրջոցները, կամ խոտաբույսերի թուրմից պատրաստված սառցե խորանարդիկների մերսումը:
Կարդացեք նաև
Թառամած, ջրազրկված չոր մաշկի համար վերցնել 80 գրամ հալվեի տերեւներ, պահել սառը տեղ 10 օր: Դրանից հետո լվանալ, վրան լցնել 1 լիտր սառը ջուր եւ թողնել 2 ժամ: Խառնուրդը լցնել կրակին, եփել 10 րոպե, ապա սառեցնել եւ քամել: Այս լոսյոնով շաբաթը 3 անգամ դեմքին կոմպրես է դրվում 10 րոպե տեւողությամբ:
Էֆեկտիվ՝ հասարակ մարմնամարզությունն ամրապնդում է դեմքի եւ վզի մկանները:
Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս լիաթոք ծիծաղ, որից հետո դադար, եւ դուք կնկատեք ձեր դեմքի խառը խմբի մկանների աշխատանքը: Լավ փակել եւ լայն բացել աչքերը 6 անգամ: Գլուխն առանց շարժելու նայել վերեւ, ներքեւ, աջ, ձախ: Աչքերը պտտել վերեւ-աջ, ներքեւ-ձախ եւ հակառակը:
Հոգնած աչքերի համար լավ թրջոց է շատերին հայտնի թեյի եփուկով թրջոցը:
Շաբաթը 3 անգամ դեմքի եւ պարանոցի համար անհրաժեշտ է դնել սնուցող դիմակներ, օրինակ՝ դեղնուցից եւ բուսական յուղից, թթվասեր, ավելացրած մեղր եւ որեւէ մրգահյութ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
13.07.2016