Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում Աբգարը միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է աղջկան, որը տեսել է՝ ինչպես է կատաղած ամբոխն սպանում ամուսնուն: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին…
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
Ֆիլմի պրեմիերան կայացավ փառատոնի շրջանակում հուլիսի 12-ին:
Ֆիլմն ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն իրական պատմություն է:
Կարդացեք նաև
«Պատմվածքը գրելուց հետո համառոտ պատմեցի Ջիվանին: Ասաց՝ դրանից կարելի է լավ ֆիլմ սարքել, բայց պետք է մի քիչ այլ ուղղությամբ տանել, այնպես ներկայացնել, որ ծննդավայր կորցնելը միայն հայի ցավը չլինի. աշխարհում հարյուրավոր, հազարավոր մարդիկ կորցնում են իրենց ծննդավայրը. համամարդկային ցավ է:
Շեշտը դրվեց հոգեբանական կողմի վրա. քիչ խոսք, շատ խաղ. աչքերը, դիմախաղը պետք է լցնեին այդ լռությունը: Կարծում եմ՝ հաջողվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ծովինար Խաչատրյանը:
«Վերջին բնակիչը» ֆիլմն ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։
Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից:
«Դերասանների հետ երկար ենք աշխատել, որպեսզի նրանք օբյեկտիվ ընկալման արդյունքում համաձայնեն խաղալ ֆիլմում: Սանդրա Դաուկսայտե Պետրուլենը, օրինակ, մինչև նկարահանումները երեք անգամ եղել է Արցախում, շփվել պարզ, հասարակ մարդկանց հետ: Շատ հանդիպումներ ենք կազմակերպել մարդկանց հետ, որոնք պատմել են այդ ժամանակաշրջանի մասին: Ես նրան տվել եմ և´ հայկական, և´ ադրբեջանական մամուլի արձագանքները ղարաբաղյան դեպքերին, այսինքն՝ քարոզչության արդյունքում չէ, որ նա խաղացել է ֆիլմում»,- նշեց Ջիվան Ավետիսյանը:
«Վերջին բնակչի» համապրոդյուսեր լիտվացի Կեստուտիս Դևազաուսկասը շատ տպավորված է ֆիլմում ներկայացված պատմությամբ:
«Կարևոր է, որ ոչ թե մտացածին պատմություն է, այլ մի բան, որ Ջիվանն իսկապես զգացել է,- նկատեց նա,- հուսով եմ՝ ֆիլմն իր տեղը կգտնի: Այն լայն հանդիսատեսի համար չէ նախատեսված, չեմ կարող ասել՝ բլոկբաստեր է: Նման ֆիլմերը կյանքի այլ ուղի ունեն, սովորական ֆիլմերից տարբեր: Բայց աշխարհը մեծ է, հույս ունեմ, որ կինոթատրոնների ղեկավարները կտեսնեն այս ֆիլմը, կզգան նրա քաշը: Ես հայ չեմ, բայց պատմությունն ինձ խորապես հուզեց: Կարծում եմ՝ աշխարհում էլի շատերին կհուզի»,- ասաց Կեստուտիս Դևազաուսկասը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ