2015թ.ամռանը ադրբեջանցիները Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ գյուղ մտնող ավտոճանապարհի եզրին պաշտպանիչ հենապատ կառուցեցին: Մազամը գտնվում է հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի ձախ ափին: Սպիտակ քարից կառուցված, երկար այդ պատը լավ տեսանելի է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան գյուղերից, սահմանամերձ տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհից: Մազամ գյուղում եւ հարակից տարածքներում գտնվող ադրբեջանական հենակետերից պարբերաբար գնդակոծվում է Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող Բերքաբերը:
Ադրբեջանական գնդակոծության համար թիրախ է նաեւ Բերքաբեր մտնող ավտոճանապարհը: Սակայն այդ ավտոճանապարհի երկայնքով պաշտպանիչ պատ կառուցված չէ: Այդ ճանապարհը անբարեկարգ վիճակում է: Չնայած Բերքաբերի համայնքապետարանը ճանապարհը նորոգելու խնդրանքով դիմել է «վերեւներին», սակայն պետական բյուջեում այդ կարեւոր գործի համար գումարներ չեն ճարվում:
Պաշտպանիչ պատը խիստ անհրաժեշտ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Այդտեղ ավտոճանապարհը գտնվում է Ղուշչու-Այրում գյուղի տարածքում տեղակայված ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց: Ամեն պահ ադրբեջանական զինուժը կարող է գնդակոծել միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները: Նման դեպքեր շատ են եղել, վերջինը 2015թ. նոյեմբերի 5-ին էր, երբ ադրբեջանական զինուժը վնասեց ռուսական «ֆուռը»: Տվյալ ճանապարհով երթեւեկողներից շատերը, տեղանքին անծանոթ լինելով, չգիտեն, որ իրենք խիստ վտանգավոր տարածքով են անցնում: 1990-ական թվականներին անվտանգության նկատառումներով այդ ճանապարհի եզրին հողապատնեշ էր կառուցվել, սակայն չգիտես ում կողմից եւ ինչ պատճառով այն քանդեցին, եւ հիմա երթեւեկող ավտոմեքենաները թիրախ են:
Կարդացեք նաև
Եթե ֆինանսական միջոցներ չկան սույն ճանապարհի եզրին հենապատ կառուցելու համար, ապա գոնե հողակույտերով պատնեշ կարելի է սարքել: Այդ աշխատանքները հարկ է կատարել մառախլապատ օրերին, որպեսզի շինարարական տեխնիկան, բանվորները ադրբեջանական դիպուկահարների զոհ չդառնան: 2007 թվականից գործում է միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհը: Սակայն այն ամբողջությամբ չի ապահովում այդ տարածքով երթեւեկելի անվտանգությունը, քանի որ շրջանցիկ ճանապարհի որոշ հատվածներ լավ տեսանելի են ադրբեջանական զինուժի համար:
Բացի այդ, Բաղանիս գյուղի բարձունքում հողի սողանքի պատճառով շրջանցիկ ճանապարհը փլվում է: Նախատեսված է, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ այս տարի սահմանագոտին շրջանցող ճանապարհին առկա սողանքի հետեւանքները կվերացվեն: Շուտով ամառ է, սակայն աշխատանքները դեռ չեն սկսվել: Առաջիկայում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածում վերանորոգման աշխատանքներ կսկսվեն, Վրաստանից Երեւան բեռներն ավտոտրանսպորտով ավելի շատ կփոխադրեն Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով, ուստի Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի նորոգումը հասունացած հարց է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Եթե ՀՀ կառավարության նպատակը նշված հատվածներում երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը լիներ, այլ ոչ թե փողերի լվացումը, ապա վաղուց կառուցված կլինեին հեղինակի կողմից հիշատակված պատնեշները: Տավուշի մարզի տարածքում սահմանի վտանգավոր հատվածները շրջանցող 4-5 հատված է կառուցվել, սակայն բոլորն էլ հիմա կրակի տակ են: Երևի թե դժվար չէ պատկերացնել, թե որքան գումար են վատնել:
Նշված վտանգավոր հատվածները անվտանգությունը պետք է բանակն ապահովի, ինս եթե ի վիճակի չեն, տեղի հրամանատարներից սկսած մինչև ԳՇ պետ ու Պնախարար, բարի լինեն հրաժարական տալ ու իրենց բիզնեսներով զբաղվել: Ի վերջո այս ամենի համար ով պետք է պատասխան տա, եթե այլ պատասխան տվող չկա, ուրեմն մնում է ՀՀ նախագահը: