Երիտասարդ, միայնակ մայրը որոշում է մեկնել Ամերիկա՝ բարելավելու իր և աուտիզմ ունեցող երեխայի կյանքը: Աննան վաճառում է տունը և գումարը վճարում մի մարդու, որը խոստանում է նրա համար անօրինական ճանապարհով դեսպանատնից վիզա ձեռք բերել: Պարզվում է, որ նա խարդախ մարդ է և որոշել է Աննայի գումարն օգտագործել սեփական ընտանիքին արտասահման տանելու համար: Աննան, կորցնելով գումարը հետ ստանալու բոլոր հույսերը, առևանգում է այդ մարդու վեցամյա աղջկան…
Վրացի ռեժիսոր Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում:
Փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանի խոսքով՝ «Աննայի կյանքը» մրցույթի համար գրեթե միաձայն ընտրված ֆիլմերից է:
«Ամեն տարի մեծ ուշադրություն ենք դարձնում մեր տարածաշրջանի երկրների ֆիլմերին: Վրացական կինոն շատ հետաքրքիր զարգացում է ապրում հիմա: Նոր սերունդ է եկել, որը մի կողմից զարգացնում է վրացական կինոյի ավանդույթները, մյուս կողմից, նոր ասելիք է բերում իր հետ: Երբ դիտում ենք նոր սերնդի ռեժիսորների ֆիլմերը, հասկանում ենք՝ ինչ է կատարվում այդ երկրում, ինչպես են ապրում մարդիկ, հաղորդակից ենք լինում հասարակ մարդկանց կյանքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միքայել Ստամբոլցյանը:
Կարդացեք նաև
Նինո Բասիլիայի փոխանցմամբ՝ «Աննայի կյանքը» ֆիլմի հիմքում իրական պատմություն է:
«Այսպիսի բաներ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ անգամներ են եղել: Մի անգամ էլ ընկերներիցս մեկը կարող էր այդպես խաբվել, բայց մեր բախտը բերեց. այդ մարդը չկարողացավ խարդախությամբ մեզնից գումար շորթել»,- պատմեց Նինո Բասիլիան:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի կարևոր ուղերձներից մեկն այն է, որ ցանկացած դժվարության դեպքում պետք է պայքարել, երբեք չհուսահատվել:
«Միշտ ցանկացել եմ ցույց տալ՝ ինչպես են կանայք պայքարում, ապրում, որքան ուժեղ են նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ են»,- նշեց նա:
Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է հուլիսի 11-ին, կցուցադրվի նաև հուլիսի 14-ին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ