Առաջարկություններ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին: Մաս 2
Էներգետիկա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (ՀՀ ԷԲՆ) հետ համաձայնեցված տեխնիկական առաջադրանքի համաձայն, Դելոյթ (“Deloitte”) ընկերությունը կատարել է 3 փուլով հետազոտություն ու վերջին փուլում, 2015թ. դեկտեմբերին ներկայացրել էր տարբեր ընթացակարգերի վերլուծություն: Հաշվետվությունում նշված է, որ կառավարության ռազմավարությունում նախատեսել են որոշակի փոփոխություններ (օրինակ՝ 660 ՄՎտ ՋԷԿ-երի և + 200 ՄՎտ փոքր ՀԷԿ-երի գործարկումը), մշակվել են վերականգնվող էներգետիկայի աղբյուրների զարգացման մի շարք ծրագրեր, հաստատել է երկրի էներգաարդյունավետության ռազմավարությունը, նախատեսվել է էներգասպառման տեմպերի նվազեցում (3-8%-ից մինչև 1,5%), սակագնի 70% թռիչքային աճ և այլն:
Այդպիսով համաձայն «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (2016-2036թ.) զարգացման ուղիների» ծրագրի մինչև 2027թ. նախատեսվում է ամբողջությամբ բավարարել ներքին պահանջարկը՝ 80%-ով ավելացնելով արտադրական հզորությունները, ընդ որում աճի երկու երրորդը կկազմեն ՀԷԿ-երը և ԱԷԿ-ը (4,9 հազ. $/կՎտ՝ ՋԷկ-երի 1,0 հազ. $/կՎտ դիմաց): Շինարարության համար նախատեսվում է ծախսել տարեկան 7,5 % դրույքով ներգրավված 6,5 մլրդ եվրո փոխառու միջոցներ:
Դելոյթե ընկերությունը նշում է, որ ֆինանսավորման նման կառուցվածքը կմեծացնի արտարդրանքի ինքնարժեքը մեկ երրորդով և համարում է, որ այդ ծրագիրը հիմնվում է երեք տարվա վաղեմության ցուցանիշների վրա՝ տնտեսության աճի չափազանց լավատեսական տեմպերը, արտադրողի ծախսերի առնվազն 20 մլրդ դրամով կամ 3,7 դրամ/կՎտժ նվազեցում 2015թ., մուտքային տվյալների գծով անիրատեսական կանխատեսման՝ հայտարարված 40% հզորություններից արդեն իսկ հրաժարվել են, «կադրի հետևում» են մնում մի շարք սկզբունքային գործոններ՝ կապված գործող կայանների բեռնվածքի և գործառնական ծախսերի տարեկան դինամիկայի հետ:
Կարդացեք նաև
Դելոյթե ընկերությունը եկել է հետևյալ եզրահանգումների՝վերը նշվածը կասկածի տակ է դնում ռազմավարության հիման վրա կատարած ցանկացած եզրահանգում, ծրագրից չի հասկացվում, թե առաջիկա տարիներին ինչ փոփոխություններ են սպասվում Հայաստանի էներգահամակարգին ու պահանջում է լրամշակում, գրանցվող տնտեսական անկման և սպառման աճի դանդաղեցման պայմաններում (տարեկան 1%՝ պլանավորված 1,5-2,5% դիմաց): Իսկ ներքին պահանջարկը հնարավոր կլինի բավարարել՝ սահմանափակվելով 600 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի (ՀԱԷԿ) բլոկի գործարկմամբ (1000 ՄՎտ-ի փոխարեն) ու ՋԷԿ-ի 400 ՄՎտ մեկ բլոկի գործարկմամբ (620 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու բլոկի փոխարեն) և «Հրազդան-5»-ի բեռնվածքի մեծացում (+50% ընթացիկ մակարդակի նկատմամբ): Նոր ծրագրի գործառույթները պետք է ընդլայնվեն՝ նախատեսելով վերջնական սակագնի հաշվարկ, էներգահամակարգի հուսալիության ցուցանիշների վերլուծություն և բոլոր հայտանշված ծրագրերի թեստավորում՝ առևտրային և բյուջետային արդյունավետության տեսանկյունից:
Իսկապես ընդհանուր տպավորություն է ստեղծվում, որ կառավարության ծրագիրը կազմված է այլ մոլորակայինների համար, քանզի հաշվարկված չեն տվյալ ժամանակահատվածում բոլոր սպասվող ազդեցությունները՝ սակագնի բարձրացման ազդեցությունը բնակչության գնողունակության, կյանքի որակի, մյուս ոլորտների շուկաներում մրցակցության վրա, այդ թվում արդյունաբերության զարգացման ու նոր աշխատեղերի ավելացման, ֆինանսական ներդրումների բոլոր սցենարներն ու հնարավորությունները: Առկա է ՀՀ կառավարության նախարարությունների չհամակցված աշխատանքը, և չկա հիմնավորում թե ինչու է սակագնի բարձրացման պայմանով պետք նոր հզորությունների ավելացում։ Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում արդեն կազմում են 10, իսկ Ղրղզստանում`1, Բելառուսում` 4, Ղազախստանում՝ 3.5 ու Ռուսաստանում՝ 4.5 կվտ/ցենտ: Այսինքն, ստացվում է, որ տնտեսական զարգացման և կյանքի որակի բարձրացման համար պետք է դիտարկվի և ցածր սակագնով էլեկտրոէներգիայի ներկրման տարբերակը: Ի տարբերություն Դելոյթի եզրահանգման գտնում եմ, որ նոր ՀԷԿ-երի գործարկումը գերադասելի տարբերակ է և գործառնական երկարաժամկետ տեսանկյունից արդյունավետ: Դելոյթեն հիմնավորում է, որ ներդրումային տեսանկյունից ՀԷԿ-ը թանկ է:
Ուրեմն պետք է ոչ թե հրաժարվել, պատճառաբանելով շինարարության բարձր ծախսերը, այլ ներգրավել ՕՈՒՆ ու հաշվի առնել երկարաժամկետ առավելությունները: Ներկայումս Հայաստանում ծրագրված նոր ՀԷԿ-երի քանակը սահմանափակ է (Մեղրու, Լորբերդի և Շնողի ՀԷԿ-եր), իսկ Վրաստանը, ունենալով ավելի փոքր ջրային ռեսուրսներ, ծրագրել է ավելի քան 200 այդպիսի ենթակառուցվածք: Վրաստանը, կարգավորելով վարչական և դատական համակարգերը, հեշտությամբ ներգրավում է նաև ՕՈՒՆ: Այնտեղ այս տարի Փարավանի գետի վրա գործարկվել է 87 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-ը, որի համար ներդրումը կազմել է մոտ $ 200 մլն: Ձմռանը էլեկտրաէներգիան ամբողջությամբ կօգտագործվի Վրաստանի էներգամատակարարման համար, իսկ ամռանը `արտահանվելու է Թուրքիա: 2015 թ. RP Global ավստրիական ընկերությունը Վրաստանում սկսել է 37,4 ՄՎտ, տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության 153.3 մլն կՎտ/ժ (ներդրումային նախագծի արժեքը կազմում է գրեթե $ 42.6 միլիոն) հզորությամբ նոր ՀԷԿ-ի շինարարությունը:
Դելոյթի նախկին հաշվետվությունում առկա էին թերություններ և էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման էլեկտրոցանցի (ՀԷՑ) դիմումով հիմնավորումների վերլուծությունում, քանզի այդ զեկույցում դիտակված սակագնի ցուցանիշի համապատասխանելիության ժամանակ մանրամասնորեն չէին քննարկվել մատակարարող ընկերությունների զարգացման ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման (հատկապես ՀԱԷԿ-ի) խնդիրները ու չէր կատարվել ՀԷՑ-ի օպերացիոն ծախսերի արդյունավետության գնահատում: Այդ մոտեցման անհրաժեշտությունը ապացուցվում է այն փաստերով, որ ՀԷՑ-ի մեր հայրենակից նոր սեփականատիրոջը կարճ ժամանակահատվածում (մինչև 2015 թ. վերջ) հաջողվեց էլեկտրաէներգիայի փաստացի կորուստները կրճատել (11,1 %, նախկինում 12,73 % դիմաց), միաժամանակ հարուցվեց քրեական հետապնդում ՀԷՑ-ի պատասխանատու անձի դեմ և այլն։ Դելոյթեն չի քննել թե ինչու որևէ, այդ թվում արտասահմանյան ընկերության անարդյունավետ կառավարման արդյունքում վնասները պետք է փոխհատուցի բնակչությունը, իր կենսամակարդակի իջեցումով և երկրի տնտեսական զարգացման մրցակցության հեռանկարների նվազեցմամբ: Դելոյթեն միայն այդ փուլի վերլուծության համար բյուջեից ստացել էր $ 230 հազ., որը համարժեք է 10-30 տեղական ԳՀԻ տարեկան ֆինանսավորմանը:
Խորհրդային համակարգից ժառանգելով հզոր էլեկտրաէներգետիկ ենթակառույցներ, որոնք ապահովում էին ոչ միայն բնակչությանը, այլև հիմնականում զարգացած արդյունաբերությունը, ՀՀ կառավարությունը չի պահպանել դրանք և թույլ է տվել մեծ բացթողումներ ոլորտի ռազմավարության զարգացման հարցում և չունի գրագետ կազմված զարգացման ծրագիր և այժմ, ունենալով սուղ բյուջետային միջոցներ, բնակչության վրա է բարդում սակագնային քաղաքականության գործիքը, միաժամանակ իջեցնելով տնտեսության մրցակցային առավելությունները:
2014թ. Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է 2,062 մլրդ. խմ գազ, սահմանում $ 189, իսկ վերջերս $ 150 / 1000 խմ սակագնով: Բայց այդ գազը մեկ այլ ռուսական ընկերություն «Գազպրոմ Արմենիա» բնակչությանը վաճառում էր ավելի թանկ` $ 156 դրամ/1խմ գնով, կամ $ 325 /1000 խմ, իսկ խոշոր սպառողները 1000 խմ գազը գնում են $ 277 համարժեք դրամով։ Ռուսաստանում սպառողի համար այն կազմում է $ 90-105, Բելառուսում՝ $ 180, Ղազախստանում՝ $ 80 ու Ղրղզստանում`$ 190: Հետևաբար` կառավարությունը պետք է ՀԷԾ-ի օրինակով անցկացնի հետազոտություն «Գազպրոմ Արմենիա» օպերացիոն ծախսերի արդյունավետության։
Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը ունի մոտավորապես 3300 ՄՎտ դրվածքային և 2500 ՄՎտ առկա արտադրական հզորություն, էլեկտրականությունն արտադրվում է երեք աղբյուրներից. հիդրոէներգետիկա (մոտ 40 %), միջուկային (մոտ 30 %), ջերմային (մոտ 30 %): Առաջին երկու աղբյուրները (70 %) համարյա չունեն էական արտանետումներ: Մեր ենթահանձնաժողովում 12.09.2014թ.. լսվել էր փորձագիտական եզրակացությունը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՎԷԷՀ) տնօրենի զեկույցը «Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի (ՎԷԸԾ` SREP) մասին: Այդ ծրագիրը նախապատրաստվել է ՀԲ աջակցությամբ ($ 300 հազ. դրամաշնորհ) ու դիմել էին $ 40 մլն դրամաշնորհ ստանալու Ռազմավարական Կլիմայի հիմնադրամի (SCF) մաս կազմող Կլիմայի ներդրումային հիմնադրամին (ՍԻՖ), որը դրամաշնորհներ է հատկացնում փոքր եկամուտ ունեցող երկրներին՝ ապացուցելու ցածր ածխածնային էներգետիկայի զարգացման ուղիների տնտեսական, սոցիալական և բնապահպանական կենսունակությունը: Ներդրումային ծրագիրը կարող էր ներառել հողմային, արևային ֆոտովոլտիկ (ՖՎ), կենտրոնացված արևային կայաններ, արևային ջեռուցիչներ, երկրաջերմային և կենսազանգվածի վրա հիմնված ռեսուրսներ ու չսահմանափակվել դրանցով (ՀՀ-ում վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ 2011 թ. 57,5%-ը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին)։
Այսինքն, դրամաշնորհի ծավալով կարելի էր կառուցել խոշոր ՀԷԿ կամ հիմնադրել կենսավառելիքի արտադրություն, նվազեցնելով ավտոտրանսպորտի արտանետումները ու հաշվի առնելով, որ վառելիքը ամբողջությամբ ներկրվում է և այդպիսի արտադրությունը կունենար մեծ արտահանման նախադրյալներ: Նախորդ երկու տասնամյակում վերականգնվող էներգիայի բոլոր ոլորտներում գրանցվում են տեխնոլոգիական առաջընթացներ: Ենթահանձնաժողովը գտել էր, որ մեր երկրի ընդերքի ածխաջրածնային վառելիքի սահմանափակ պաշարների առկայության պայմաններում էներգետիկ ապահովվածության համար հրամայական է դարձել էներգիայի վերականգնվող աղբյուրների լայնածավալ օգտագործումն ու ներառումը վառելիքա-էներգետիկ հաշվեկշռի մեջ և այդ ուղղություններով գործընթացները արդիական են: Բացահայտվեց, որ նույն ՎԷԷՀ հիմնադրամով մշակած Ուղեցուցային ծրագրի 2011թ. և Ներդրումային ծրագրի 2013-2014 թթ որոշված գերակայությունների միջև առկա են հակասություններ և լսումներում չէին ներկայացվել 2 տարվա այն հեղափոխական փոփոխությունները, որոնք կարող էին այդպիսի հանգամանքի հիմք հանդիսանալ: Օրինակ, համաձայն Ուղենիշային ծրագրի հիդրոէներգակայանները (ՀԷԿ) ավելի բարձր ընդլայնման ռեսուրս ունեն, քան արևային ֆոտովոլտիկ (ՖՎ) կայանները, իսկ Ներդրումային ծրագրում ճանաչված էին որպես գերակայություն ՖՎ ու երկրաջերմային էլեկտրակայանները (ԵԷ, վերականգվող էներգետիկայի ոլորտում դրանց բաժնեմասը ամենացածրն է աշխարհում): Ընտրված գերակայությունները ունեն ծախսված միջոցների վերադարձնելիության ամենաբարձր ժամկետները: Ավելին ՎԷԸԾ Ներդրումային ծրագրում, նշվել է, որ երկրում արդյունաբերական ՖՎ և ԵԷ առաջին ծրագրերի կունենան բարձր ծախսեր, մրցունակ չեն լինի էլեկտրաէներգիայի արտադրության ավանդական տեխնոլոգիաների տարբեր եղանակների համեմատ: Այդպիսով առաջարկվում է զարգացնել առաջին արդյունաբերական արևային ՖՎ ծրագրերը աստիճանական սակագնի աճի միջոցով («արևային էներգետիկայի զարգացման նախատեսված է հատկացնել $ 26 մլն, 1 կՎտ.ժամը կարժենա մոտ $ 0,16-0,20 կվտ/ժամ և 5-6 տարում ծրագրի ամբողջական իրականացումից հետո սպասվում է, որ արևային էներգիայի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կարող է կազմել համախառն էլեկտրոէներգիայի արտադրության մինչև 8 %: Ուստի, այդպիսի վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների զարգացումը կարող է էլեկտրոէներգիան անմատչելի դարձնել սպառողների համար, եթե նախատեսվող զարգացումների լրիվ ծախսերը փոխանցվեն սպառողներին:
Մյուս կողմից համաձայն Ներդրումային ծրագրի ստացված դրամաշնորհի պայմանների չէր խրախուսվում սարքավորումների արտադրությունը Հայաստանում և դրանք պետք է գնվեն դրսից: Ավելի կարևոր հանգամանքը այն էր, որ դրամաշնորհով աշխատանքները ավարտելուց հետո ՀԲ վարկ է հատկացնելու ՖԷ արտադրություն մասնաբաժինը մինչև 8 % էլեկտրոէներգիայի ընդհանուր ծավալի մեջ ավելացնելու համար և այդ վարկի վերադարձելիությունը նախատեսում է 40 տարի: Ակնհայտ էր, որ վարկերի այդպիսի վերադարձելիության ժամկետը գրավիչ չի լինելու վարկ ստացողի և ՀԲ համար, ինչի պատճառով հնարավոր էր, որ հետագայում սակագինը 2-3 անգամ բարձրացվի: Չկային ապացույցներ, որ առանց զարգացած պետությունների դրամաշնորհային հետագա աջակցության ՖՎ ներդրումը կարող է կարճ ժամանակահատվածում դառնալ շահավետ, առանց ճնշող ընդհանուր սակագնի բարձրացման: Այսինքն, ընդունելի է, որ դրամաշնորհային միջոցներով կառուցվեն ցուցադրական արևային ՖՎ կայաններ, բայց նրանց հզորությունների ավելացումը վարկային միջոցներով ժամանակավրեպ է, քանզի նպաստելու է ոչ արդյունավետ ընդհանուր էլեկտրոէներգիայի սակագնի զգալի բարձրացմանը, հարուցելով բնակչության կյանքի որակի ու տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության նվազում:
Հայաստանը տեղակայված ԵԷ չունի: Ներդրումային ծրագրում նշված է, որ մակերևույթին չկան բարձր ջերմաստիճանային երկրաջերմային տարածքի համար բնութագրիչ նշաններ, սակայն շատ ցածր դիմադրության անոմալիաների առկայությունը 500-1000 մ խորությամբ շերտում հուշում է հնարավոր բարձր ջերմաստիճանի հիդրոջերմային ալտերացիայի ու ռեսուրսի իրական բնույթը, բարձր, ցածր կամ միջին ջերմաստիճանի և նրա ներուժը էլեկտրաէներգիա արտադրելու համար կարող է հաստատվել հետախուզական հորատման միջոցով: Իհարկե ներդրումային ծրագրերում չի կարելի ղեկավարվել հուշումներով: ԵԷ մասով ծրագրում 2013 թ. նշված է, որ շահավետ արտադրության համար hողմային կայաններին 2 ընկերություններ պահանջում են սակագինը բարձրացնել: Ավելին, լսումներում պարզվեց, որ երկրաջերմային ռեսուրսի հաստատման համար պահանջվում է միայն $ 3 մլն., այլ ոչ թե $ 9 մլն, ինչպես նշված է Ներդրումային ծրագրում: Հարց ծագեց, իսկ եթե այդ մեծածավալ ներդրումներով պարզվի, որ այդ փոքր ընդլայնման ներուժ ունեցող ռեսուրսը կենսունակ չէ ու չի կարող դառնալ էլեկտրականության մատչելի աղբյուր Հայաստանի էներգետիկ ոլորտի համար: Այդ իսկ պատճառով այն նախկինում չէր ներգրավվել Ուղենիշային ծրագրում: Ներդրումային ծրագրում նաև նշված է, որ առկա են ԵԷ մեծ բնապահպանական ռիսկեր – երկրաջերմային հորի փորման աշխատանքների և առնչվող ենթակառուցվածքների և հաղորդման ցանցերի տեղակայման հետևանքով տեղայնացված երկրաբանական վնասների ներուժ, շինարարության փուլում կլինեն արտանետումներ՝ նյութերի տեղափոխման և շինհրապարակում տեղի ունեցող տեղաշարժերի հետևանքով (օրինակ, արտանետումներ տրանսպորտային միջոցներից, մասնիկավոր նյութեր և փոշի), իսկ շահագործման ընթացքում` հողի նստում (ապարների սեղմում-խտացում՝ ստորգետնյա ջրերի հեռացման հետևանքով), միկրոսեյսմիկ ակտիվության բարձրացում տեղական տարածքի մոտակայքում, այդ թվում սողանքների ռիսկի մեծացում՝ երկրաջերմային հորերի փորման և առնչվող ենթակառուցվածքների և հաղորդման ցանցերի տեղակայման հետևանքով և այլն: Ներդրումային ծրագրի տարբերակում ներկայցված է պարզաբանում, որ «սպասվում է բնական գազի ներմուծման գնի աճ ավելի քան 50 % հաջորդ 12 տարիների ընթացքում՝ կախված Ռուսաստանում գազի ներքին գների աճից և ԱՄՆ դոլարի գնաճից, որից կախված է գազի գինը Հայաստանի սահմանին: Բայց հետծրագրային ժամանակում գազի գինը երկու անգամ իջեցվել էր:
Ենթահանձնաժողովը նշեց, որ մշակած Ներդրումային ծրագիրը հիմնավորված հիմնականում ենթադրություններով ու չհետազոտված ներուժով, ինչը հակասում է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքի հոդված 13-ի պահանջներին, ապացուցված չէր ընտրված գերակայությունների տնտեսական նպատակահարմարությունը այլ վերականգվող ռեսուրսների համեմատ: Բացակայում էր ծրագրերի ֆինանսական ակտիվության հիմնական գործակիցների որոշումը, ճանաչվում էր ՖՎ վաճառքի գների փաստացի անմատչելիություն հանրության համար ու չէր անցկացվել սոցիալական ազդեցության գնահատումը: Համաձայն ՀՀ Նախագահի 2013թ. ՆԿ-182-Ն կարգադրության` հաստատված ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը նպատակաուղղված է ապահովելու հանրապետության էներգետիկ անվտանգությունը` ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը ձգտում է կայուն զարգացման միջոցով բնակչության համար ապահովել կյանքի բարձր որակ և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ:
Այսպիսով, ենթահանձնաժողովը առաջարկել էր հետևյալը՝ 1) ՀԲ Եվրոպա և Կենտրոնական Ասիա բաժանմունքի Ծրագրային փաստաթղթի պահանջների համաձայն լրացնել ու ներդրումային ծրագրում ներառել փաստացի ցուցանիշների համեմատական մեծություններ (break point, RoE, RoA և այլ, life cycle analysis) տարբեր քննվող ուղղությունների համար համապատասխան Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքի հոդված 13-ի պահանջների և ծրագիրը կազմել միջազգային կանոնների համապատասխան, քանզի առանց այդպիսի վերլուծություն կատարելու գերակայությունների ընտրությունը հիմնավորված չեն 2) անհրաժեշտության դեպքում, հիմնվելով հանրության եկամուտների, գերակայությունների ծախսաարդյունավետության, շուկայի հասունության (այդ թվում հանրության և արտադրության զարգացման համար սակագների մատչելիությունը), ինչպես նաև ընդլայնման ու արտահանման, բնապահպանական փաստացի ցուցանիշների հիմքով կատարել ռեսուրսների գերակայությունների փոփոխություններ: Այստեղ պետք է նշել, որ տվյալ դեպքում չի կատարվել ՀՀ նախկին վարչապետ Տ.Սարգսյանի պահանջը 2010թ., որ ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է առավելագույնս մանրամասն ուսումնասիրի արտաբյուջետային հայտերը, որոշի, թե դրանք որքանով են համապատասխանում գերատեսչությունների ծրագրերին և պետության շահերին ու ավելի պահանջկոտ և խիստ լինի:
Այսպիսով, չնայած վերջին տարիները էներգետիկ ռազմավարությունը դարձել էր ավելի իրատեսական, նորանշակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի դեմ, շախմատի լեզվով ասած, պետք է մշակվեն կոմբինացիաներ` դուրս հանելու Հայաստանի էներգետիկ համակարգը համարյա մատային դրությունից` նվազեցնելով սակագնային քաղաքականության բացասական ազդեցությունը և նպաստելով երկրի մյուս ոլորտների շուկաներում մրցակցության ավելացմանը: Փորձը ցույց տալիս, որ երկրում էներգետիկ հզորությունները աճում էին, երբ զարգանում էր արդյունաբերությունը, նպաստելով սպառման ծավալների և բնակչության գնողունակության բարձրացման:
Բնական պաշարներ: Ներկայումս ՀՀ-ում գործում է օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված 494 թույլտվություն, որից մետաղական օգտակար հանածոների՝ 29, ոչ մետաղական օգտակար հանածոների՝ 439, հանքային ջրերի՝ 26: 2015թ. ոլորտի բյուջետային մուտքերը կազմել են` ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճար՝ 0,342 մլն դրամ, մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող բնօգտագործման վճար (ռոյալթի)՝ 21,1 մլրդ դրամ, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող բնօգտագործման վճար՝ 991,4 մլն դրամ, ընդերքօգտագործման թույլտվությունների համար վճարված պետական տուրք՝ 517,6 մլն դրամ: Հանքագործական արդյունաբերության ոլորտը քիչ աշխատատեղ է ապահովում՝ մոտ 8000:
Նախկին վարչապետ Հ. Բագրատյանը 2016 թ. մարտին հայտնել էր, որ «հանքարդյունաբերությունը գտնվում է օֆշորային ընկերությունների փաստացի վերահսկողության ներքո, ինչի հետևանքով հսկայական գումարներ չեն մտնում պետբյուջե և այս վիճակը չի շտկվում, քանի որ Հայաստանի ղեկավարությունն անմիջականորեն այդ բիզնեսների հետևում է կանգնած կամ փայատեր է։ Պետությունը ավելի շատ արդյունահանելով աճ ապահովելու հնարավորություն ունի, բայց 2015 թ. հանքարդյունաբերության նման շեշտակի աճը (68 %, համարյա կրկնապատիկ) բերում է տնտեսություն մեջ այդ ճյուղի տեսակարար կշռի ավելացմանը: Օֆշորային ընկերությունների սցենարով պղինձը արտահանվում է, ասենք՝ տոննան $ 2000, վաճառվում $ 4-4.5 հազար, սակայն պետությունը բոլոր տեսակի հարկերը, շահույթը, ռոյալթին հաշվում է $ 2000: Հ. Բագրատյանը պարզաբանեց՝ անգամ փորձել են համապատասխան օրինագիծ անցկացնել եղած վիճակը շտկելու համար «Չընդունեցին, ասացին՝ կլինի օրենք տրանսֆերտային գնագոյացման մասին: Այդ օրենքը մինչև հիմա չկա, արդեն 3 տարի: Այսինքն՝ էդ 2.5 հազարն անցնում է ընկերության արտասահմանյան հաշիվներին, չի հարկվում»:
Իրականում խնդիրը վերաբերում է ոչ միայն կիրառվող օֆշորային մոդելի, այլև արտասահմանյան ընկերությանը շուկայականից ավելի ցածր գնով արտադրանքի էքսկլյուզիվ վաճառքին և հետագայում ավելի բարձր գնով վերավաճառքին:
Միաժամանակ Հ. Բագրատյանը հայտնեց, որ խորհրդային տարիներին Հայաստանում տարեկան առավելագույնը արդյունահանվել է մոտ 8 միլիոն տոննա հանքանյութ: Ներկայումս այդ թիվը հասնում է մինչև 30 միլիոն տոննայի. «Պարզապես էքսկավատորները վերցրել են ու հարձակվել բնության վրա՝ բնապահպանական մեծ խնդիրներ ստեղծելով: Հայաստանի կառավարությունները գիտակցում են այդ խնդիրը, քանզի ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում (ՀԶՌ (ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի N 442-Ն որոշում)) նշվում է, որ ներկայումս կիրառվող բնօգտագործման և բնապահպանական վճարների փոխհատուցման գումարները զիջում են փաստացի պատճառվող վնասին ավելի քան 32-40 անգամ (հեղ.- փաստացի այդ կատարվում է այն հանգամանքում, երբ միջազգային հանրությունը ռեսուրսների կառավարման ոլորտում անցում է կատարում դեպի շրջանաձև էկոնոմիկայի՝ հրաժարվելով գծային էկոնոմիկայի մոդելից):
Այժմ շրջակա միջավայրի պաշտպանությունն ունի երեք հիմնական նպատակ` 1. բնական պաշարների ճիշտ կառավարում, 2. շրջակա միջավայրի պաշտպանություն աղտոտումից ու 3. հազվագյուտ, յուրահատուկ կամ տիպիկ օբյեկտների պահպանություն բնական վիճակում: Կանխատեսման համաձայն պաշարները երկաթի, մանգանի, ֆոսֆատի և քրոմի հանքավայրերում կբավարարեն պահանջարկը ևս 100 – 300 տարի, իսկ Ni, Co, N, Mo, Cu, Pb, Zn, Sn հանքավայրերում՝ զգալիորեն ավելի քիչ՝ 30-60 տարի: Հայաստանում պղինձ և մոլիբդեն են կորզում ընդամենը 65 %, մնացածը տարածվում է բնության մեջ, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում կորզումը 90 % է կազմում։ Հանքարդյունաբերության գործունեության հետևանքով ծանր մետաղներով հատկապես աղտոտվում են Ախթալա, Ողջի, Արծվանիկ, Գեղի և Կարճևան գետերը, որտեղ ջրի որակը հիմնականում «վատ» է: Այսօր արդեն Հայաստանում կան մի շարք չշահագործվող հանքեր, որոնք չեն կոնսերվացվել պատշաճ կերպով ու աղտոտում են շրջակա միջավայրը: Կան նաև պոչամբարները, որոնք չէին կառուցվել միջազգային չափանիշների համապատասխան և դարձան աղտոտման պատճառ: Միայն 2015 թ. ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ֆինանսական նախադրյալներ են ստեղծվում ՀՀ ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար:
Միաժամանակ 2014 թ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի ու բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների կատարման համար մուտքագրվել էր համապատասխանաբար 441,6 ու 42,3 մլն դրամ, իսկ 2015 թ. այդ տարեվերջյան տվյալներով նրանց հաշվարկված գումարների չափը կազմում էր համապատասխանաբար 902,1 ու 44.4 մլն դրամ, բայց մուտքագրվել է ընդամենը համապատասխանաբար 18,2 ու 2.1 մլն դրամ: Ընթերցելով ՀՀ բնապահպանության նախարարության 2015 թ. հաշվետվությունը՝ կարելի է եզրակացնել, որ այն չի կատարում խիստ անհրաժեշտ քայլեր. անցում «կանաչ տնտեսության» , հարկային և ֆինանսական լծակների նպատակային օգտագործում, տնտեսական խթանների ստեղծում՝ նորարական տեխնոլոգիաների կիրառմամբ, անցում ընդերքօգտագործման փակ եղանակին և պոչամբարների առաջացման կանխարգելում, ինչպես նաև համապատասխանեցում գործող ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների էներգաարդյունավետ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտադրություն: 2015 թ. համեմատ 2014 թ. նվազել են նաև բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումները, վարչական տուգանքների քանակն ու գումարը, վնասի հատուցման արձանագրությունների քանակը: Հետևաբար, Հայաստանում արդյունավետ չի կատարվում բնական պաշարների կառավարումն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչը նվազեցնում է ներկա և ապագայի բնակչության կյանքի որակը: Զգալի վնաս է հասցվում և ՀՀ պետբյուջեին, քանզի համաձայն կառավարության ՀԶՌ ծրագրի անհրաժեշտ է բնապահպանական և բնօգտագործման վճարների բարձրացում, որը մի կողմից հնարավորություն կտա բարձրացնելու բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, իսկ մյուս կողմից` լրացուցիչ եկամուտներ ապահովելու պետական բյուջեի համար: Այսինքն, մենք չունենք բնապահպանության արդյունավետ գործող նախարար:
Նաիրիտ: Կառավարությունը դիմել էր ՀԲ-ին «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական և ֆինանսական կենսունակությունը գնահատելու խնդրանքով, որի համար այն հատկացրեցին ավելի քան $ 110 հազ. դրամաշնորհային միջոցներ միջազգային ճանաչում ունեցող Ջեյքոբս Քոնսալթենսի ընկերությանը (Jacobs Consultancy Ltd)։ Նրա կողմից կատարվեց գլոբալ շուկայի ուսումնասիրման հիման վրա «Նաիրիտ»-ի նախկինում արտադրած ապրանքների մասով արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության և կենսունակության գնահատում, հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը և ուժեղ ու թույլ կողմերը ռիսկերի վերլուծություն, իսկ «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրությունը թողնվել էր ապագային: Պետք է նշել, որ այդ ընկերությունը «Ռոսնեֆտի» պատվերով 2013 թ. արդեն անցկացրել է «Նաիրիտ»-ում քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական և շրջակա միջավայրի վրա ազդեցության աուդիտ: Վերջին փորձագիտության արդյունքում եկել են հետևյալ եզրակացությունների. «Նաիրիտ» գործարանը ծանր բեռ է կառավարության համար և շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները: Ընկերության 90%-ը վաճառվել է Rhinoville Property Limited-ին, սակայն սեփականատերը 2010 թ. հեռացել է՝ ընկերությունը ծանրաբեռնելով 90 մլրդ ՀՀ դրամ ($ 188 մլն) պարտքով: Գործարանի ընդհանուր պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ ՀՀ դրամը ($ 250 մլն), որի մեջ է մտնում ԱՊՀ Միջպետական բանկի չմարված, պետական երաշխիքով ապահովված վարկը 51 մլրդ ՀՀ դրամ ($ 108 մլն): Վերջին ժամանակահատվածում ընկերությունը որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերի կատարման համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին: Ընկերությունն ունի նաև 31 մլրդ ՀՀ դրամի (65 մլն ԱՄՆ $) չափով կրեդիտորական պարտքեր, որոնց ամենամեծ հոդվածներն են աշխատավարձերը և Երևանի ՋԷԿ-ից ստացված էներգիան (գոլորշի):
Ներկայումս «Նաիրիտը» չի կարող գոլորշի ստանալ Երևանի ՋԷԿ-ից և պետք է տեղադրի նոր կաթսայատուն: Պահանջվող ներդրումների կատարման և $ 277 հազ. խմ գազի ներկա գնի պարագայում գոլորշու արժեքը լինելու է բավական բարձր: Եթե այս վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների վրա` տարեկան շուրջ 2-3 մլրդ ՀՀ դրամի չափով ($ 4-6 մլն) աշխատավարձերի վճարման և գործարանի պահպանության համար ծախսերի պատճառով: Հիմնական միջոցների ընթացիկ հաշվեկշռային արժեքը կազմում է 57 մլրդ ՀՀ դրամ ($ 119 մլն): Սակայն հիմնական միջոցների զգալի մասը նշանակալի մաշվածություն ունի, որը դեռ արտացոլված չէ ֆինանսական հաշվետվություններում: «Նաիրիտի» մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի (ՊՔԿ) կանխատեսվող շուկայական գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ: Այն հաստատվում է և այն փաստով, որ չինական ՊՔԿ արտադրողը «Շանքսի Սինթետիկ Գրուպը», որին «Նաիրիտ»-ը փոխանցեց իր տեխնոլոգիան և սարքավորումները, ունի աշխարհում ամենաբարձր արտադրության ինքնարժեքներից: Եթե նույնիսկ մեկ կամ երկու գլխավոր արտադրող ունենա ավելի բարձր ինքնարժեք, քան «Նաիրիտը», նա չի կարողանա մրցել (ա) գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով, (բ) դեպի գլխավոր շուկաներ հասցնելու հետ կապված տրանսպորտային ծախսի պատճառով, (գ) գործարանը վերագործարկելու համար պահանջվող $ 210-346 մլն չափով կապիտալ ծախսերը վերականգնելու անհրաժեշտության պատճառով, մինչդեռ խոշոր արտահանողներն արդեն վերականգնել են կապիտալ ծախսերը, և Չինաստանում՝ այսօր և ապագայում աշխարհի ամենամեծ շուկաներից մեկում, ներքին շուկան պաշտպանելուն ուղղված առևտրային քաղաքականության պատճառով: Նույնիսկ բութադիենի վրա հիմնված ամենացածր ինքնարժեքով գործընթացի պարագայում «Նաիրիտը» կունենա արտադրության ամենաբարձր ինքնարժեքներից մեկը: «Նաիրիտը» կարող է միայն արտադրանքի մինչև 10%-ը վաճառել Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին:
Արդյունքում Ջեյքոբս Քոնսալթենսի Լտդ եկել է հետևյալ եզրահանգումների. կառավարությունը պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը: Ակտիվների հաշվեկշռային արժեքը վարկերի և կրեդիտորական պարտքերի մնացորդները 50%-ից ցածր են, իսկ դա նշանակում է, որ ընկերության ակտիվները բավարար չեն նրա պարտավորությունները մարելու համար: Մշակել և իրականացնել սոցիալական ազդեցության մեղմման ծրագիր: Կառավարությունը պետք է ապահովի կրճատված աշխատողների ազատման նպաստի վճարումը և տրամադրի աշխատանքի տեղավորման պարտադիր աջակցություն: Կառավարությունը պետք է պատվիրի գործարանի ժառանգություն թողած բնապահպանական խնդիրների խորը գնահատում` դրանք վերացնելու և գործարանը շրջակա միջավայրի համար անվտանգ կերպով շահագործումից հանելու նպատակով:
2015 թ. հուլիսին ՀՀ ԱԺ-ում նախկին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանը հայտարարեց «թե միջազգային փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում առաջացած կարծիքը հիմք չի կառավարության որոշելիքի համար: Մի բան եմ ուզում ասել, որ բոլորի համար պարզ լինի. ՀՀ կառավարության և իշխանությունների դիրքորոշումը ճանապարհներ փնտրելն է՝ գործարանը վերագործարկելու համար: Մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկություն ընդունել, պարտքերով հանդերձ, որ կան՝ 120 մլրդ պարտք, հնարավորություն ստեղծել ներդրողների համար, կատարել համապատասխան ներդրումներ գործարանը վերագործարկելու համար: Պատրաստ ենք քննարկել, վերագործարկել, հենց միայն մեկ պատճառով, որ գործարանի չվերագործարկումը իր հետ բերելու է սարսափելի մեծ ծավալի ծախսեր, որը կառավարությունը պատրաստ չէ իրականացնել: Չթվա տրիկոտաժի, կաթի գործարան է, որ սնանկացման դնեն, ու կտրտեն, այդպես չէ, քիմիական գործարան է և անգամ սնանկացման համար կարևոր գործընթաց է գնում»:
Իսկապես համաձայնվելով ՀՀ նախկին նախարարի «Նաիրիտ»-ը չի կարելի դիտարկել, որպես մետաղի ջարդոնի հանք, չնայած շատ դեպքերում այդ մոտեցումը կիրառվել էր այդ և ուրիշ գործարաններում։ Ճիշտ է նաև, որ գործարանի չվերագործարկումը իր հետ բերելու է մեծ ծավալի ծախսեր: Բայց վերագործարկումը քիչ հավանական է եթե նկատի ունենանք Ջեյքոբս Քոնսալթենսի Լտդ վերլուծությունը: Հանրային խորհուրդը, տիրապետելով «Նաիրիտ»-ի խնդիրներին, դեռևս 2010 թ. նախկին վարչապետ Տ. Սարգսյանին և նախագահական ներկայացրել էր մեր ենթահանձնաժողովի «ՀՀ կայուն տնտեսական զարգացում ու աշխատատեղերի ստեղծում, ՀՀ կառավարության ինովացիոն քաղաքականության արդյունավետությունը և նրա ազդեցությունը տնտեսական զարգացման վրա» խորագրով փորձագիտական եզրակացությունը, որում, առաջարկվում էր՝ «Նաիրիտ»-ում իր պահպանության համար որպես արտադրական կառույց կատարել արտադրության դիվերսիֆիկացում, հիմք ընդունելով նոր ասորտիմենտային քաղաքականությունը և տեղական բարձր տեխնոլոգիաների առևտրացումը։ Այս, մասին նախկին նախարարը կարող էր տեղյակ չլինել, քանի որ նշանակվել էր ավելի ուշ: Եթե այդպիսի գրագետ քաղաքականությանը մշակված լիներ (այդ թվում ուսումնասիրելով ռազմաարդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտների պահանջարկը, ինչպես նաև պահպանելով կաուչուկի արտադրության որոշ ծավալները), ապա մենք կտեսնեինք նրա արդյունքները գործարանի կայուն զարգացման մեջ, ինչը կնպաստեր նրա արտադրական շահութաբերության բարձրացմանը, հետագա զարգացման ռիսկերի նվազմանը:
Անցել է 6 տարի և ՀՀ կառավարությունը անգործություն է ցուցաբերում՝ քաջ գիտակցելով, որ «Նաիրիտ»-ի մարտահրավերները պայմանավորված են նաև նրա մի քանի անարդյունավետ սեփականաշնորհումներով, որոնց հիմնական պատասխանատուն հենց մեր կառավարություններն են: ՀՀ ԱԺ 2014 թ. ստեղծվել էր հանձնաժողով, այդպիսի հանձնաժողովներ ստեղծել էին և նախկինում, որոնք ոչ մի լուծում չեն տվել: Իսկ կարող է ավելի ճիշտ է, ինչպես ամբողջ աշխարհում, հիմք ընդունելով Ջեյքոբս Քոնսալթենսի գնահատականները և ՀՀ հանրային խորհրդի առաջարկությունները, կատարել ուսումնասիրություն ոչ թե «Նաիրիտի» վերագործակման, այլ գործարկման և եթե դրա արդյունքով հնարավոր լինի կազմել գործարար ծրագիր, անցնել գործարանի կապիտալիզացմանը` տարբեր արտադրություններ հիմնելով ու նպաստելով աշխատեղերի ստեղծմանը:
Հոդվածի առաջին մասին, որն անդրադառնում է դատական եւ համատիրության համակարգերին, կարող եք ծանոթանալ այս հասցեով:
Արմեն Բ. Ավագյան