Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոստիկանական «չեմ հիշում» օպերացիան շարունակվում է». Գեւորգ Սաֆարյանը`դատավորին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 13,2016 19:15

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` հուլիսի 13-ին, տեղի ունեցավ ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով հերթական նիստը:

Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ նախորդ նիստում հարցաքննված ոստիկանության ծառայող Վահանգն Ղազարյանի նախաքննական եւ դատարանում ասված ցուցմունքները հակասում են եւ առաջարկեց հրապարակել նախաքննական ցուցմունքը` ընդգծելով, որ վկան մոտ 32 անգամ պատասխանել է` «չեմ հիշում»: Հայրապետյանն արձանագրեց, որ հունվարի մեկի գիշերը Ազատության հրապարակում տոնածառի հանդերձանքով հայտնված քաղաքացու, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու եւ մի շարք այլ մանրամասների առնչությամբ վկան պատասխանել է, որ չի հիշում, սակայն նախաքննական ցուցմունքում այդ հարցերին պատասխաններ տվել է:

gevorg-safaryan_1 gevorg-safaryan_2 gevorg-safaryan_3 gevorg-safaryan_4 gevorg-safaryan_5 gevorg-safaryan_6

Հայրապետյանի միջնորդությունը բավարարվեց: Վահագն Ղազարյանի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո պաշտպանը շարունակեց հարցեր ուղղել նրան, սակայն վերջինիս պարբերաբար պատասխանում էր` «չեմ հիշում»:

Ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը եւս հարցեր տվեց.

-Որտեղի՞ց ենթադրեցիք, որ ես միտումնավոր փորձում էի կռիվ հրահրել:

-Դա իմ անձնական կարծիքն է,-ասաց վկա Ղազարյանը:

Գեւորգ Սաֆարյանը դիմելով դատավորին` հանդես եկավ հայտարարությամբ. «Ինչպես տեսնում ենք, ոստիկանական «չեմ հիշում» օպերացիան շարունակվում է, ոստիկանը երեւի արդեն հիսուն անգամ ասաց, որ «չի հիշում»: Ոստիկաններն ասում են` «տեսանք, որ Գեւորգ Սաֆարյանը հարվածեց», ու էլ բան չեն հիշում: Նախորդ վկան էլ նույն բանն ասեց: Ակնհայտ է, որ վկաներին նախապես ասել են` «դատարանում կասեք, որ տեսել եք, թե ինչպես է Սաֆարյանը հարվածում Գեղամ Խաչատրյանին, մյուս հարցերին կասեք չեմ հիշում»: Վկաները հատուկ ունեն այն ցուցմունքները, որոնք պետք է տան դատարանում»:

Տիգրան Հայրապետյանը եւս հայտարարություն արեց. «Վեց ոստիկանների ցուցմունքները ոչինչ չարժեն: Եթե ճիշտը ասեն, որ իրենք հարվածել են քաղաքացիներին, դառնում են մեղադրյալ, իսկ մեղադրյալը կարող է ճիշտ ցուցմունք չտալ»: Մեղադրող կողմը պաշտպանի եւ Սաֆարյանի փաստարկներն առարկայազուրկ որակեց:

Դատավորն առաջարկեց խնդրին անդրադառնալ դատական վիճաբանությունների փուլում: Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 15-ին, ժամը 12:00-ին: Ի դեպ, նիստերի դահլիճում ներկա կանայք պարբերաբար տեղից խոսում էին, դատավորն էլ բավականին համբերատար` հորդորում էր չմիջամտել եւ չփորձել իրեն «օգնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031