Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը

Հուլիս 13,2016 18:25

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի համար նախատեսված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանին:

Ցերեկույթն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցներին ու հյուրերին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Նա տեղեկացրեց, որ սույն մրցանակը հաստավել է Նորին Սրբության օրհնությամբ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ստեղծված խորհրդի որոշմամբ էլ այս տարի այն հանձնվելու է հայազգի ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռ. Բալայանին: Գևորգ Սրբազանն առ ի գիտություն ասաց, որ մրցանակը շնորհվում է 2012 թ.-ից սկսյալ, ուստի Ռ. Բալայանը հանդիսանում  է «Եղիցի լույս» մրցանակի հինգերորդ դափնեկիրը:

Այնուհետև խոսք ասաց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նա, ներկայացնելով Ռոման Բալայանի  վաստակը, նշեց, որ շատ դժվար է լինել մեծ արվեստագետ, մեծ հայ և մեծ մարդ ինչպիսին մեծարյալն է : Անդրադառնալով նրա կողմից ստեղծված ֆիլմերին` տիար Հ. Խաչատրյանը փաստեց, որ դրանց ազդեցության ներքո սերունդներ են կրթվել ու դաստիարակվել : Իր որդիական շնորհակալությունը հայտնելով Նորին Սրբությանը` «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրենն ընդգծեց փառատոնին բերվող կարևոր զորակցությունը :

Օրվա կապակցությամբ իր հերթին Ռոման Բալայանի կյանքին ու գործունեությանն անդրադարձավ նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Դիմելով ներկաներին ու մեծարյալին` Նաթան Սրբազանն ասաց, որ իր համար մեծագույն պատիվ է Մայր Աթոռում ողջունելու բոլորի  ներկայությունը և կիսելու այն ուրախությունը, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակը գտավ իր հերթական հասցեատիրոջը: Խոսելով Հայ Եկեղեցու և մեծարյալի արվեստի միջև առկա կապի մասին` Սրբազան Հայրը փաստեց` այն բարձր բարոյական լույսը, որ բխում է նրա արվեստից, արդեն արժանի է դարձնում այս մրցանակին: Սրբազանը, իր գնահատանքը փոխանցելով նրա արվեստին, ասաց, որ վերջինիս ֆիլմերում վերելքներ ու թռիչքներ կան, որոնք խորհրդանշում են մարդու թռիչքը դեպի բարոյականը, դեպի լույսը:

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընթերցեց «Եղիցի լույս» մրցանակի հայրապետական վկայագիրը, որով հաստատվում է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը 2016 թ. շնորհվում է հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ, կինոռեժիսոր Ռոման Բալայանին:

Հավարտ վկայագրի ընթերցման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ Սրբազանը կինոռեժիսորին հանձնեց «Եղիցի լույս» մրցանակը:

Այն ստանալուց հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ մրցանակակիրը` մասնավորապես նշելով. «Ինձ համար մեծագույն պատիվ է այս սուրբ վայրում արժանանալ մրցանակի: Մինչև այստեղ ժամանելը, ես այդքան խորը չէի զգում այդ ամենը: Շնորհակալ եմ և շոյված»:

Վերջում երաժշտական կատարումներով հանդես եկավ «Էջմիածին» երգչախումբը` ղեկավարությամբ բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի:

Ցերեկույթը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031