Հուլիսի 13-ին «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքի «Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի անդամներն այցելեցին Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ (ANEL) և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն (MIC):
Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ երիտասարդական հավաքի մասնակիցները շրջեցին գրաֆիկական ծրագրավորման, նյութերի դիմադրության, էլեկտրոնիկայի, ուժային էլեկտրոնիկայի, էլեկտրական մեքենաների, էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, չափումների, ռոբոտաշինության, միկրոկարգավորիչների, կապի համակարգիչների, հեռահաղորդակցման, մեխանիկամեքենագիտության, կառավարման համակարգերի գիտահետազոտական լաբորատորիաներում, ծանոթացան կազմակերպության հաջողություններին և առաջիկա ծրագրերին:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում երիտասարդներին ողջունեց տնօրեն Արտաշես Վարդանյանը: Նա հանգամանորեն ծանոթացրեց կենտրոնի աշխատանքներին, մթնոլորտին, հեռանկարներին: Արտաշես Վարդանյանը նշեց, որ IT ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է, և իրենց կենտրոնն էլ ապագային միտված շատ նոր ինովացիոն ծրագրեր ու մեկնարկային նախաձեռնություններ ունի»: Հանդիպման վերջում նա սիրով պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին: Ծավալվեց աշխույժ, արդյունավետ քննարկում:
Տեսաշարով ներկայացվեցին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Իկուլբատոր ձեռնարկությունների հիմնումը և նոր նախագծերը (Star-ups):
Կարդացեք նաև
ՀՀ Սփյուռքի նախարարություն