Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ վերջին օրերին տեղացած հորդ անձրեւներից գոյացած սելավները ավերել են գյուղի համայնքային նշանակության բոլոր ճանապարհները: Դրանց ընդհանուր երկարությունը 22 կմ է: Նախկինում գյուղապետարանը այդ ճանապարհները նորոգել, խճապատել է:
Գյուղապետն ասաց, որ միայն միջպետական ճանապարհից մինչեւ գյուղապետարան տանող ասֆալտապատ ճանապարհն է երթեւեկելի, իսկ համայնքի տարածքում երթեւեկելու համար բնակիչներին «Նիվա» է հարկավոր:
Խաշթառակի տարածքը թեք է, անձրեւներից առաջացած սելավները մեծ վնաս են պատճառում: Վիրաբյանը հայտնեց, որ ինքը վերջերս 2 անգամ հորդ անձեւի տակ կանգնած՝ սելավատարների մաքրման աշխատանք է ղեկավարել, որպեսզի տարերքի վնասներն ավելի մեծ չլինեն: Նա ասաց, որ համայնքային նշանակության ճանապարհները վերականգնելու համար համայնքը միջոցներ չունի, ինքը մտադիր է աջակցության համար դիմել Տավուշի մարզպետարան:
Հավելենք, որ Խաշթառակում նկարահանվել է հայկական երեք տասնյակ գեղարվեստական կինոնկար, գյուղը հումորով կոչում են «Հայկական Հոլիվուդ» :
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ