Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի` «Հայաստանի շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի չորրորդ նիստը շարունակվեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան գրասենյակում: «Հայաստանի շահերի պաշտպանությունն արտերկրում» թեմայով նիստը վարում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Հայկական շահերի պաշտպանությունն ԱՄՆ-ում» թեմայով հանդես եկավ Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նա խոսեց Հայաստանի և Արցախի մասին արդյունավետ քարոզչություն մշակելու, կազմակերպելու, կարճ, բայց համապարփակ տեղեկատվական նյութեր պատրաստելու և ԱՄՆ կոնգրեսականներին դրանք հասցեական ներկայացնելու անհրաժեշտության մասին: «Այսօր համայն Սփյուռքի ուշադրության կենտրոնում Արցախի հարցն է, և յուրաքանչյուր սփյուռքահայ մտածում է՝ ինչպե՞ս օգնել Ղարաբաղին: Ես պնդում եմ, որ յուրաքանչյուր հայ նախ պետք է այցելի Արցախ և Հայաստան, սեփական աչքերով տեսնի խնդիրներն ու կարիքները, ապա միայն իր օգնությունը բերի Հայրենիքին», – նշեց նա:
Այնուհետև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետօ Տեմիրճյանը հանդես եկավ «Եվրոպայում հայկական հարցերի վերաբերյալ արդյունավետ քաղաքականություն և որոշումների ընդունում» զեկույցով: Բանախոսը միացավ Արփի Վարդանյանի՝ Հայաստանն ու Արցախը նախ և առաջ անձամբ տեսնելու և օտար երկրների կառավարություններում, սենատներում հայկական հարցը ճիշտ լույսի ներքո բարձրացնելու, քարոզելու կարծիքին: Նա խոսեց Եվրոպայի հայկական համայնքներում տարվող լոբբիստական աշխատանքների և գրանցված արդյունքների մասին:
Պետօ Տեմիրճյանը նշեց, որ Եվրոպայում գործող հայկական կազմակերպություններից ոմանք սկսել են համագործակցել և համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում այդ համագործակցությունն իր պտուղները կտա:
ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլաս Տավիտյանը խոսեց «Արդյունքների քաղաքականության և այն մասին, թե ինչ կարող է Եվրոպան անել հայերի և Հայաստանի համար» թեմայով:
Նա նշեց, որ ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ուշադրության կենտրոնում են մասնավորապես Եվրոպա-Հայաստան տնտեսական կապերի խթանմանը, Հայաստանին և Արցախին հնարավորինս արդյունավետ օգնելուն, Եվրոպայում հայկական մշակութային արժեքների պահպանությունը կազմակերպելուն, Հայոց ցեղասպանության և Արցախյան հիմնահարցի լոբբինգի վերաբերյալ խնդիրները:
«Հայկական շահերի պաշտպանությունը Ռուսաստանում» զեկույցով հանդես եկավ «Եվրասիական մեդիա գրուպ» ընկերության նախագահ Վարդան Տողանյանը: Նա նույնպես շեշտը դրեց Հայաստանի և ողջ հայության կողմից հայկական ուղերձների ճշգրտման և ձևակերպման վրա: «Շատ կարևոր է գործի ընթացքը արդյունքի հետ չխառնելը: Այն, որ տպագրվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ գրքեր, գործընթացն է, իսկ ո՞րն է արդյունքը: Կարծում եմ՝ ճիշտ նկատեց Արփի Վարդանյանը, որ հաստափոր գրականությունը օտար պետությունների ղեկավարներին և հասարակությանը հետաքրքիր չեն: Նրանց համար ավելի հասանելի և ընդունելի են Հայաստանի և Արցախի մասին պատմող փոքրիկ տեղեկատվական թերթիկները»:
Նիստավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը նշեց, որ համահայկական օրակարգում Արցախի հիմնահարցը պետք է առաջին տեղում լինի: «Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բանախոսներին՝ իրենց երկրներում Հայ Դատի և բազմաթիվ այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնելու, խնդիրները բարձրացնելու համար: Իհարկե, քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել Արցախը՝ որպես անկախ պետություն, մենք պետք է գործի դնենք բոլոր հնարավոր լծակները՝ հարցն արդյունավետ բարձրացնելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Այդ լծակներից են ԱՄՆ մի քանի քաղաքների կողմից ԼՂՀ ճանաչումը, եվրոպական և Արցախի մի շարք քաղաքների քույրացումը, տարբեր երկրների և Արցախի խորհրդարանական ձևաչափերով հանդիպումները, ԱՄՆ մի քանի ծրագրերին՝ Արցախը՝ որպես կողմ ներգրավելը»:
Եզրափակելով խոսքը՝ Բեքարյանը նշեց. «Երկու բանաձևում կարելի տալ մեր ծավալած գործունեությանը՝ առաջին՝ հավատալ մեր գործի ճշմարտացիությանը, աշխատել այդ ուղղությամբ և երկրորդ՝ աշխատել միասնաբար, քանի որ այդ դեպքում հաղթանակը մերը կլինի»:
Հանդիպման ավարտին հավաքի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել բանախոսներին և ստանալ սպառիչ պատասխաններ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ