Սկսվել է ամառային զորակոչը, և 18-ը լրացած շատ տղաներ պատրաստ են դառնալու հայրենիքի զինվոր: Քաշաթաղի զինկոմիսարիատից արդեն երկրորդ անգամ շրջանի տարբեր համայնքներից նորակոչիկներ մեկնեցին բանակ: Ինչպես անցած տարիներին, այս անգամ ևս զորակոչն ընթանում է կազմակերպված: Բոլոր տղաները, որ ստացել են ծանուցագիր, ժամանակին ներկայացել և այժմ համալրել են Հայոց բանակի շարքերը:
Շրջանում առաջին զորակոչը կայացավ հուլիսի 4-ին, երկրորդը՝ 1 շաբաթ անց: Զինկոմիսարիատում զրուցեցի զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանի և տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանի հետ: Տեղեկացրեցին, որ զորակոչն ընթանում է նորմալ հունով, խուսափողներ չկան. նախօրոք բոլոր տղաները շրջանային բժշկական հանձնաժողովի կողմից հետազոտվել են, որոշները՝ նաև Ստեփանակերտում: Առողջական խնդիրներ ունեցողները բուժվել են: Մեկնելու օրերին ևս բոլոր նորակոչիկները շրջանային բուժմիավորումում ենթարկվում են սոնոգրաֆիկ բուժզննման:
Զինկոմն ու տեղակալը նշեցին նաև, որ կար մտահոգություն՝ ապրիլյան պատերազմական իրադարձությունները բացասական ազդեցություն կունենան զորակոչի վրա, սակայն նկատվում է հակառակ երևույթ: Բոլոր տղաները, նրանց ծնողները հոգեբանորեն պատրաստ են: Օրինակ՝ Ներքին Սուս համայնքից նորակոչիկ Արտաշես Լևոնյանը վերջերս հիվանդ էր, ուներ ջերմություն, և որոշվել էր հետաձգել նրա մեկնումը, սակայն զորակոչի օրը նա հոր՝ Մհեր Լևանյանի հետ ներկայացել է և պատրաստ էր բանակ մեկնելու: Քաշաթաղի շրջանում զորակոչիկներն ու նրանց ծնողները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ, զորակոչից խուսափող գրեթե չի եղել: Այդ վկայում են նաև հանրապետական զինկոմիսարիատում:
-Իհարկե, սա նաև մեր աշխատանքի արդյունքն է, -ասաց Կ. Ալավերդյանը,- բայց մեծ է մեր ժողովրդի պատասխանատվությունը հայրենիքը պաշտպանելու հարցում, և պատահական չէ, որ ապրիլյան օրերին հազարից ավելի կամավորներ մեկնեցին առաջնագիծ և մինչև հրադադարի հայտարարումն այնտեղ էին:
Կարդացեք նաև
Մինչ հանրապետական հավաքակայան մեկնելը՝ զինկոմիսարիատում վերջնականապես ստուգվեցին տղաների բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, զինկոմն ու տեղակալը զրուցեցին նորակոչիկների, նրանց ծնողների հետ: Ճշտվեցին տղաների ֆիզիկական վիճակը, ընտանիքի սոցիալական կարգը:
Վերջին մի քանի տարիներին նորակոչիկների ծնողները լրացնում էին Պաշտպանության բանակի կողմից 4 հարցերից կազմված հատուկ թերթիկ: Այս զորակոչի ժամանակ նման հարցաթերթիկ լրացնում են նաև նորակոչիկները՝ պատասխանելով 5 հարցի: «Հոգեբանորեն պատրա՞ստ եք անհրաժեշտության դեպքում մասնակցելու մարտական գործողությունների» հարցին պատասխանը բոլորի մոտ նույնն է. «Այո, ոչնչից չեմ վախենում»: Իսկ զինվորական ծառայությունից խուսափողների վերաբերյալ թե՛ ծնողների, և թե՛ նորոկոչիկների պատասխանն է՝ հայրենիքի դավաճան են:
Փաստաթղթերի վերջնական կազմումից և զրույցից հետո նորակոչիկները զինկոմիսարիատի միջանցքում շարվեցին և ունկնդիր եղան զինկոմի խորհուրդներին: Կարևորվեց այն, որ այսուհետ իրենք են մեր երկրի պաշտպանը, ժողովրդի ապավենը, հույսն ու հավատը: Զինկոմն ու տեղակալը խորհուրդ տվեցին՝ լինել կարգապահ, ենթարկվել հրամաններին: Չբացառվեց, որ սահմանում, թշնամին կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել. Ոստի մարտական հենակետում պետք է միշտ աչալուրջ ու զգոն լինել, դիմակայելուն պատրաստ:
Ընդունված սովորության համաձայն՝ մեկնելուց առաջ նորակոչիկները ծնողների, հարազատների, ընկերների, զինկոմիսարիատի աշխատակիցների ուղեկցությամբ այցելում են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմ վառում:
Զրուցեցինք նորակոչիկների, նրանց ծնողների հետ: Հարություն Վարդանի Միքայելյանը և Նարեկ Սարգսի Ասլանյանը Ներքին Սուս համայնքի բնակիչներ են, իսկ Վահե Հրահատի Սայադյանը՝ Ծաղկաբերդի: Տղաները բարձր տրամադրությամբ էին մեկնում, գիտակցում իրենց դերը և պատրաստ են պաշտպանել հայրենիքը: Նորակոչիկների հայրերը նույնպես ոգևորված են, ուրախ, որ զինվորացու որդիներ ունեն ու Հայոց բանակ են ճամփում: Ապրիլյան պատերազմական իրադարձությունների օրերին նրանք ևս սահմանում էին և օրեր շարունակ մարտական հենակետերում երկրի սահմանն էին պաշտպանում: Ահա եկել է ժամը, որ իրենց տղաները կատարեն այդ սուրբ պարտականությունը:
Եկեղեցու Սուրբ կամարների տակ բազում մոմեր վառվեցին, Հոգևոր հայրը Տերունական աղոթքով դիմեց առ Աստված, որ սատարի հայ զինվորին, օրհնեց նորակոչիկներին և մաղթեց անփորձանք ծառայություն: Բոլորն Աստծուց աշխարհին խաղաղություն հայցեցին, նորակոչիկներին բարի ճանապարհ և վերադարձ:
Զոհրաբ Ըռքոյան