«Ֆինանսների նախարարությունը խնդիր ունի կատարելու իր մուտքագրումը պետբյուջե»,-հուլիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, հաշվապահ Մանե Թանդիլյանը:
Հիշեցնենք՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 7-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կասեցնելու մասին: Նա հանձնարարել է էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական ապահովության ու ֆինանսների նախարարություններին՝ սոցփաթեթների հանգստի բաղադրիչները վերամշակել այնպես, որ նվազագույնի հասցվի չարաշահումների հնարավորությունը:
Մանե Թանդիլյանն ասաց, որ ուսումնասիրել է, թե ինչ վիճակում է պետական բյուջեն եւ բախվել է իրականությանը, որ այս տարի հարկային մուտքերի թերհավաքագրում է տեղի ունեցել. «Իրականում, 2015 թվականի ընթացքում խոստացված գումարի չափով, որ պետք է մուտք լիներ պետական բյուջե մոտավորապես 75 միլիարդի չափով թերհավաքագրում է տեղի ունեցել: Ես շատ արագ հաշվարկեցի՝ մոտավորապես ինչ ծախսեր է իրենից ենթադրում 1 տարվա ընթացքում 152 հազար պետական աշխատողին մոտ 72 հազարական դրամ հատկացնել, տարեկան կտրվածքով մոտավորապես 11 միլիարդ է:
Դա թերհավաքագրված գումարի 15 տոկոսն է, այսինքն՝ մի քանի նման խնայողություն եւ մեր բյուջեն նորից իր տեսքին է, նորից այդ հարաբերակցությունները ՀՆԱ-ի հետ լավ տեսք ունեն, եւ նորից մենք վարկունակ ենք եւ կարող ենք վերցնել վարկեր, կարող ենք ներկայանալ, մեր տնտեսությունը նորմալ վիճակում է»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանը նկատեց, որ կրճատելով սոցիալական փաթեթները՝ պայքարում ենք ոչ թե պատճառի դեմ, այլ հետեւանքի. «Մարդը, որ 50, 60, 70 հազար դրամ է ստանում, պատկերացրեք, թե իր համար ինչ նշանակություն ունի դա կանխիկացնելը: Իսկ այդ չարաշահումները, որոնց մասին մենք չենք բարձրաձայնում, մենք գիտենք, թե ինչպես են տեղի ունենում. մարդիկ կանխիկացնում են եւ չեն գնում հանգստի:
Մարդը, որի ընտանիքում խնդիր կա թերսնվելու, որոշակի կոմունալ խնդիրներ լուծելու, ես խոսում եմ մանկավարժների մասին, բնական է՝ այդ պայմաններում նրանք իրենց հանգիստ թույլ տալ չեն կարող, եւ բնական է՝ տեղի են ունենում նման չարաշահումներ: Փոխանակ՝ տեսնենք՝ ի՞նչ խնդիրներ են լուծում այդ չարաշահման արդյունքում այդ մարդիկ եւ ովքե՞ր են դա անում եւ ո՞ւմ միջոցով, մենք խոսում ենք անմիջապես կրճատելու մասին, եւ ես համոզված եմ, որ պետական բյուջեի խնայողություններ կոչվածի շրջանակներում է տեղի ունենում: Եվ վարչապետը, որ խոստանում էր, որ բոլորս պետք է գոտիները ձգենք, ինչպես միշտ առաջինը ձգում են նրանք, ովքեր վատ վիճակում են ապրում մեր երկրում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի: