Հուլիսի 13-ին Մայր աթոռի Գեւորգյան ճեմարանում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ հայ եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակ շնորհվեց անվանի կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռոման Բալայանին:
Մրցանակը շնորհվում է 2012 թվականից՝ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ: Ինչպես նշեց Մայր աթոռի հոգեւոր կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, Ռոման Բալայանը «Եղիցի լույսի» 5-րդ դափնեկիրն է:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց. «Ինձ համար շատ դժվար է ներկայացնել Ռոման Բալյանին: Նրա մասին բոլորը գիտեն համաշխարհային կինոյում: Դժվար է լինել մեծ արվեստագետ, մեծ հայ եւ մեծ մարդ: Նա «Ոսկե ծիրանի» հիմնական սյուներից է, օգնում է մեզ կայանալ: Մենք բոլորս մեծացել ենք Ռոման Բալայանի ֆիլմերի պատգամներով»:
Պարոն Խաչատրյանը հավելեց, թե ընդդիմախոսներն ասում են, որ Ռոման Բալայանը Հայաստանում ոչ մի ֆիլմ չի նկարել: «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրենի ձեւակերպմամբ՝ հայ մարդը որտեղ էլ ֆիլմ նկարի, միեւնույն է, նրա արվեստը հայկական է:
Կարդացեք նաև
Մայր աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն գերաշնորհ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որ Ռոման Բալայանի բարեկամներից է ու նրան ճանաչում է ավելի քան 10 տարի, ասաց. «Բալայանը ինչպես իր ֆիլմերն է նկարում, այդպես էլ ապրում է»:
Սրբազանի ձեւակերպմամբ՝ «Եղիցի լույս» մրցանակը իսկապես գտավ իր արժանի տիրոջը. «Այն բարձր բարոյական լույսը, որ ճառագում է Ռոման Բալայանի արվեստից, նրան արժանի է դարձնում մրցանակին»:
Ռոման Բալայանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար ու ցանկություն հայտնեց, որ հաջորդ «Եղիցի լույսը» հանճարեղ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին շնորհվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ