Երկօրյա այցով` հուլիսի 10-12-ը, Հայաստանում էր գտնվում Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ տիկին Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը: Այցը բավական հագեցած օրակարգով էր, որի ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ ինչպես Հայաստանի խորհրդարանի ,այնպես էլ կառավարության ներկայացուցիչների հետ: Այցի մանրամասների շուրջ զրուցեցինք ՀՀ ԱԺ և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:
– Տիկին Նաղդալյան ի”նչ նպատակ էր հետապնդում Վրաստանի խորհրդարանականների վերջին այցը Հայաստան և ո”րն էր այցի կարևորությունը: Մանրամասնեք խնդրեմ:.
-Վրաստանի խորհրդարանականների երկօրյա այցը Հայաստան բավական ներկայացուցչական կազմով էր / առաջին փոխխոսնակի գլխավորությամբ ընդգրկված էին ոչ միայն մեր հայազգի պատգամավորները, այլև `տնտեսական հարցերի , եվրաինտեգրացիայի ու մարդու իրավունքների հանձնաժողովների նախագահն ու տեղակալները/, առանձնահատուկ էր այն առումով , որ խորհրդարանի այս գումարման ընթացքում մենք կարողացանք վերականգնել հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովին բնորոշ բավականին սերտ հարաբերությունները, որոնք նախորդ գումարման ընթացքում փոքր-ինչ պասիվ բնույթ էին կրում: Այս այցով ևս , կարելի է ասել, միջխորհրդարանական կապերի մակարդակը որոշակիորեն բարձրացավ:
2014 թվականի վերջին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և դրան հաջորդած` Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու այցերը, ինչպես նաև, վրաց գործընկերների մասնակցությունը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին, մի նոր ազդակ հաղորդեցին հայ-վրացական կապերի առավել սերտացմանը և ցույց տվեցին , որ իսկապես փոքր-ինչ պաղության շրջանից մենք անցնում ենք սիստեմատիկ բնույթի աշխատանքի, որն ավելի վայել է բարեկամ ժողովուրդներին, ինչպիսին հայերն ու վրացիներն են, նաև համապատասխանում է փոխհարաբերությունների այն բարձր մակարդակին, որը կա և զարգանում է երկու երկրների նախագահների և կառավարության ղեկավարների մակարդակով:
Կարդացեք նաև
Տեղին է նշել, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը ևս բավականին ակտիվ, գործուն հանձնաժողով է, որը ղեկավարվում է երկու երկրների վարչապետների կողմից:
Այս իմաստով կարևոր էր նաև, որ միջխորհրդարանական հարաբերությունները իրենց նպաստը բերեին միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Իրականում, մենք համարում ենք, որ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովը մեր խորհրդարանի և խորհրդարանականների միջև փոխհարաբերությունների զարգացման բավականին լուրջ գործիք է և ունի մեծ ռեսուրս ապագայի ծրագրերի երկուստեք իրականացման համար: Աշխատանքային երկու օրերի ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի ենք անդրադարձել,այդ թվում՝ Վրաստանում հայ համայնքի, Ջավախքի բնակչության ներկայացուցիչների կողմից բարձրացվող խնդիրներին:
Առավելապես, հաշվի առնելով, որ Վրաստանում ընդամենը երկու ամիս է մնացել ընտրություններին, ժամանակային այդ պայմաններում Հայաստան այցելությունը ցույց է տալիս , որ վրացական կողմը ևս կարևորում է այն հարաբերությունները և գործընթացները, որոնք կարող են միջխորհրդարանական համագործակցության իմաստով առաջընթաց ապահովել: Այստեղ հատկապես ուզում եմ ընդգծել խորհրդարանական դիվանագիտության բավականին չօգտագործված մեծ ներուժը , մասնավորապես միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության առումով:
-Կբացե”ք փակագծերը` կոնկրետ ինչ քննարկվեց այս համատեքստում և արդյո”ք ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ միջազգային կառույցներում փոխադարձ աջակցության և այլնի շուրջ:
-Մենք քննարկեցինք միջազգային հարթակներում համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում հավասարակշռված դիրքորոշումներով հանդես գալու խնդիրները: Դա վերաբերում է ինչպես ԵԽԽՎ-ին , այնպես էլ Եվրանեստին, ՆԱՏՕ-ին և մյուս միջխորհրդարանական հարթակներին: Ընդգծեցինք, որ ունենք հետաքրքրությունների ընդհանրություններ և դա թույլ է տալիս ավելի վերընթաց զարգացնելու հարաբերությունները:
Բացի խորհրդարանական դիվանագիտությունից և քաղաքական համագործակցությունից, մեր բոլոր բանակցային հանդիպումներում, բնականաբար, քննարկման առաջնահերթ կարևորություն ունի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիրը: Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք Հայաստանի շահագրգռությունը տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ: Խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման ուղղությունների վերաբերյալ` ընդգծելով, որ մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ` Լեռնային Ղարաբաղի խնդրին ռազմական լուծում գոյություն չունի և հակամարտության լուծումը մենք տեսնում ենք բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հնարավոր չենք համարում Ղարաբաղի ապագան Ադրբեջանի կազմում:
Եվս մեկ անգամ ներկայացրեցինք ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները, որի արդյունքում ունեցանք բազմաթիվ մարդկային զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում, Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը` միջազգային հումանիտար իրավունքի , բազմաթիվ կոնվենցիաների և ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումները և այլն:
–Հետաքրքիր է վրացիների դիրքորոշումը :
– Պետք է նշենք , որ դեռևս այդ ագրեսիայի օրերին Վրաստանի ղեկավարությունը շատ արագ արձագանքեց տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտության իր դիրքորոշմամբ, և այս հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ անդրադարձ կատարելով այդ թեմային`բարձր գնահատելով նման մոտեցումը:
– Արդյո”ք անդրադարձ եղավ նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների առավել սերտացմանը` հաշվի առնելով հանգամանքը, որ մեր երկու պետությունները գտնվում են տարբեր` հակառակ տնտեսական զարգացման ուղեծրի մեջ:
– Քանի որ Հայաստանը և Վրաստանը անդամակցում են տարբեր ինտեգրացիոն միավորումների ` Հայաստանը ԵԱՏՄ-ին, իսկ Վրաստանը Եվրամիությանը, շատ կարևոր էր գտնել ձևը, որպեսզի այդ ինտեգրացիոն գործընթացները չվնասեին ընդհանուր հարաբերություններին: Այդ ժամանակահատվածում Հայաստանի հանրապետության նախագահի կողմից առաջարկվեց շատ ճիշտ և արդյունավետ մոտեցում: Հիշենք, որ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը դեռևս Վրաստան այցի ժամանակ է հնչեցրել այն կարևոր ձևակերպումը, ըստ որի երկու տարբեր ինտեգրացիոն միավորումների միջև Հայաստանը և Վրաստանը միմյանց համար կապող օղակ կամ կամուրջ կարող են հանդիսանալ, և սա իսկապես բավականին առողջ և տարողունակ մոտեցում է:
Խոսելով տնտեսական համագործակցության բավական լայն սպեկտրի մասին` ընդգծեցինք, որ երկու կողմերն էլ պետք է իրենց տնտեսական քաղաքականության, հարկաբյուջետային և այլ քաղաքականությունների մեջ տեսնեն , թե ինչպիսի գործիքարան և միջոցներ կարող են կիրառել, որոնք կխրախուսեն և կաջակցեն նման մոտեցման իրագործմանը: Այս թեմային անդրադարձանք ինչպես մեր քննարկումների ընթացքում,հատկապես տնտեսական հանձնաժողովների նախագահներ Վարդան Այվազյանի և Զուրաբ Տկեմալաձեի խոսքում, այնպես էլ` ՀՀ փոխվարչապետ , միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նաև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համատեղ քննարկումներ անցկացնել և’ միջխորհրդարանական, և’ միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում, նաև` սեպտեմբերին տեղի ունենալիք գործարար ֆորումին վրացական բիզնեսմեններին հրավիրելու ուղղությամբ:
Մամլո հաղորդագրություն