«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանի համար ցավագին է այն մոտեցումը, թե հայրենական արտադրանքը զիջում է արտասահմանյանին:
Այսօր 13-րդ « Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կայացած «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից մշակված առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նրա կարծիքով՝ մենք ունենք բոլոր պայմաններն ու հնարավորությունները որակյալ ապրանք ստեղծելու համար. «Ինչու՞ պետք է հայկական ապրանքը զիջի որեւէ երկրում արտադրված ապրանքին, դա լինի ֆիլմ, հագուստ, տեխնիկա: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր ապրանքը լավ լինի, և կարող եմ ասել հետևյալը, որ մերը ոչնչով չի զիջելու: Հակառակը, եթե ԱՄՆ-ում կամ եվրոպական այլ երկրներում նման ֆիլմի ստեղծումը ֆինանսապես կարժենա երեքից հինգ անգամ ավելի թանկ, Հայաստանում համեմատական կարգով դա ավելի քիչ կարժենա, բայց շուկայում կունենա իր առաջնային տեղը որակի հաշվին»:
Ֆիլմը նախատեսված է շարժական և անշարժ պլանետարիումների /աստղացուցարանների/ համար:
Կարդացեք նաև
«Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» ֆիլմը հանդիսատեսին առաջարկում է ճամփորդել անցյալ և քայլ առ քայլ ուսումնասիրել աստղային երկնքի վերաբերյալ մարդկային պատկերացումները հնագույն ժամանակներում և այսօր:
Մինչև սեպտեմբեր նախատեսվում են ևս երկու կրթական ֆիլմեր նկարել: Տնօրենի խոսքով՝ իրենք նպատակ չունեն նախագծի շրջանակում մշակվող ֆիլմերով փոխարինել դասագրքերը և ավանդական ուսուցման մեթոդներին .«Ֆիլմը պետք է օգնի ավելի ինտերակտիվ ձևով սովորելու այն առարկաները, որ սկզբնական շրջանում դժվարանում են պատկերացնել՝ օրինակ` աստղագիտությունը: Հույս ունենք, որ ֆիլմից հետո երեխաները կունենան ցանկություն էլ ավելի խորն ուսումնասիրելու այս մասնագիտությունը, որ նրանց մոտ սեր առաջանա դեպի առարկան»:
Ընկերությունը Հայաստանում նպատակ ունի դպրոցներին հատկացնելու դիտումները անվճար կամ շատ ցածր գներով, իսկ արտասահմանում պետք է վաճառեն.«Ժամանակավոր կինոթատրոն է, որ հարմար է տեղափոխել ցանկացած տեղ: Երբ հավաքում ենք մեկ պայուսակի մեջ, ամեն ինչ տեղավորվում է: Հնարավորություն երևի կունենան դպրոցները գնելու այսպիսի ժամանակավոր կինոթատրոններ, կամ մի գուցե քաղաքում կամ շրջաններում ինչ-որ մի տեղ կառուցվի այսպիսի կինոթատրոն»:
«Ոսկե ծիրան»-ի միջոցառումների կազմակերպիչ, կինոռեժիսոր Վարդան Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին հայացքից իրենք ոչ մի կապ չեն կարող ունենալ այս ծրագրի հետ, սակայն դա այդպես չէ.« Ցանկացած կինոյի երևույթ սկզբում ունեցել է այլ մոտեցում: Առաջին անգամ, երբ կինոն ստեղծվեց, բոլորն ասում էին, որ դա ատրակցիոն է և երբեք չի կարող լինել արվեստ: Գտնվեցին երկու-երեք համարձակ ռեժիսորներ, որ փորձեցին դա դարձնել արվեստ: 90-ականներին, երբ համակարգչային գրաֆիկան ներխուժեց կինոոլորտ, ասում էին, որ կինոյինը չի, բայց էլի սխալվեցին:Այս ծրագիրը դեռ սաղմնային վիճակում է, բայց շատ համարձակ և հետաքրքիր է: Շատ լուրջ հնարավորություն է տալիս այդ ֆորմատում ավելի լուրջ ֆիլմերի մասին խոսել: Կարծում եմ՝ շատ շուտով կլինեն մի փոքր ուրիշ ֆիլմեր, ոչ թե ճանաչողական կամ ատրակցիոնային, և միգուցե ավելի լուրջ արվեստի ականատես լինենք»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ