Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց հուլիսի 13-ին մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել՝ իրենց բողոքն արտահայտելու կատարված դատական սխալի դեմ:
Դատարանում ամիսներ առաջ դատավոր Նելլի Բաղդասարյանը նախկին կնոջը եւ նրա ծնողներին կացնահարելու մեջ կասկածվող Վլադիկ Մարտիրոսյանին դատապարտել էր 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Չնայած այն հանգամանքին, որ դատարանը ապացուցված էր համարել այն հանգամանքը, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը:
Ցույցին ներկա էին նաեւ փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը, որոնք նույն դատավորի նախագահությամբ քննվող գործի շրջանակներում պաշտպանում էին Վարդգես Գասպարիի շահերը: Եվ հենց Նելլի Բաղդասարյանն էր Գասպարիին կալանավորելու որոշում կայացրել:
Լուսինե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Նելլի Բաղդասարյանի հոգեկան եւ մասնագիտական որակների մասին մենք արտահայտվել ենք դեռեւս Վարդգես Գասպարիի գործով նիստերով: Բոլորովին ոչ ադեկվատ է այդ պաշտոնի համար: Այս դեպքից հետո ակնհայտ էր, որ ընդհանրապես նա գործ չունի դատական համակարգում: Ես նաեւ ներկայացնում եմ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը, եւ մեր իրավաբանները դիմում են պատրաստում դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին եւ արդարադատության նախարարին, որպեսզի դիմեն հանրապետության նախագահին Նելլի Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու կապակցությամբ: Քանի որ ակնհայտ է, որ նրա կողմից թույլ տված 2 դատական սխալները հանգեցրել են ողբերգական հետեւանքների»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ