Հուլիսի 13-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին մի քանի ծրագրային ուղղություններով ԵՄ-ի կողմից Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքների արդյունքները, քննարկվեցին ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի հետագա համագործակցության շրջանակները: ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը ներկայացրեց քաղաքացիական ծառայության զարգացման հիմնական մարտահրավերները, համակարգային բարեփոխումների իրականացման ընթացիկ վիճակը, ՀՀ ՔԾԽ-ի ակնկալիքները ԵՄ-ից՝ մեթոդաբանական և փորձագիտական աջակցության առումով: Պարոն Սվիտալսկին նշեց, որ ինչպես ԵՄ Արևելյան գործընկերության, այնպես էլ հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի զարգացումը համարվում է հիմնական առաջնահերթություններից, քանի որ կայուն, արժանիքահեն և ապաքաղաքայնացված հանրային ծառայության համակարգի ստեղծման և կենսունակությամբ է պայմանավորված պետական ինստիտուտների արդյունավետությունը:
Հանդիպումից հետո Մ. Բադալյանը և Պ. Սվիտալսկին հանդես եկան համատեղ ասուլիսով: Պարոն Բադալյանը բարձր գնահատեց ԵՄ-ի աջակցությունը քաղաքացիական ծառայության բարեփոխումներին՝ նշելով, որ Հայաստանն այդ համակարգի զարգացումը տեսնում է եվրոպական չափորոշիչներին սկզբունքներին համապատասխանելու ուղղությամբ: Պարոն դեսպանը նշեց, որ ոլորտային բարեփոխումների իրականացման հարթությունում ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը բավականին սերտ է և իրենք ոգևորված են բարեփոխումների հիմք հանդիսացով քաղաքացիական ծառայության նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքների տեմպով, պատրաստ են հետագայում ևս՝ Հայաստանի հետ կնքվելիք բազմամիլիոնանոց աջակցության նոր ծրագրի շրջանակներում օժանդակություն ցուցաբերել:
Մ. Բադալյանը և Պ. Սվիտալսկին պատասխանեցին նաև լրագրողների հարցերին: Խոսվեց համակարգի նկատմամբ քաղաքական ազդեցության, նեպոտիզմի, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտության, ինչպես նաև համակարգի գործունեության անցած մեկուկես տասնամյակի ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին: Ասուլիսին մասնակցում էր նաև ԵՄ և ՏՀԶԿ համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Վոյտեկ Զելինսկին, ով ներկայացրեց Հայաստանում SIGMA-I գործունեությունն ու դրա արդյունքները:
Քաղաքացիական ծառայության զարգացմանն ու կատարելագործմանը ԵՄ-ն նպաստում է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագրի, Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի, ինչպես նաև TAIEX գործիքի միջոցով:
Կարդացեք նաև
ՀՀ ՔԾԽ-ն SIGMA-ի փորձագետների աջակցությամբ 2015 թվականին նախագծել է «ՀՀ քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարությունը» և «ՀՀ քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը», որոնք 2015թ. դեկտեմբերի 29-ին արձանագրային որոշմամբ ընդունվեցին ՀՀ Կառավարության կողմից:
Քաղաքացիական ծառայության բարեփոխումների նպատակն է ստեղծել հանրային կառավարման միջազգային լավագույն փորձին և ժամանակակից չափանիշներին ու սկզբունքներին համապատասխան քաղաքացիամետ, պրոֆեսիոնալ և արժանիքահեն քաղաքացիական ծառայության համակարգ: Բարեփոխումներն իրականացվելու են մինչև 2020 թվականը:
2009թ-ին ՀՀ ՔԾԽ-ի նախաձեռնությամբ SIGMA-ի փորձագիտական խումբը համակողմանի ուսումնասիրել և գնահատել էր Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը՝ վերհանելով ուժեղ և թույլ կողմերը:
Համակարգի կատարելագործման նպատակով տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ, ԵՄ-ն ՀՀ ՔԾԽ-ին օժանդակում է քաղաքացիական ծառայության եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես նաև բարեփոխումների իրականացմանը մեթոդական և փորձագիտական աջակցության ցուցաբերելու հարցերում:
Գոռ Աբրահամյան