Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ հարցում ե՛ւ 90-ականների, եւ 2000-ականների, ե՛ւ այսօրվա իշխանությունը գնում է բանական փոխզիջումների». Աշոտյան

Հուլիս 13,2016 14:51

Որպես ՀՀԿ ղեկավար կազմի անդամ, կարո՞ղ եք ասել, թե Ձեզ համար ո՞րն են ԼՂՀ-ի սահմանները, ո՞ր տարածքներն եք պատրաստ զիջել: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս հարցին պատասխանեց, որ իր համար Ղարաբաղը, բացի հայկական երկրորդ պետությունը լինելուց, բացի այդ հողը արյունով պահած տարածք լինելուց, իրավական տեսակետից այն տարածքն է, որը ԼՂՀ իշխանությունների վերահսկողության տակ է. «ԼՂՀ Սահմանադրությունը ասում է՝ մինչեւ ԼՂՀ խնդրի վերջնական կարգավորումը, սահմանների ճշգրտումը եւ ամբողջականության վերականգնումը, ԼՂՀ ինքնիշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որոնք փաստացիորեն գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ իրեն իրավասու չի համարում ասել, թե ինչն ինչի դիմաց կարելի է փոխզիջել. «Խաղաղ կարգավորման գործընթացը, որպես այդպիսին, եթե մեկնարկել է, եւ 90-ականների, եւ 2000-ականների, եւ այսօրվա իշխանությունը բանակցային գործընթացում գնում է բանական փոխզիջումների, որոնք հարցականի տակ չեն դնելու ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ սեփական պետություն կառուցելու իրավունքը: Ինչպես շատ բաց տեքստով ասաց երկրի նախագահը, եթե անգամ ողջ աշխարհը միավորվի, չի կարող ստիպել ԼՂՀ ժողովրդին ապրել Ադրբեջանի կազմում:

Եթե նախկինում մենք ասում էինք, որ ադրբեջանական իշխանության կողմից բարձրաձայնված իրականությանը չհամապատասխանող ձեւակերպումները բացառապես ներքին սպառողին մոբիլիզացնելու նպատակ ունեն, ներքին սպառողին ծառայում են քարոզչական միջոց, ապա վերջերս մեկ այլ տենդենց եմ նկատել: ՀՀ մրցակցային առավելություններից մեկը Ադրբեջանի համեմատ ավելի բաց եւ ազատ հասարակություն լինելն է: Մեր հակառակորդները փորձում են մեր առավելությունն օգտագործել մեր դեմ:

Վերջին շրջանում ադրբեջանական իշխանության ապակողմնորոշիչ հայտարարությունները, որոնք կամ կտրված են լինում ընդհանուր կոնտեքստից կամ ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում, երկու նպատակ են հետապնդում՝ Ադրբեջանի հասարակության համար քարոզչական հնարք եւ ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումից օգտվելով՝ փորձել իրավիճակը սրել Հայաստանում: Սա նոր տենդենց է»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ խոսքի ազատությունը, բազմակարծությունը ՀՀ-ում թույլ է տալու զատել թացը չորից եւ համախմբվել արտաքին թշնամու առջեւ. «Այս քարոզչական հնարքով կարծես թե առաջին հայացքից հաջողության են հասնում, որովհետեւ մամուլը սկսում է տարածել թշնամու տարածած ուղերձները եւ ապատեղեկատվությունը, բայց շատ արագ դա կարողանում ենք չեզոքացնել: Արցախը երկրորդ հայկական պետությունն է եղել, կա ու կլինի նաեւ ապագայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031