Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Նիկոլ Փաշինյանը գնում է այն ուղով, որով շատերը սոթ են տվել»

Հուլիս 13,2016 13:44

«Դիրքերը փոխած» կուսակցությունները, ինչպես օրինակ, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն խնդիր կունենան առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքն է, որն այսօր նա բարձրաձայնեց «Հայելի» մամուլի ակումբում: Մյուս կուսակցությունները, որոնք ըստ նրա, գաղափարախոսություն եւ դիրքեր ունեն, իրենց կազմակերպչական ռեսուրսները գործի կդնեն եւ արդյունք կստանան:

Խորհրդարանում հայտնվելու առավել մեծ հնարավորություններ, ըստ նրա ունեն այն կուսակցությունները, որոնք տեղական ինքնակառավարման մարմիններում մեծ ներկայացվածություն ունեն: «Չի կարելի խոհանոցում նստած կուսակցություն ստեղծել: Կուսակցություն ստեղծելը բավականին մեծ ճանապարհ է, առաջինը պետք է ունենալ խարիզմատիկ դեմք, որի շուրջ կարելի է համախմբվել, ապա`ֆինանսներ, կազմակերպչական միջոց և գաղափարախոսություն, որը բրենդի նման կտարբերվի մյուսներից»,-ասաց սոցիոլոգը`հավելելով, որ պոպուլիստական լոզունգներով չի կարելի գալ կուսակցության, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը. «Նիկոլ Փաշինյանը գնում է այն ուղով, որով շատերը սոթ են տվել: Նիկոլը ոչ թիմ ունի, ոչ ծրագիր, ինքը մի ձգտում ունի`արքա դառնա»:

«ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը՝ «Ազգային վերածնունդ»-ը, ԲՀԿ-ն մեծ շանսեր ունեն հայտնվելու խորհրդարանում»,-կարծում է սոցիոլոգը`նկատելով, որ ԲՀԿ-ի ընտրողների քառասուն տոկոսը կարծում է, թե Գագիկ Ծառուկյանն է կուսակցության լիդերը: Ըստ այդմ. «ԲՀԿ-ն պահող կորիզը խնդիր ունի ապացուցելու, որ ինքն է ժառանգորդը ԲՀԿ-ի: Բայց Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Օսկանյանի թիմը ավելի շատ շանս ունի հաջողության հասնելու»:

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ, սոցիոլոգի կարծիքով, լուրջ խնդիր ունեն: «Փորձելով միավորել ընդդիմությունը մեկ դրոշի տակ, Հայաստանում չի ստացվում և երևի չի էլ ստացվելու: Բացի ՀՀԿ-ից չորս- հինգ կուսակցություն կարող է մտնել խորհրդարան: ԲՀԿ-ի ձայների տրոհումից է կախված, թե ինչ խորհրդարան կունենանք»,-ասաց նա:

ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ընդհանրապես լուրջ չի համարում կուսակցությունների հնարավորությունների շուրջ հարցադրումները. «Որքան թույլ կտան, այնքան էլ կհավաքեն: Իրականում հասարակությունը ոչինչ չի որոշելու, քանի որ որոշված է, թե ո՞ւմ տալ թիմ, ո՞ւմ տալ ֆինանսներ: Մենք խարիզմատիկ դեմքեր ունենք, սակայն թե ի՞նչ թիմ և ֆինանսներ կունենան, դա իրենցից կախված չէ»:

Իր կարծիքով, ամենախարիզմատիկ լիդերը Նիկոլ Փաշինյանն է ու նրա հարցադրումները քաղաքացիները ճիշտ են համարում. «Մարդկանց սրտին, մտքին մոտ արտահայտվողն ինքն է»: Նա նաեւ հեռանկարին միտված է համարում Նիկոլի այն դիրքորոշումը, որ միայնակ, առանց դաշինքների, դուրս է գալիս բոլորին դեմ: Բայց վստահ չէ, որ հաջորդ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կլինի, քանի որ թիմ և ֆինանս չունի:

Բանախոսի համոզմամբ, ՀՀԿ-ին իշխանությունը պահելու է առաջին տեղում, մյուս կուսակցություններին թույլ են տալու մրցել երկրորդ տեղի համար: Ամեն դեպքում, այս խորհրդարանական ընտրություններում Վիգեն Խաչատրյանն առաջ քայլ չի ակնկալում, ոչ էլ հասարակության վստահության ավելացում:

Ընդդիմադիր լինելը, Վիգեն Խաչատրյանի մեկնաբանմամբ, նշանակում է առկա խնդիրների այլընտրանքային լուծումներ առաջարկել: Ընդդիմությունն ասում է թե ի՞նչ չի անում իշխանությունը, բայց չի ասում ինչպես անի. «Ես ներքին համոզում ունեմ, որ հաջորդ խորհրդարանում միակ ընդդիմությունը, որ կլինի, կլինի Նիկոլ Փաշինյանը: Եթե նա հայտնվի խորհրդարանում, մենք իրական ընդդիմություն կունենանք, այլապես կլինի իմիտացիա, ինչպես հիմա է`ի դեմս ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031