«Էկոլոգիական իրավունք» և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունները պահանջում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անցկացված հասարակական լսումներն անվավեր ճանաչել և անցկացնել նոր լսումներ՝ պահպանելով ազգային և միջազգային օրենսդրական կարգը: Հայտարարությունն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին և Կապանի քաղաքապետ Աշոտ Հարությունյանին, կրկնօրինակը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Հայտարարության մեջ ասված է. «Սույն թվականի հուլիսի 8-ին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ճաշարանում, տեղի ունեցած «Զանգեզուրի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում)» նախագծի հանրային քննարկումներն իրականացվել են գործող օրենսդրության նորմերի կոպիտ խախտումներով, ինչն անհնարին է դարձրել քննարկվող նախագծի՝ շրջակա միջավայրի և այլ հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունմանը հանրության մասնակցության ապահովման իրավունքների իրացումը: Գտնում ենք, որ նշված հանրային քննարկումը պետք է չեղյալ ճանաչվի, և նշանակվեն նոր հանրային քննարկումներ՝ ապահովելով օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգերը և շահագրգիռ հանրության անդամների իրավունքների պատշաճ ապահովումը:
Մասնավորապես, «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 19 նոյեմբերի 2014թ. համար 1325-Ն որոշման 3-րդ կետի համաձայն, հանրային ծանուցումը և քննարկումները երրորդ փուլում ձեռնարկողի հետ համատեղ իրականացնում է ազդակիր համայնքի ղեկավարը (այսուհետ՝ քննարկումների պատասխանատու): Նույն որոշման 14-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր փուլի համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը տեղադրվում է քննարկումների պատասխանատուի էլեկտրոնային կայքում, տպագիր տարբերակը` քննարկումների պատասխանատուի նստավայրում: Չնայած հանրային քննարկմանը նախորդող երկու օրերին Կապանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան աշխատակիցներին բազմաթիվ անգամ զանգահարել և խնդրել ենք տեղադրել քննարկման դրվող նախագծերը, որպեսզի հնարավոր լինի ծանոթանալ քննարկման նյութերին, այդպես էլ դրանք չեն տեղադրվել ոչ Կապանի քաղաքապետարանի, և ոչ էլ ՀՀ բնապահպանության նախարարության էլեկտրոնային կայքերում: Դրանով խախտվել է տեղեկատվության մատչելիության և դրա հետ փոխկապակցված բազմաթիվ իրավունքներ:
Միևնույն ժամանակ, նշված որոշման 15-րդ կետի համաձայն, հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել «Ա» կատեգորիայի գործունեության տեսակների համար` ծանուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկ է նշել, որ Զանգեզուրի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում)» նախագիծը հանդիսանում է «Ա» կատեգորիայի գործունեություն, հետևապես, քննարկումների պատասխանատուները պարտավոր էին, օրենսդրությամբ սահմանված՝ վերոնշյալ կարգին համապատասխան, բոլոր նախագծային փաստաթղթերը (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, Սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվություն, Հանքի փակման ծրագիր) տեղադրել Կապանի քաղաքապետարանի կայք էջում:
Կարդացեք նաև
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, «Ծանուցումը, հիմնադրութային և նախագծային փաստաթղթերը տեղադրվում են նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում` լսումներից առնվազն 7 աշխատանքային օր առաջ»: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն, «Լիազոր մարմինը քննարկումներում ապահովում է իր ներկայացուցչի մասնակցությունը»:
Ավելին, ՀՀ կառավարության նույն որոշման 17-րդ կետի համաձայն, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլերում փորձաքննական կենտրոնն իր պաշտոնական կայքում տեղադրում է հիմնադրութային փաստաթղթին կամ նախատեսվող գործունեությանն առնչվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները և ոչ տեխնիկական լեզվով գրված փաստաթղթերի ամփոփ բովանդակությունը»: Նշված օրենսդրական պահանջներից որևէ մեկը չի իրականացվել: Ինչպես վերևում նշեցինք, նույնիսկ զգուշացնելուց հետո լիազոր մարմնի (ՀՀ բնապահպանության նախարարության) կայք էջում չեն տեղադրվել նախագծային փաստաթղթերը, իսկ լիազոր մարմնի ներկայացուցիչը չի մասնակցել հանրային քննարկմանը՝ խախտելով օրենքի իմպերատիվ պահանջները:
Նույն որոշման 41-րդ կետի համաձայն, «Հանրային քննարկումների ժամանակ ներկայացնող անձը պատշաճ և ամբողջական տեղեկատվություն է տրամադրում հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների մասին, պատասխանում հանրության կողմից հնչեցված բոլոր հարցադրումներին»: Տվյալ պարագայում, քննարկման մասնակիցների կողմից բազմիցս հնչեցվեցին հարցադրումներ՝ Արծվանիկի պոչամբարի նախագծային ծավալների, դրա լցվածության և քննարկվող նախագծի գործունեության ընթացքում պոչամբարի շահագործման ծավալների բավարար լինելու վերաբերյալ, ինչին հստակ և բավարար պատասխաններ չտրվեցին:
Հաշվի առնելով, որ նախագծային փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները սահմանված կարգով չէին տեղադրվել քննարկումների պատասխանատուի կայք էջում անգամ բազմաթիվ դիմումներից հետո, հանրությունը հնարավորություն չի ունեցել պատշաճ մակարդակով դրանք ուսումնասիրելու և հանրային քննարկումներին լիարժեք մասնակցելու համար: Դա հանդիսանում է ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի կոպիտ խախտում՝ տեղեկատվության մատչելիության և որոշումների ընդունմանը հանրության ներգրավման իրավունքների ոտնահարմամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում ենք չեղյալ ճանաչել սույն թվականի հուլիսի 8-ին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շենքում, տեղի ունեցած հանրային քննարկումը և այն կազմակերպել կրկին՝ պահպանելով ազգային և միջազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը»:
13.07.2016թ.
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ