Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նոր մամուլի սրահի բացումն էր: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ նախընտրական տարում նման սրահի կարեւորությունը ընդգծվում է, որպեսզի ներկայանալի լինեն հասարակության համար. «Սա դառնալու է քաղաքական հիմնական հարթակներից մեկը»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ամբիոնի վրա ինչո՞ւ է գրված՝ Մելիք-Ադամյան 2, որ մարդիկ միշտ հիշեն, թե որն է երջանիկ կյանքի իրական հասցե՞ն՝ նա պատասխանեց. «Այո, որոշակի տեխնիկական լուծումներից բացի, տրվել է նաեւ բովանդակություն: ՀՀԿ-ն քաղաքական լրջագույն բրենդ է ինքնին եւ բրենդ է նաեւ կուսակցության հետ ասոցացվող հասցեն՝ Մելիք Ադամյան 2-ը: Սա մեզ համար քաղաքական հասցե է, այն հասցեն է, որտեղից իրականացվում են ոչ միայն կուսակցության որոշումները, այլեւ պետական քաղաքականությունը: Ուստի հետեւելով ժամանակակից քաղաքական տենդենցներին, մենք նույնպես որոշեցինք, որ Մելիք- Ադամյան 2-ը այն ներկայանալի հասցեն է, որով պետք է անցնի քաղաքական լրահոսը»:
Նա զուգահեռ անցկացրեց Մեծ Բրիտանիայի հետ՝ ասելով, որ այնտեղ էլ կառավարության հասցեն բրենդ է. «Մելիք- Ադամյան 2, ամեն ինչ ասված է»:
Մենք հետաքրքրվեցինք, թե այս մեկ սրահի համար որքան գումար են ծախսել եւ արդյոք ՀՀԿ-ի լոգոյի ոսկեգույն եզրերը ոսկո՞ւց չեն: Արմեն Աշոտյանն ի պատասխան հորդորեց ասուլիսից հետո ստուգել շինարարական նյութի հաստությունը, որակը, մատերիալը. «Ծախսվել է մոտ 5-6 մլն դրամ, վերջնահաշվարկը դեռ արված չէ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀԿ-ն ինչո՞վ է գրավելու իր ընտրողներին, երբ արտագաղթը խորացել է, ժողովուրդը շարունակում է դժգոհ լինել իշխանություններից եւ Սերժ Սարգսյանն իր իշխանության ժամանակ որեւէ լավ բան չի արել՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն ընտրարշավի ընթացքում հաշվետու է լինելու՝ չխուսափելով որեւէ պատասխանատվությունից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ