Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանությունը համագործակցում է Հայաստանի կառավարության հետ՝ երկիրը հիվանդություններից պաշտպանելու նպատակով նոր կենտրոնական կառույց ստեղծելով

Հուլիս 13,2016 13:31

Հայաստանն այսօր պատրաստ է վտանգավոր ախտածինների, կենսաբանական զենքերի և հիվանդությունների մոնիթորինգին, հետագծմանը, հետազոտմանն ու կասեցմանը՝ շնորհիվ ԱՄՆ-ի կողմից իրականացված մի շարք լաբորատորիաների վերազինման և արդիականացման։ Այդ թվում՝ 2016 թվականի հուլիսի 13-ին՝ չորեքշաբթի օրը տեղի ունեցավ կենտրոնացված համատեղ ազգային կառույցի բացումը Երևանում՝ Առողջապահության նախարար դր. Արմեն Մուրադյանի, Գյուղատնտեսության նախարար պրն. Սերգո Կարապետյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ․Միլսի գլխավորությամբ։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կենտրոնական կառույցները տեղակայված են երկու շինություններում, որոնք կառուցվել և վերանորոգվել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ֆինանսավորման շնորհիվ։ Շինարարությունն իրականացվել է Գործակալության կողմից իրականացվող՝ Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ապահովել հատուկ վտանգավոր ախտածինների հետագծումն ու անվտանգ պահպանումը Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Ծրագիրն ամրապնդում է Հայաստանի՝ հիվանդությունների հայտնաբերման և մոնիթորինգի կարողությունները, նվազեցնելով մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների բռնկումների ռիսկը։

«Այս նոր ազգային կառույցի բացումը և մեր համագործակցությունը Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ շահավետ է ոչ միայն Հայաստանի համար՝ ապահովելով երկրի անվտանգությունը, այլև ամբողջ աշխարհի համար՝ օգնելով հիվանդությունների տարածման դեմ պայքարում», – իր խոսքում նշեց դեսպան Ռիչարդ Մ․ Միլսը։ «Մենք գիտենք, որ ներկայիս գլոբալացված և փոխկապակցված աշխարհում հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ Ուստի պետք է բոլորս համատեղ աշխատենք կենսաբանական զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ»։

Երևանում տեղակայված երկու ազգային կառույցների արդիականացումից զատ ԱՄՆ-ը վերջերս ավարտին է հասցրել Տավուշի և Շիրակի մարզային լաբորատորիաների վերանորոգումը, իսկ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված ևս երեք կառույցների շինարարությունը կավարտվի 2017 թվականին։ Բոլոր նշված մարզային լաբորատորիաները կապված են լինելու Երևանի Կենտրոնական կառույցի հետ։

Նոր լաբորատորիաների կառուցումից, ինչպես նաև առկա լաբորատորիաների վերանորոգումից և վերազինումից զատ, ԱՄՆ-ը ուսուցում և սարքավորումներ է տրամադրում՝ Հայաստանի լաբորատորիաների աշխատակիցներին աջակցելու նպատակով։

«Այս նոր կենտրոնական կառույցները, որոնք հագեցված են ամենաարդի լաբորատոր սարքավորումներով և համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին, անձնակազմի համար կազմակերպվող շարունակական դասընթացների հետ մեկտեղ զգալիորեն կբարելավեն Հայաստանի կարողությունները՝ ողջ երկրի տարածքում հիվանդությունների բռնկումների հայտնաբերման, ախտորոշման և հաղորդման բնագավառում»,- նշեց դեսպան Միլսը, որին նոր կառույցի բացման արարողության ընթացքում ուղեկցում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը ներկայացնող Դր․Էլիզաբեթ Ջորջը։

 

ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031