Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսները կուզենա՞ն Ղարաբաղը եւ Տավուշը պաշտպանել Ադրբեջանից, կասկածելի է, չեմ հավատում»,-Վովա Վարդանովը` ՀՕՊ համակարգի մասին

Հուլիս 13,2016 13:23

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովից հետաքրքրվեց, թե արդյոք տեսնո՞ւմ է վտանգներ` կապված ՀՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ միավորված ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրի շուրջ:

«Հայերի կյանքերի նկատմամբ անտարբեր մի զորահրամանատար կարող է որոշում կայացնել` ինքնաթիռը խոցե՞լ, թե ոչ, իսկ այդ ինքնաթիռը կարող է գալիս է մեր ատոմակայանը խփելու»,-ասաց նա` նկատի ունենալով միավորված ՀՕՊ համակարգի միասնական հրամանատարությունը:

Միաժամանակ Վարդանովն ասաց, որ համաձայնագիրը ՀՀ-ի համար դրական դրույթներ է պարունակում. «Թուրքերը ոչ մի օդանավ չեն կարող բարձրացնել Արեւմտյան Հայաստանի տարածքում, որը մենք չկարողանանք տեսնել եւ խոցել ռուսի հետ համագործակցության արդյունքում: Խնդիրն այլ է` ռուսը կցանկանա՞ խոցել: Բա որ հանկարծ ռուս հրամանատարը որոշի չխառնվե՞լ, կամ ռուսական քաղաքական էլիտան այդ պահին մի քիչ թուրքասեր լինի՞…»:

Բանախոսը ներկայացրեց նաեւ Ռուսաստանի ՀՕՊ համակարգի առավելությունները. «Մինչեւ Սիրիայի սահման օդային տարածքը վերահսկում են, մինչեւ Վանա լիճ կարող են խոցել ցանկացած թռչող բան: Նաեւ Իրանն են վերահսկողության տակ պահում»:

Խնդրեցինք մեկնաբանել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքը, թե նշյալ ՀՕՊ համակարգն իրականում ուղղված է Թուրքիայի դեմ: «Նա մի հարցում ճիշտ է` Ռուսաստանն Արեւմուտքի առաջխաղացման դեմ ամեն ինչ կանի, նկատի ունեմ` Թուրքիային կկանգնեցնի ամեն գնով: Դա շատ մեծ առավելություն է, մենք հսկայական միջոցներ չենք օգտագործում` Թուրքիայի հետ սահմանը պահելու համար: Այ կուզենա՞ն Ղարաբաղը եւ Տավուշը պաշտպանել Ադրբեջանից, կասկածելի է, չեմ հավատում»,-ասաց Վարդանովը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031