Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը փաստացիորեն չի ապահովում մեր անվտանգությունը. «Ժողովուրդ»

Հուլիս 13,2016 12:15

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Հայաստանի անվտանգության ապահովման հիմնական կազմակերպությունում մեր՝ առնվազն երկու գործընկերները՝ Բելառուսն ու Ղազախստանը, հանդես եկան Հայաստանի անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի գործողությունների սատարմամբ։ Ադրբեջանի ապրիլյան գործողությունները միանշանակորեն սպառնալիք էին եթե ոչ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա հաստատապես Հայաստանի կայունությանն ու նրա քաղաքացիների անվտանգությանը։ Պարզ է, որ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթի 2-րդը չի գործել այն ժամանակ, երբ պայմանագրի հիմնադիր անդամներից մեկը դրա հույժ կարիքն է ունեցել։

Ավելին՝ կարելի է ասել Բելառուսի ԱԳՆ-ի ապրիլերկուսյան պաշտոնական հայտարարությամբ վերոնշյալ հոդվածը խախտվել է՝ հստակ աջակցություն հանդիսանալով ՀԱՊԿ անդամ երկրի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնող կողմի համար։ Այլ կերպ ինչպե՞ս մեկնաբանես ձեւակերպումը, ըստ որի՝ Բելառուսը, հանդիսանալով Մինսկի խմբի անդամ պետություն, հակամարտության կարգավորումը տեսնում է միջազգային իրավունքի հիման վրա՝ ելակետ ունենալով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետությունների միջեւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիության սկզբունքները։ Սրանք այն նույն պնդումներն են, որ համեմատաբար ագրեսիվ բառերով համեմված հնչեցնում էր եւ շարունակում է թմբկահարել Ադրբեջանը։

Հանուն արդարության հիշատակենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան պատերազմի մեկնարկին, այնուամենայնիվ «կեսբերան» հայտարարեց, որ Ադրբեջանի գործողություններն իրենցից ներկայացնում են ագրեսիա, բայց հաջորդ պահին իսկ նույն Բորդյուժան փոփոխեց ձեւակերպումները՝ կողմերի միջեւ հավասարության նշան դնելով։

Հայաստանի իշխանական քարոզչությունը բազմիցս պնդել է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորումը երկարաժամկետ կտրվածքով կապված է ՀԱՊԿ-ի հետ։ Հաշվի առնելով վերջինիս անհեռանկարային ու բառի իսկական իմաստով ոչ կենսունակ դրությունը՝ հաստատապես կարող ենք պնդել, որ Հայաստանի անվտանգությունը խիստ անմխիթար վիճակում է։ Եվ սա սոսկ դատարկ պնդում չէ, այլ վերոգրյալ փաստերի հիման վրա արված եզրակացություն՝ իր բոլոր տխուր հետեւանքներով։ ՀԱՊԿ-ը փաստացիորեն չի ապահովում մեր անվտանգությունը, եւ պատճառն այն չէ, որ Հայաստանն այնտեղ հավուր պատշաճի ներկայացված չէ։ Խնդիրն այն է, որ կազմակերպությունը գտնվում է Ռուսաստանի բացարձակ ենթակայության ներքո եւ հանդիսանում է լոկ զսպաշապիկ անդամ պետությունների համար։ Ըստ էության, այսօր Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է գտնվում Ռուսաստանից նորանոր ծանր եւ անուղղելի հարվածներ չստանալու պատճառով։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031