Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ի տարեկան ծրագրում ստուգումների համար ընդգրկված կուսակցությունները տասն են. «Հրապարակ»

Հուլիս 13,2016 10:36

Դիմեցինք արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչություն՝ պարզելու, թե ինչ պարբերականությամբ են ստուգումներ իրականացնում ՀՀ-ում գրանցված կուսակցություններում, թե ինչ բնույթ են կրում դրանք, եւ վերջին 1 տարվա կտրվածքով եղե՞լ են կուսակցություններ, որոնցում հայտնաբերվել են օրենքի խախտումներ, եւ այդ հիմքով լուծարվել են։

Արդարադատության նախարարությունից պատասխանեցին, որ տեսչության պետի կողմից 2012-ին գրություններ են ուղարկվել ՀՀ-ում գրանցված թվով 53 կուսակցությունների, եւ 2014-ին՝ թվով 29 կուսակցությունների՝ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների կատարումը ստուգելու նպատակով։

Տեսչությանը պատասխան գրություններ են ուղարկել հարցման ենթարկված ոչ բոլոր կուսակցությունները, այդ իսկ պատճառով վերջիններս ընդգրկվել են տեսչության ստուգումների տարեկան ծրագրերում։ 2015 եւ 2016 թթ. ստուգումների տարեկան ծրագրերը, որտեղ ընդգրկված են ստուգման ենթակա կուսակցությունների անվանումները, տեղադրված են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։

2016-ի տարեկան ծրագրում ստուգումների համար ընդգրկված կուսակցությունները տասն են՝ Հնչակյան կուսակցություն, «Ազգային համաձայնություն» կուսակցություն, «Բագրեւանդ» կուսակցություն, «Արդարություն» կուսակցություն, «Ազգի փրկություն» կուսակցություն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Ազգային պետություն» կուսակցություն, Հայաստանի ագրարային կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն, «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն։

Այնուհետեւ նախարարությունից հիշեցրին վարչապետի 2015 թ. հուլիսի 30-ի որոշումը տեսչական ստուգումները մինչեւ 2016-ի դեկտեմբերի 31-ը կասեցնելու մասին։ Արդյունքում, ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին տեսչության ստուգումների տարեկան ծրագրերում ընդգրկված կուսակցություններում ստուգումներ չեն իրականացվել։

Այն դիտարկմանը, թե օրենքի պահանջները խախտող, այդ թվում՝ անդամների շատ քիչ թվաքանակ ունեցող կուսակցությունները, որ օրենքով են շարունակում գոյություն ունենալ, նախարարությունից տվեցին ոչինչ չտվող պատասխան. «Տեսչության կողմից ստուգումների իրականացման ընթացքում խախտման հատկանիշները հայտնաբերելու դեպքում դրանց համապատասխան ընթացք կտրվի»։ Սրանից հետեւում է, որ կա՛մ տեսչությունը պատշաճ ստուգումներ չի իրականացրել, կա՛մ իրականացրել է, բայց աչք է փակել խախտումների վրա, կա՛մ ՀՀ-ում գործող 73 կուսակցությունները գործում են բացառապես օրենքի դաշտում։ Բայց քանի որ փաստ է, որ այդպես չէ, մնում են առաջին երկուսը։

Որպես մեկ օրինակ՝ նշենք «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը, որն ընդգրկված էր վերը նշված ցանկում։ Նրա նախագահ Սոս Գիմիշյանը ասաց, որ իրենք օրենքի ֆորմալ կողմը պահպանում են՝ ունեն մոտ 2117 անդամ՝ ըստ իրենց ներկայացրած ցուցակի։ Բայց նա տեղյակ

չէ՝ նրանցից քանի՞սը ֆիզիկապես գոյություն ունեն Հայաստանում, եւ եթե պետք լինի նրանց գտնել եւ հավաքել մեկտեղ, կստացվի՞ արդյոք։

Նա այս օրենքը համարում է «էշություն»՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ում 200 անդամն է նվազագույն շեմը, մեզ մոտ՝ 2 հազարը։

Նշենք, որ Գիմիշյանի ղեկավարած կուսակցությունը ոչ միայն մարզերում, այլեւ մայրաքաղաքում տարածքային ստորաբաժանում եւ գրասենյակ չունի, ինչը պարտադիր է օրենքով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031