Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանի» անակնկալներն ու խաղարկային խճանկարը

Հուլիս 13,2016 14:30

Հայաստանում փառատոն կազմակերպելը համարժեք է հերոսության:
Եվ արդեն 13-րդ անգամ «Ոսկե ծիրանի» անցկացումը հնարավոր է դառնում փառատոնի կուռ թիմի ու, բնականաբար, հիմնադիրների մեծագույն ջանքերի շնորհիվ:

Հեղափոխական մոտեցում էր այս տարի «Ոսկե ծիրանի» մեկնարկը՝ 90 տարի առաջ նկարահանված «Զարե» ֆիլմով, որի մասին սցենարի հեղինակ ու ռեժիսոր Համո Բեկնազարյանը գրել է, թե այն պետք է լինի առաջին իսկական հայկական կինոնկարը Արեւելքի կյանքից՝ առանց ռահաթ-լոխումի: Այսօր, երբ շեշտադրված է քրդական ցավոտ թեման, հայկական «Զարեն» կրկին արդիական է դառնում, իսկ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն աշխարհին ասում են, որ դեռեւս 1926-ին հայերը ֆիլմ են նկարել քրդերի մասին ու արծարծել թեմաներ, որոնք այսօր էլ չեն հնացել:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն ասում է, որ որոշակի անհանգստություն ունեին՝ 4-օրյա պատերազմ, տնտեսական խնդիրներ, Հայաստանի մասին սփռվող լուրեր, սակայն մեր երկրի քաղաքականությունը եւ Հռոմի պապի այցելությունը Հայաստան՝ բոլորի մտահոգությունները ցրեցին, եւ մարդիկ սիրով ժամանեցին Հայաստան: «Ոսկե ծիրանն» այս տարի էլ անվանիների պակաս չի ունենա, փառատոնի պատվավոր հյուրն է նաեւ հանրահայտ Ժակլին Բիսեթը:

Երեւանյան կինոհանդիսատեսը հնարավորություն ունի վայելելու լավագույն ռեժիսորների հրաշալի ֆիլմերը:

paraton2
Մասնավորապես, «Ոսկե ծիրանի» խաղարկային մրցութային ֆիլմերի ցանկում են Ասիեր Ալտունայի «Ամաման» (Իսպանիա), Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» (Վրաստան), Ահու Օզթյուրքի «Փոշու շորը» (Թուրքիա/Գերմանիա), Դավիդ Վերբեքի «Սերտ շփումը» (Նիդեռլանդիա/Խորվաթիա), Սեյեդ Հադի Մոհաղեղի «Անմահը» (Իրան), Ալեքսանդր Կոտտի «Իսսայթը» (ՌԴ), Պիտեր – Յան Դը Պյուի «Լուսավորյալների երկիրը» (Բելգիա/Իռլանդիա/Նիդեռլանդներ/Գերմանիա/Աֆղանստան), Պաբլո Լամարի «Վերջին եզերքը» (Պարագվայ/Նիդեռլանդներ/Չիլի/Քաթար), Իգլիկա Տրիֆոնովայի «Դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին» (Բուլղարիա/Նիդեռլանդներ/Շվեդիա), Միա Հանսեն-Լյովեի «Գալիքը» (Ֆրանսիա/Գերմանիա), Մարեն Ադեի «Թոնի Էրդմանը» (Գերմանիա/Ավստրիա/Ռումինիա), Բրանկո Շմիդտի «Բալերի անունները» (Խորվաթիա):

Ինչի՞ մասին է «Ամաման». բասկերի գյուղական կյանքի ամրոցն իր հին պատերի ներսում պահպանում է խորհրդավոր ու հնագույն իմաստություններ: Ժամանակակից աշխարհի համար նման վայրում ապրելը մեկուսի եւ դաժան է թվում: Տան բնակիչները հաճախ իրենց զգում են մի ճակատագրի թակարդում: Թոմասի եւ Իշաբելի երեք զավակներից յուրաքանչյուրն իր ձեւով է պայքարում այս իրականության դեմ՝ թաքնվելով հումորի հետեւում, փախուստ գտնելով ճամփորդության մեջ կամ, ինչպես Ամայան, փորձելով ելք գտնել արվեստի գործերի միջոցով: Ամայան փորձում է չխզել կապերն իր ժառանգությունից, բայց Թոմասը, որ մեծացել է երկաթյա ավանդույթի համաձայն, անկարող է Ամայայի կյանքն այլ կերպ հասկանալ, քան որպես վերջնական հեռացում այն տնից, որտեղ ապրել են իր ընտանիքի բազմաթիվ սերունդներ: Ամայան հուսահատորեն փորձում է գեղարվեստական գործունեությունը համադրել նախնիների ժառանգության հետ՝ նույնիսկ ընդդիմանալով հոր համառ անհամաձայնությանը: Իսկ տատը՝ Ամաման, լուռ հետեւում է, թե ինչպես է ծավալվում ընտանիքի ճակատագիրը, նույնիսկ երբ աշխարհը սկսում է խամրել աչքի առաջ:

«Աննայի կյանքը» երիտասարդ, միայնակ մոր մասին է, որը որոշում է մեկնել Ամերիկա՝ բարելավելու իր եւ աուտիզմով հիվանդ երեխայի կյանքը: Աննան վաճառում է տունը եւ գումարը վճարում մի մարդու, որը խոստանում է նրա համար անօրինական ճանապարհով վիզա հաջողացնել: Պարզվում է, որ այդ մարդը խարդախի մեկն է: Ի վերջո, կորցնելով գումարը հետ ստանալու բոլոր հույսերը, Աննան առեւանգում է այդ մարդու վեցամյա աղջկան:

paraton3
Թուրքական «Փոշու շորը» ֆիլմը ներկայացնում է երկու մաքրուհու պատմությունը՝ նրանց հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց տները մաքրում են, ընկերական հարաբերություններում եւ ընտանիքներում առաջացած բարդությունները: Մինչ Նեսրին իր փոքր աղջկա հետ փորձում է գոյատեւել եւ հասկանալ, թե ինչու է ամուսինն իրեն լքել, Հաթունը այն թաղամասում, որտեղ աշխատանքի է գնում, տուն գնելու ապարդյուն փորձեր է անում:

«Սերտ շփումը» պատմություն է մի մարդու մասին, որը հեռակառավարվող անօդաչու ինքնաթիռով պատահաբար դպրոց է ռմբակոծել: Իվանը, ինքնաթիռը կառավարելով հեռավոր օդային բազայից, երբեք չի եղել այն երկրներում, որոնք ռմբակոծում է: Ժամանակակից պատերազմը նրան իր զոհից հեռու է պահում: Սակայն նա անկարող է լինում գլխից հանել այն մարդկանց, որոնց սպանել է, եւ պատումը վերածվում է ուղեւորության՝ ենթագիտակցության միջով:
«Անմահը» ֆիլմում Այազը՝ մի 60-ամյա միայնակ տղամարդ, նողկում է իր կյանքից: Նա իրեն մեղավոր է զգում ընտանիքի կործանման համար: Այազն անընդհատ իր կյանքին վերջ տալու ուղիներ է փնտրում:

«Իսսայթի» հերոսը՝ Պավել Զուեւը, դժբախտ պատահարից հետո կորցրել է տեսողությունը: Նա պետք է նորից սովորի ուտել, քայլել, ինքնուրույն լողանալ, տան գործերն անել եւ նույնիսկ պատուհանից նայել առանց որեւէ բան տեսնելու: Նախորդ կյանքի հետ բոլոր կապերը խզված են: Նոր կյանքում կույր Զուեւը հանդիպում է մի կնոջ, որը կարողանում է ավելին «տեսնել», քան ուրիշներն են ունակ: Նրա անունը Նադեժդա է (թարգմանաբար՝ «հույս»): Նադեժդան օգնում է Զուեւին գտնել իր ուժեղ կողմերն ու գոյության իմաստը: Հավասարապես ուժեղ, բայց իրարից տարբեր այս մարդիկ միասին ապրում են իրենց կյանքի լավագույն օրերը… Բայց ամեն ինչ իր ավարտն ունի:

Պակաս հետաքրքիր չէ նաեւ «Լուսավորյալների երկիրը»: Քուչի աֆղանական ցեղի մի խումբ երեխաներ, փորելով հողը, սովետական արկեր են հանում ու վաճառում լազուրիտի հանքերում աշխատող երեխաներին: Մեկ այլ խմբավորման երեխաներ իրենց երկրից ամերիկյան զորքերի հեռանալու մասին երազելուց ազատ ժամանակ վերահսկում են Պամիրի խանձված լեռներով թանկարժեք կապույտ քարերի ապօրինի տեղափոխմամբ զբաղվող քարավանը: Խաղարկային եւ վավերագրական կինոյի սերտ միահյուսման շնորհիվ մենք ցնցող կինոճանապարհորդություն ենք կատարում՝ հայտնաբերելով պատերազմից չարչրկված Աֆղանստանի գեղեցկությունը: Դը Պյուի ֆիլմը հակադրում է ներքին գեղեցկությունն ու գոյատեւման դաժանությունը:

Ինչ վերաբերում է «Վերջին եզերքը» ֆիլմին, այն տարեց զույգի մասին է, որն ապրում է մեկուսի բլրի գագաթին՝ միայնության մեջ: Կինը մահանում է, իսկ ամուսինը շարունակ նրա կողքին է: Կնոջ մահը վերափոխում է հաջորդող օրերը:
«Դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին» եւս տպավորիչ է: Երկու պատվախնդիր փաստաբաններ հանդիպում են ռազմական հանցանքների համար մեղադրվող Միլոռադ Կրստիչի՝ բոսնիական պատերազմի հրամանատարի դատավարությանը: Դատապաշտպանին՝ Միխայիլ Ֆիննին հաջողվել է հերքել իր հաճախորդին ներկայացվող մեղադրանքները: Համոզված լինելով, որ Կրստիչը մեղավոր է, դատախազ Կատրին Լագրանժը որպես վկա կանչում է մի երիտասարդի, որը ցուցմունք է տալիս Կրստիչի դեմ:

Նա պնդում է, որ իր ծնողները լքել են իրեն, երբ շատ փոքր է եղել եւ Կրստիչի զինվորներից է եղել: Ֆիննը հետաքննություն է սկսում վերջինիս վկայությունների իսկությունը ստուգելու համար եւ շուտով հանդիպում է երիտասարդի ընտանիքին: Ֆիլմը ներշնչված է իրական պատմությունից:

«Գալիք» ֆիլմի հերոս Նատալին Փարիզի դպրոցներից մեկում բարձր դասարանցիներին փիլիսոփայություն է դասավանդում: Նա ոգեւորված է իր աշխատանքով եւ հատկապես սիրում է մյուսներին փոխանցել, թե ինչ հաճելի բան է մտածելը: Նատալին ամուսնացած է եւ երկու զավակ ունի: Նա ստիպված է բաժանել իր ամբողջ ժամանակը ընտանիքի, նախկին ուսանողների եւ իր խստապահանջ մոր միջեւ: Մի օր Նատալիի ամուսինը հայտարարում է, որ հեռանում է նրանից: Անսպասելիորեն ձեռք բերած ազատությամբ Նատալին պետք է վերաիմաստավորի իր կյանքը: Միա Հանսեն-Լյովեի ֆիլմը շոշափում է երջանկության, մասնագիտական կոչման եւ ստանդարտ կենսաձեւի անմտության խնդիրները: Ներկայացվում է ոչ միայն անհատի նոր ուղիների փնտրտուքը, այլեւ հարցադրում է արվում. փիլիսոփայությունը կարո՞ղ է կիրառվել առօրյա կյանքում եւ որքանո՞վ:
Մի շարք հեղինակավոր մրցանակներ ստացած «Թոնի Էրդմանը» հաստատ պետք է նայել: Կատակասեր Վինֆրիդը մշտազբաղ Ինեսի ուշադրությունը գրավելու եւ նրա կորպորատիվ կենսակերպը փոխելու համար ծպտվում է՝ վերածվելով վառվռուն Թոնի Էրդմանի: Հայր եւ դուստր հակամարտությունը անհեթեթ չափերի է հասնում, մինչեւ Ինեսը չի հասկանում, որ էքսցենտրիկ հայրն արժանի է իր կյանքում տեղ ունենալու…

Անչափ հուզիչ է «Բալերի անունները» ֆիլմը. մի քանի տարի առաջ պատերազմի պատճառով հարկադրաբար ընդհատված կյանքը շարունակելու որոշմամբ տարեց զույգը վերադառնում է իր վերականգնված տունը: Մենք հետեւում ենք նրանց առօրյային տարվա չորս եղանակների ընթացքում: Կինն օրեցօր դառնում է ավելի ու ավելի բացակա եւ իրեն կորցրած: Օգնելու փոխարեն ամուսինը նրա հետ կոպիտ եւ երբեմն էլ դաժան է վարվում: Սակայն այն գիտակցումը, որ ինչ-որ բան է կատարվում կնոջ հետ, նրան ստիպում է հարցականի տակ դնել սեփական վարքագիծն ու արժեքները:

 
Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

12.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031