Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս Հիպոկրատը սրոհունդը օգտագործել է որպես ցավազրկող, ջերմությունն իջեցնող, հակաբորբոքային միջոց

Հուլիս 13,2016 13:30

Սրուհունդի՝ զվեռաբոյի նկատմամբ պետք է տանել հատուկ խնամք: Թույլատրվում է ծաղիկները մայր բույսից պոկել միայն ծաղկման ժամանակ, այն էլ արմատից 15-20 սանտիմետր բարձրությամբ: Դա արվում է իրականում բույսը արմատախիլ չանելու եւ տեսակը պահպանելու նպատակով: Ծաղիկները լավ են պահպանվում չոր վիճակում: Հավաքած թարմ ծաղիկներն արձակում են սուր հոտ:

Բույսի կանաչ տերեւները պարունակում են 50-55 միլիգրամ վիտամիններ: Տնային պայմաններում սրոհունդից պատրաստում են թեյ եւ տարբեր տեսակի զովացուցիչ հյութեր: Պետք է հիշել, որ այս բույսի ծաղիկները հավաքելիս կտրուկ արգելվում է բույսերն արմատախիլ անել, իսկ որպես կանոն, հասուն, խոշոր բույսերը պետք է թողնել սերմացու: Միայն այս ճանապարհով է հնարավոր պահպանել եւ հաջորդ սերունդներին փոխանցել մեր բնաշխարհի այս հրաշալի բույսը:

Մեր հանրապետությունում սրոհունդը առատ պաշարներով հանդիպում է գրեթե ամենուր: Բուժման նպատակներով օգտագործվում է դեղաբույսի վերգետնյա մասը, որը մթերում են ծաղկման ընթացքում՝ մինչեւ պտղակալելը: Հումքը չորացնում են լավ քամահարվող տեղում: Սրոհունդի օգտակարության եւ պահպանության մասին մարդիկ վաղուց գիտեն: Ժողովրդական բժշկության մեջ այն հայտնի է որպես 99 հիվանդության դեղ ու դարման:

Դեռեւս Հիպոկրատը, Մխիթար Հերացին, Ամիրդովլաթը եւ այլ բժշկապետեր սրոհունդը օգտագործել են որպես ցավազրկող, միզամուղ, ջերմությունն իջեցնող, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային միջոց: Նրանից ստացված պատրաստուկները նշանակվել են խոցի, նյարդային հիվանդությունների, միզուղիների ախտահարումների ժամանակ:

Մեր կողմից սրոհունդը, եփուկի ձեւով, օգտագործվել է քրոնիկական գերսեկրետոր եւ գերթթու գաստրիտով տառապող հիվանդությունների բուժման համար: Եփուկը հիվանդներն ընդունել են 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ, ուտելուց հետո, 3-4 շաբաթ տեւողությամբ, ստամոքսային չափավոր դիետայի պայմաններում: Հիվանդների զգալի մասի մոտ դեղաբույսի օգտագործումից ոչ միայն լավացել են ստամոքսային սուբյեկտիվ եւ օբյեկտիվ տվյալները, այլեւ որոշ չափով թեթեւացել են այն նեյրոդիստոնիկ երեւույթները (ընդհանուր անհանգիստ վիճակ, ջղային բարձր ռեֆլեքսներ, արտահայտված կարմիր դերմոգրաֆիզմ, ակրոցիանոզ, քրտնոտություն, վերջույթների դող եւ այլն), որոնք հաճախ ուղեկցում են մարսողական տրակտի քրոնիկական հիվանդություններին:

Սրոհունդի սերմի յուղը կաթիլների ձեւով օգտագործվել է մանկական պրակտիկայում լսողության խանգարումների ժամանակ: Դեղաբույսը ճանաչվել է որպես ամոքիչ միջոց, ցավազրկող եւ միզամուղ, այդ իսկ պատճառով այն օգտագործվել է դժվար լավացող խոցերի եւ վերքերի, նստաներվի բորբոքումների ժամանակ եւ այլն: Այնուհետեւ մասնագետները նշել են, որ բույսի սերմերը օժտված են հակաբեղմնավորիչ հատկությամբ:

Ջրաթուրմ պատրաստելու համար 3 ճաշի գդալ մանրացրած սրոհունդը լցնում են 250 մլ եռման ջրի մեջ, թրմում 2 ժամ, ապա ըմպում 1/3-ական բաժակ՝ օրական 3 անգամ: Կամ՝ 10 գ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում նույն եղանակով: Եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ ջրում եռացնում են 10 րոպե, հովացնում, քամում, ապա ըմպում 1/3-ական բաժակ՝ օրական 3 անգամ, ուտելուց հետո: Ջրիկ մզվածք պատրաստելու համար 20 գ հումքը 400 մլ ջրում եռացնում են մինչեւ նրա կիսվելը, ապա քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ, ուտելուց հետո: Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը՝ 1:10 հարաբերությամբ, խառնում են 70%-անոց սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, քամում ու ըմպում 30-40-ական կաթիլ՝ օրական 3 անգամ: Կամ՝ 15-20 գ հումքը մեկ շաբաթ թրմում են 1-2 լ 70%-անոց սպիրտի մեջ, քամում, ապա ընդունում ջրով, 30-ական կաթիլ՝ օրական 3 անգամ՝ ուտելուց հետո (ցիստիտների, կոլիտների եւ լեղաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաեւ բերանի ողողման համար):sroh...

Սրոհունդի թեյը առաջարկվում է բոլոր տարիքի մարդկանց: Թեյի պատրաստման տարբեր եղանակներ կան, որոնցից մի քանիսը ձեզ ենք ներկայացնում.
1. 1 բաժակ մանրացրած սրոհունդի չորացրած ծաղիկներին ավելացնել կես բաժակ մասուրի չոր պտուղներ եւ 2,5 բաժակ չորացրած սուսամբար, խառնել եւ օգտագործել որպես թեյ:
2. Մանրացնել հավասար քանակությամբ չոր սրոհունդի ծաղիկները եւ հաղարջենու տերեւները, խառնել, եռացնել ու օգտագործել որպես եփաքանակ:
3. Վերցնել 100 գրամ չորացրած սրոհունդ եւ նույնքան շաքար: 10 րոպե եփել 2 լիտր ջրում: Եփուկը մզել քամիչով, ավելացնել շաքար, նորից եռացնել, խառնել, սառեցնել եւ օգտագործել:
4. 100 գրամ սրոհունդը եփել 2 լիտր ջրում, քամել, ավելացնել 100 գրամ շաքար: Եփուկը սառեցնել, խառնել մեղր եւ օգտագործել:

 

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

12.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031