Լրահոս
Օրվա լրահոսը

«Մութ» մնաց, թե որն է 82 րոպե տեւած «Վերջին բնակչի» ուղերձը

Հուլիս 12,2016 23:35

Հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Իսկ մինչ այդ ռեժիսորը կարմիր գորգի արարողություն էր կազմակերպել անձնակազմի համար, տղամարդիկ ֆրակ ու թիթեռնիկ էին կրում, կանայք՝ երեկոյան զգեստներ: Մեկ տարի էլ «Վերջին բնակիչը» ֆեյսբուքում էր շատ ակտիվ ներկայացվել:

Պրոդյուսեր Մասիս Բաղդասարյանն ասաց, որ «Վերջին բնակիչը» Արցախի մասին է ու փաստեց, որ մինչ հիմա որեւէ լուրջ ֆիլմ Արցախի մասին չի նկարվել՝ ըստ էության ակնարկելով, որ իրենք են այդ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրել: Ցավոք, 82 րոպեանոց ֆիլմում այդպես էլ չհասկացվեց, թե ինչու է քարտաշ Աբգարը մնացել մի գյուղում, որտեղ իրենից բացի այլ հայ չի ապրում:

Պարզ է՝ ոչ ոք չի ուզում լքել իր հայրենիքը, բայց ինչու է նա անընդհատ վտանգի տակ ապրում՝ հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդ աղջկա հետ, որը պարզվում է՝ ժամանակին իրեն խնամած լիտվացի բուժքրոջ դուստրն է:

Ֆիլմում ադրբեջանցիները սանձարձակ են պահում իրենց, սկսած փոքրիկ երեխաներից՝ բոլորը փորձում են վիրավորել Աբգարին, ու վերջինս էլ լուռ ու մունջ կուլ է տալիս անարգանքը: Անգամ մի ադրբեջանցի փորձում է բռնաբարել Աբգարի հոգեդստերը:

Եթե ֆիլմը Արցախի մասին է, ու մենք էլ հաղթած ժողովուրդ, էլ ո՞ւր մնացին Արցախամարտի հաղթական դրվագները, ի՞նչ իմաստ ունի հորինված խեղճություն ներկայացնելը:

82 րոպե ռեժիսորը ծամծմում է ասելիքը, ու չկար ոչ մի զարգացում, ոչ մի փոփոխություն, քեզ թվում էր՝ դեժավյու ես ապրում, անընդհատ հերոսների խոշոր պլանով արված դեմքերն էին եւ նույն սարուձորը եւ ոչ մի հույզ:

Ֆիլմն անհաջող տեսահոլովակ էր հիշեցնում, ընդհանրապես տեսահոլովակային մտածողություն էր գերիշխում:

Ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, եւ այս պարագայում System Of A Down-ի աստղը զուտ բրենդայնություն հաղորդելու դեր էր կատարել, ընդ որում, երաժշտությունը անընդհատ պատեհ-անպատեհ «խուժում» էր՝ ավելի անորոշացնելով ասելիքը: Ի դեպ, սյուժե ասվածը պատկերավոր կհնչի «Վերջին բնակչի» դեպքում, որովհետեւ կարծես սյուժե չկար, կամ խճճված ու անորոշ էր մի բան էր:

Հոգեկան հավասարակշռությունը կորցրած աղջիկը մեկ-երկու անգամ ինչ-որ Ռեբեկայի անուն տվեց, թե ո՞վ էր նա, այդ մասին դարձյալ «պատմությունը լռում» էր:

Ֆիլմում նաեւ չպատճառաբանված ադրբեջաներեն էր հնչում՝ իբր ադրբեջանցի հերոսներին կերպավորելու համար, բայց դա էլ նրանց «ադրբեջանցի» չէր դարձնում: Գլխավոր հերոս քարտաշ Աբգարին էլ փորձել էին Արցախի բարբառով «խոսեցնել», որը ընդամենը հեռավոր աղերսներ ուներ արցախյան բառուբանի հետ:

Ֆիլմում ներգրավված էին դերասաններ, որոնց հանդիսատեսը ավելի շատ ճանաչում է սերիալներից, խոսքը, հատկապես Ալեքսանդր Խաչատրյանի եւ Սոս Ջանիբեկյանի մասին է: Եվ որքան էլ Ալեքսանդր Խաչատրյան լավ էր խաղում, միեւնույն է՝ հիշեցնում էր հեռուստասերիալների իր մարմնավորած գլխավոր հերոսներին:

Ֆիլմի հերոսներից մեկին էլ մարմնավորել էր Հոմայուն Էրշադին, մյուսին Սանդրա Դաուկշայտեն, բայց նրանց խաղը եւս չէր փրկում դրությունը:

Արցախի թեմայով ֆիլմ նկարելը պատասխանատու գործ է, նման է «ծանրաձողի», որը ոչ բոլորն են ունակ հաղթահարել, իսկ սիրողական մոտեցումը անիմաստ է, չնայած հավակնություններին, բուռն ցանկությանն ու հայրենասիրական մղումներին: Ամեն ոք պետք է իր «քաշին» ու «մարզավիճակին» վայել գործի:

Իմիջիայլոց, կրկին կարմիր գորգի ու տոնի սպասման (ֆիլմի դիտումն ինձ համար տոն է) մասին: Տարիներ առաջ Գոռ Վարդանյան անունով մի մարդ, որ սովորաբար հանդես է գալիս որպես իր ֆիլմերի ռեժիսոր, սցենարի հեղինակ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, գլխավոր դերակատար եւ այլն, նույն կարմիր գորգի ողջ «փաթեթով» ներկայացրել էր իր «Ճակատագիր» ֆիլմը: Նա էլ էր հայտարարում, որ մինչ իր գլուխգործոցը, հայ կինոն Արցախի թեմայով լուրջ ֆիլմ չի ունեցել… Ընկալման խնդիր է, ոչինչ անել չես կարող:

Բայց գոնե Արցախյան հիմնախնդրի թեմայով ֆիլմերի պարագայում արժի՞ պահել նշաձողը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` news.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Աիդա says:

    Որ ֆիլմն իսկապես թերություններ ուներ ու չարդարացրեց շատերի սպասելիքները, հաստատ է, բայց որ ֆիլմի գրաքննության պատասխանատվությունը ստանձնած մշակութային լրագրողը 82 րոպե նայել ու չի հասկացել ֆիլմի հերոսներից մեկն ով է (իր մատնանշած Ռեբեկան), որն իբր ոչ մի տեղ չի երեւում ու պարզ չէ, թե ով է, արդեն հասկանում ես, որ հարգարժան լրագրողը երեւի թե ֆիլմի կեսից գնացել է սուրճ խմելու, կամ ընթացքում պարբերաբար դուրս է եկել, որովհետեւ առանց այդ էլ կերպարները շատ չէին, որ չհիշվեին կամ նկատելի չլինեին… Ռեբեկան կար, անգամ մեկ երկու երկխոսության դրվագ կար, անգամ Ռեբեկայի ծննդաբերության դրվագը կար… գիտեք, երբ ուրիշի անփութությունը նման անփութությամբ են քննադատում, արդեն լուրջ չի ընկալվում…
    Եւ մի բան էլ, այո, պատմությունը ցավոք ցույց է տալիս, որ մենք վիրավորանքը լուռ ու մունջ կուլ տվող ժողովուրդ ենք, դա է իրականությունը…

  2. Hovik says:

    Իսկ ո՞վ է ասել, որ այս ֆիլմը Արցախի մասին է: Ավելի ճիշտ՝ արցախյան ազատամարտի: Մի ուրիշ, ավելի ծանր հարց կա, իսկ ո՞վ ասեց, որ Արցախում մենք հաղթել ենք, մենք ուղղակի չենք պարտվել, դրանք տարբեր բաներ են, շատ տարբեր…Բայց ըստ էության խոսեմ: Գրում եք՝ՙՊարզ է՝ ոչ ոք չի ուզում լքել իր հայրենիքը, բայց ինչու է նա անընդհատ վտանգի տակ ապրում՝ հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդ աղջկա հետ, որը պարզվում է՝ ժամանակին իրեն խնամած լիտվացի բուժքրոջ դուստրն է՚: Ասեմ, որ ՙնա՚ ասելով՝ նկատի ունեք Աբգարին: Մի բան էլ ասեմ, որ ֆիլմը դիտել եմ, ու հասկացել հետեւյալը, որ Աբգարը, բանից պարզվում է, անընդհատ վտանգի տակ է ապրում, քանի որ սպասում է իր աղջկան, որը կորել էր եւ գոնե Աբգարին հայտնի չէր, թե ուր էր: Եթե ֆիլմը նայել եք ամենասկզբից, սա պետք է, որ հասկացաք լինեիք: Հետո, երբ աղջիկը հայտնվում է, Աբգարը շարունակում է ապրել՝ անընդհատ վտանգի տակ, քանի որ պետք է օգնի իր ընկերոջ դստերը, իր դստեր ընկերուհուն, բացի այդ, պետք է ուշքի բերի իր աղջկան: Եւ վերջապես, աղջիկը ԻՐԱԿԱՆՈՒՄ իրեն խնամած լիտվացի բուժքրոջ աղջիկը չէ, այլ իրենն է, իրենը չէ, բայց իրենն է, մի քիչ բարդ է սա հասկանալը, բայց ավելի բարդ է, օրինակ լիտվերեն հասկանալը:
    Ամենավերջում էլ մի բան, ֆիլմը Արցախի մասին չէ, արցախյան հերոսամարտի մասին չէ, ֆիլմը մարդու մասին է, ավելի ճիշտ մարդկանց, բայց սա հասկանալու համար պետք է ֆիլմը դիտել, ըստ երեւույթին եւս մեկ անգամ, որպեսզի ավելի տեսանելի լինել թերությունները, որոնք կան եւ որոնք շատ են, եւ հասկանալի լինի գոնե միայն այն, թե ո՞վ էր Ռեբեկան…

  3. Mane says:

    Հարգելի լրագրող, Ձեզնից չէինք սպասի այդպիսի պարզունակ վերլուծություն վերջին տարիների հայկական ֆիլմային համայնապատկերի ամենաբարձր մակարդակի ֆիլմի – Վերջին բնակչի մասին: Մեկ հայի վրա ցույց տրվեց ադրբեջանցու վայրագությունը, իսկ սա ունի քաղաքական ենթատեքստ ամբողջ աշխարհի առջև…. Իսկ 3-4 անգամ Յուրգայի՝ նույն նախադասության կրկնությունը հոգեբանական-սիմվոլիկ նշանակություն ունի և կներեք, գոյություն ունի կինոգիտություն, թույլ տվեք այս բարձր մակարդակի հետաքրքիր ֆիլմը, որտեղ ամենաէպիզոդիկ դերերի դերասաններն ուղղակի փայլում էին, կինոգետները վերլուծեն:

  4. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Աիդա, Hovik եւ Մանե: Վերը նշված Ֆիլմը նայել եմ մինչեւ վերջ: Պնդում եմ, որ այն պարզունակ էր, չկար ռեժիսորական, սցենարական, օպերատորական աշխատանք, իսկ սերիալի դերասանների խաղը ինձ չտպավորեց: Այո, ես կինոգետ չեմ, բայց մշակութային լրագրող եմ, որը բազմաթիվ ֆիլմեր է նայել ու նայում: Ես կինոգետ չեմ, բայց այդ մշակութային արտադրանքի սպառողն եմ, ի վերջո Ջիվան Ավետիսյանը միայն իր ընկերների ու ընտանիքի համար չի այդ ֆիլմը նկարել, նաեւ ինձ համար է նկարել, որովհետեւ նաեւ պետությունն է դրա համար վճարել: Իսկ պետության փողը գոյանում է իմ եւ մյուս քաղաքացիների վճարած հարկերից: Մնում եմ նույն կարծիքին, որ սա օրինակ էր, թե ինչպես չպետք է կինո նկարել:
    Նաեւ հաշտվեք մի մտքի հետ, որ ի վերջո ճաշակները տարբեր են: Ձեր համար Ջիվան Ավետիսյանը գուցե Ֆելինիին հավասար կինոռեժիսոր է, ֆիլմն էլ, գլուխգործոց, ինձ համար վատագույն տեսահոլովակի նման մի բան էր: Ինչ վերաբերում է կինոգետներին, կինոքննադատներին, ով է իրենց խանգարում հանդես գալ հօգուտ ձեր պատկերացրած բարձր մակարդակի ֆիլմի:
    Հարգանքով Գոհար
    Հ. Գ. Ռեժիսորների հավակնոտության տակ սովորաբար տրամաբանութուն է լինում, որը կոչվում է ՏԱՂԱՆԴ:

  5. Մարիա Թոքմաջյան says:

    Դրամատուրգիայի, սցենարի խնդիր է․․․Պարզ, հուզիչ, էմոցիաներին դիպչող և ապրումակցել ստիպող մարդկային պատմություն պատմել չգիտեն։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031