Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի թուրք պատգամավոր. «Երիտթուրքերը դավաճաններ են. Թալեաթն ու Էնվերը՝ ոճրագործներ»

Հուլիս 12,2016 22:55

 Հարութ Սասունյան

 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը հանդես եկավ կրքոտ ելույթով՝ ի պաշտպանություն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի՝ միաժամանակ ընդունելով Գերմանիայի մեղսակցությունը այս զանգվածային ոճրագործության մեջ:

Օզդեմիրը ծնվել է Գերմանիայում, թուրք և չերքեզ գաղթականների ընտանիքում: Թուրքական ծագումով առաջին անձն էր, որ ընտրվեց Բունդեսթագում (1994-2002 թթ.): 2013 թվականին նա վերադարձավ Գերմանիայի խորհրդարան՝ Եվրախորհրդարանում 2004-2009 թթ. պատգամավոր լինելուց հետո:

Շնորհիվ Բունդեսթագի բոլոր կուսակցությունների աջակցության՝ Հայոց ցեղասպանության բանաձևը, որի համար Օզդեմիրը վաղուց պայքարում էր, ընդունվեց Գերմանիայի խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ (միայն 1 դեմ և 1 ձեռնպահ):

Ստորև թարգմանաբար ներկայացված են հատվածներ Օզդեմիրի ուշագրավ ելույթից, որով նա հանդես եկավ Բունդեսթագում հունիսի 2-ին՝ կրծքին կրելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհրդանիշ «անմոռուկ» նշանը.

«Ժամանակի նպատակահարմարության մասին ոչ մի հարց չի կարող լինել, երբ խոսք է գնում ցեղասպանության նման աներևակայելի դաժանության մասին: Մենք գիտենք, որ երկար և հոգնեցուցիչ ձգձգումներից հետո, Գերմանիան, որպես ոճրագործության մեղսակից, այդ իրադարձությունը բացահայտորեն անվանում է իր իսկական անունով…. Սա Գերմանիայի պատմության մի մասն է»: Օզդեմիրը հիշեցրեց Գերմանական կայսրության կանցլեր Բեթման Հոլվեգի սառնասիրտ ու դաժան խոսքերը. «Մեր միակ նպատակը Թուրքիային պատերազմի ընթացքում մեր կողքին պահելն էր և նշանակություն չուներ՝ հայերը կբնաջնջվեին, թե ոչ»:

Օզդեմիրն ազդեցիկ հայտարարությամբ ուղղակիորեն դիմեց Բունդեսթագի նիստին մասնակցող հայ հյուրերին. «Միայն այն պատճառով, որ մենք անցյալում մեղսակից ենք եղել այս սոսկալի ոճրագործությանը, չի նշանակում, որ այսօր էլ պատրաստվում ենք կանգնել ժխտողների կողքին»:

Օզդմիրը հորդորեց Գերմանիայի միլիոնավոր թուրք բնակիչներին՝ հպարտանալ ցեղասպանության ժամանակ հայերին փրկած «հերոս թուրքերով», և ոչ թե «Թալեաթի ու Էնվերի նման ոճրագործներով»:

Այնուհետև թուրքական ծագումով գերմանացի խորհրդարանականը հայտարարեց, որ իրեն ցավ պատճառող ամենատգեղ արտահայտությունը Թուրքիայում «հայ» բառի օգտագործումն է իբրև «հայհոյանք»: «Նրանք ինձ հարցնում են, թե արդյոք ես հայ եմ: Ես հայ լինելը իբրև անարգանք չեմ ընդունում: Սերելով սուննի մահմեդական ընտանիքից, Արևելյան քրիստոնեությունը ինձ անհանգստություն չի պատճառում»:

Օզդեմիրը մեջբերեց իր ստանբուլահայ բարեկամ Հրանտ Դինքի խոսքերը, որն սպանվել էր Ստամբուլում մի թուրք ծայրահեղականի կողմից. «Եթե այսօր հայերն ապրեին Վանում, այդ քաղաքը կդառնար Արևելքի Փարիզը»:  2015 թ. մարտին Հայաստան կատարած այցելության ժամանակ Օզդեմիրը Սիվիլնեթին տված իր հարցազրույցում անդրադարձավ Դինքի հայտարարությանը. «Ես գնացի ցեղասպանության թանգարան և կարդացի այն մարդկանց անուններն ու մասնագիտությունները, որոնց մենք կորցրել էինք: Նրանք Ստամբուլի ամենահեռատես և վառ մտավորականներն էին և նրանք սպանվեցին` սկսած ճարտարապետներից, մտավորականներից,  լրագրողներից, գրողներից… Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց իր պատմության մեջ ամենաառաջադեմ քաղաքացիներին: Օսմանյան կայսրությունը ահռելի մեծ կորուստ է կրել:  Ես կարծում եմ, որ այսօր Թուրքիան առավել զարգացած երկրների թվում չլինելու պատճառներից մեկն այն է, որ երիտթուրքերը հերոսներ չէին, այլ դավաճաններ: Նրանք մեծ վնաս հասցրեցին հայերին, ասորիներին, հույներին, ինչպես նաև թուրքերին»:

Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավորն իր ինը րոպեանոց ելույթը, որը բազմիցս ընդհատվեց բուռն ծափահարություններով, ավարտեց հայտարարելով, որ «Բունդեսթագի պատգամավորներին վտանգ չի սպառնում իրենց կարծիքն արտահայտելու համար: Ես վստահ եմ, որ ինձ չեն ձերբակալի խորհրդարանից տուն վերադառնալու ճանապարհին կամ իմ պատգամավորական անձեռնմխելիությունը չի վերացվի: Ինձ չեն ծեծի կամ սպանի: Նույն բանը չեմ կարող ասել Թուրքիայի իմ պաշտոնակիցների մասին»:

Այնուամենայնիվ, Օզդեմիրը չէր սպասում, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումից հետո, նա և Գերմանիայի խորհրդարանի իր տասը թուրք պաշտոնակիցները կհայտնվեն ոստիկանության հսկողության տակ՝ թուրք ծայրահեղականների կողմից մահվան բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո:

Նախագահ Էրդողանը, հիտլերյան ժամանակաշրջանի ռասայական ստուգումներ հիշեցնող իր հայտարարության մեջ, առաջարկեց Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորներին արյան քննություն կատարել՝ իրենց «թուրք» լինելն ապացուցելու համար: Մինչ այդ, Օզդեմիրի հոր հայրենի Թոքատ (Թուրքիա) քաղաքի պաշտոնյաները նրա անունը ջնջեցին քաղաքի պատվավոր մարդկանց ցանկից:

Սակայն, Գերմանիայի դեմ ամպագոռգոռ սպառնալիքներ անելուց հետո, Էրդողանը ստիպված եղավ զսպել ինքն իրեն, հասկանալով, որ նման անպատասխանատու քայլերը կարող են կործանարար ազդեցություն ունենալ հենց Թուրքիայի արդեն փլուզվող տնտեսության վրա…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031