Այսօր Գյումրու քաղաքապետն ընդունեց Վենեսուլայում հաղթանակած ու օլիմպիական ուղեգրով եւ մրցաշարի ոսկե մեդալով գիշերը Գյումրի վերադարձած բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին: «Պատկերացրեք էս փոքր քաղաքից վեց մասնակից ունենք օլիմպիական խաղերի, թեև Հայաստանից 33 մասնակից են, սա ռեկորդ է: Ափսոս, չեմ կարող ես գալ, չնայած մեծ ցանկություն ունեմ, Բրազիլիայում չեմ եղել, ափսոս, բայց օլիմպիական կոմիտեի նախագահը՝ Ծառուկյանը կգա ձեր հետ, սպասենք լավ խաբարի: Ես հույս ունեմ Գյումրի Ռիոից ոսկե մեդալներ կմտնեն, ի՞նչ կարծիքի ես Բաչկով»,-հարցրեց Գյումրու քաղաքապետը: Տեսնելով, որ Բաչկովը շատ համեստ է իրեն պահում, ոչ մի ավելորդ խոստում չի տալիս, Սամվել Բալասանյանը շարունակեց. «Բաչկով, մի բան ասա, խոստում չունե՞ս տալու»: Այնուհետ բռնցքամարտիկին խստորեն պատվիրեց. «Խոստացի, որ խփելու ժամանակ ինձ խոստում ես տվել, նոկաուտ կանես»:
Այնուհետ շամպայնի բաժակներ բարձրացրեցին՝ շնորհավորելով Բաչկովի հաղթանակն ու հաջողություն մաղթելով մեր մասնակիցներին:
Շիրակի մարզպետարանի մշակույթի ու սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գյումրիից օգոստոսին 5-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք օլիմպիական խաղերին այս պահի դրությամբ կմասնակցեն 7 մարզիկ, հնարավոր է թիվն ավելանա, դառնա 8: «Ամալյա Շառոյանը՝ աթլետիկա, Արթուր Ալեքսանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտ, Հովհաննես Դավթյանը՝ ձյուդո, բռցաքամարտիկներ Հովհաննես Բաչկով, Արթուր Հովհաննիսյան, այս պահի դրությամբ ունենք երկու ծանրամարտիկ՝ Նազիկ Ավդալյանը, Գոռ Մինասյանը, 8-րդը ծանրամարտիկ է լինելու, վերջին ուսումնամարզական հավաքի ժամանակ որոշվելու է նրա անունը, հավանական է կլինի մեր ծանրորդը՝ Քրիստինե Պետրոսյանը: Գիտեք, որ Հռիփսիմե Խուրշուդյանին 2008 թվականի դոպինգ ստուգման արդյունքում թույլ չեն տվել մասնակցել օլիմպիական խաղերի, իսկ Հայաստանի հավաքականը ուներ երկու ուղեգիր, մասնակիցներից մեկը մեր Նազիկ Ավդալյանն է, քանի որ Հռիփսիկի հարցը դուրս է եկել, հիմա նրանք ուսումնամարզական հավաքի են, կորոշվի՝ ով է լինելու», -ասաց Շիրակի մարզպետարանի պաշտոնյան:
Կարդացեք նաև
Ի դեպ, Հովհաննես Բաչկովը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ուզում խոստումներ տալ, երբ կանխատեսումներ է անում ու խոստումներ տալիս, դրանք շատ վատ են անդրադառնում իր վրա: Սակայն, նա ասաց, որ առավելագույնս կանի հայ ազգին ուրախություն պարգևելու համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ