Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը հիշեց իր ավարտական երեկոն. ապագա բժիշկները Հիպոկրատի երդում տվեցին

Հուլիս 12,2016 20:55

«Ստանալով բժշկի բարձր ու պատվավոր կոչում և անցնելով բժշկական գործունեության՝ երդվում եմ լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդը, բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները…»:

Հուլիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2015-2016 ուստարվա շուրջ 700 շրջանավարտներ ստացան ավարտական վկայականներ: Այնուհետև տեղի ունեցավ ապագա բժիշկների երդման արարողությունը:

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով: Երեկոն երաժշտական հնչյուններով զարդարում էր Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Հանդես եկան նաև մշակույթի այլ գործիչներ:

Բժշկական համալսարանի շրջանավարտներին շնորհավորեց բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև հանձնեց գերազանցության դիպլոմները:  Երեկոյին ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը վստահեցրեց, որ Բժշկական համալսարանն այսօր իր կարևոր դերակատարությունն ունի այս ոլորտում, ինչի մասին վկայում է բուհի հեղինակությունը. «Կրթության հիմնական դերակատարումը աշխատաշուկային սպասարկելն է, հատկապես մեր երկրներում, երբ սոցիալական լարվածություն, գործազրկության հետ կապված խնդիրներ կան: Բարձրագույն կրթությունն ապահովում է  տվյալ մասնագիտության շարունակականությունը, և բժշկի մասնագիտությունը տվյալ դեպքերի համար անվտանգության ապահովման առումով էլ լուրջ դերակատարություն ունի»:

Բուհի ռեկտորն էլ տեղեկացրեց, որ շրջանավարտները դեռ պետք է շարունակեն ուսումը, քանի որ բժշկական բարձրագույն կրթությունն ունի երկու բաղադրիչ՝ բազային կրթություն և հետդիպլոմային մասնագիտական կրթություն. «Այս երիտասարդների առաջ լուրջ խնդիր է  կանգնած. ինչպես ընտրել մասնագիտություն: Մենք անում ենք ամեն ինչ, որ իրենք ընտրեն այն մասնագիտությունը, որ իրենց է  դուր գալիս և բացահայտվեն այն ունակությունները, որոնցով նրանք համապատասխան կլինեն մասնագիտական պահանջներին»:

ՀՀ ԱԺ պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կարեն Ավագյանն ակամայից հիշեց իր ավարտական երեկոն. «Իրականում այս երեկոն ցանկացած բժշկի համար հիշարժան է դառնում: Դա այն սահմանն է, որտեղից այս ուսանողները տեղափոխվում են առողջապահական համակարգ: Մի բան է, երբ դու ուսուցանում ես այդ համակարգում, մեկ այլ բան, երբ ողջ պատասխանատվությունը քեզ վրա ես վերցնում: Բժշկական համալսարանի ուսանողությունը միշտ պատվով է այդ պատասխանատվությունը վերցրել ցանկացած աշխատանք իրականացնելուց: Ոչ բոլորն են դառնում բժիշկներ, ինչպես տեսնում եք, բայց ամեն դեպքում որտեղ էլ լինում են մեր շրջանավարտները պատասխանատվությունը, մարդասիրությունը, աշխատանքին վերաբերմունքը մի փոքր առանձնահատուկ է. դա գալիս է մասնագիտությունից»:

ԵՊԲՀ շրջանավարտների երդման արարողությունը կազմակերպել էր ԵՊԲՀ ռեկտորատը, ուսանողական խորհրդարանն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031