Հուլիսի 12-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստ, որը վարում էր եւ ելույթ ունեցավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ներկա էր տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Օրակարգի հարցերի համաձայն՝ նիստում զեկուցողները ներկայացրեցին մարզում գյուղատնտեսական աշխատանքների վիճակի, կարկտահարության պատճառած վնասների,համայնքներում հանրային իրազեկման ոլորտում կատարվող աշխատանքների, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին կից գոտում քաղաքաշինական նորմերի պահպանման վիճակի, մարզի քաղաքային համայնքներում գերեզմանատները շահագործող կազմակերպությունների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն:
Մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հուլիսի 6-ի որոշման համաձայն սեպտեմբերի 18-ին Նոյեմբերյան, Այրում, Կողբ, Ազատամուտ, Աճարկուտ, Բերքաբեր, Գանձաքար, Լուսաձոր, Դիտավան, Սեւքար, Կիրանց, Վազաշեն, Այգեպար, Այգեձոր, Արծվաբերդ, Տավուշ, Իծաքար, Վերին Ծաղկավան. Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Նավուր, Նորաշեն, Չինչին, Չինարի համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, Այգեհովիտ, Ենոքավան, Գետահովիտ,Բերդ,Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Պառավաքար համայնքներում՝ համայնքի ղեկավարի, Աչաջուր, Ակնաղբյուր, Լուսահովիտ,Ներքին Ծաղկավան, Վարագավան համայնքներում՝ ավագանու անդամների հերթական ընտրություններ:
Կարդացեք նաև
Նշվեց, որ խոշորացված Նոյեմբերյան համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը, Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջեւան, Դովեղ եւ Բերդավան գյուղերը, Այրում համայնքը՝ Այրում քաղաքը, Լճկաձոր, Արճիս, Հաղթանակ, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան եւ Բագրատաշեն գյուղերը, Կողբ համայնքը ներառում է Կողբ եւ Զորական գյուղերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ