Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր արած դաժանության դիմաց ցմահ էլ տան՝ զրո է». որն է 2 երեխաների մոր կոկորդը կտրած հոր արդարացի պատիժը

Հուլիս 12,2016 19:35

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հեղինե Դարբազյանի աղմկահարույց սպանության գործով դատական նիստն էր:

Սպանությունից անցել է մոտ մեկ տարի: Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում դաժանաբար սպանվել էր 38-ամյա Հեղինե Դարբազյանը: Երեխաների հայրը՝ Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակի 30 հարվածով սպանել նրան:

Այսօր դատական նիստը ծանր մեկնարկ ուներ. մասնակցում էր Հեղինեի երեխան՝ 14-ամյա Կարենը: Նա դատարանի դահլիճում նստել էր հնարավորինս հետեւի շարքերում, հնարավորինս անտարբեր՝ առանց նայելու հոր ուղղությամբ: Մորը սպանած հայրն էլ չէր կարողանում նայել որդու աչքերի մեջ ու նիստի ավարտից անմիջապես հետո շտապեց հեռանալ:

IMG_6742[1] IMG_3410[1]

Դատական նիստը հետաձգվեց, որովհետեւ ամբաստանյալ Արտակ Առաքելյանի պաշտպանը չէր եկել, նա էլ չցանկացավ առանց իր պաշտպանի դատը շարունակել:

Նիստից հետո մեզ հետ զրույցում երեխան՝ Կարենը, մեր հարցին՝ ի՞նչ դատավճիռ ես սպասում, որ լինի, ի՞նչ ես զգում՝ խորը հոգոց հանեց. «Զգացմունքներս…իրա՞ հանդեպ (նկատի ունի հորը) բոլորիս զգացմունքները նույնն են, սպասում ենք արդար դատավճռի»:

Թե ի՞նչ նկատի ունի՝ արդար դատավճիռ ասելով՝ տղան դժվարացավ որեւէ պատասխան գտնել: Ավելի ուշ Հեղինեի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինչպե՞ս կարող է Կարենը պատասխանել, թե որն է արդար դատավճիռն այդ արարքի համար՝ իր մորը դաժանաբար սպանելու համար: Ես ինքս ամբողջ գիշեր մտածել եմ՝ ո՞րն է այն պատիժը, որն արդար է ու նորմալ, այդ ի՞նչ պատիժ պիտի լինի, որ իմ ուղեղը կարողանա ընկալել դա ու ընդունել: Ես, եթե ցմահ ազատազրկման վճիռ էլ լսեմ՝ չեմ ընկալելու, քիչ է: Իմ պատկերացմամբ մեջ ինքը գնալու է մի տեղ հանգիստ նստի, բերելու են իր հացը տան, ուտի, պառկի, քնի, վեր կենա: Իր արած դաժանության դիմաց դա զրո է, անկեղծ: Ես չգիտեմ որն է այն դատավճիռը, որ ես մտածեմ՝ դա արդար էր, ճիշտ էր: Երբ ես մտնում եմ եկեղեցի, առաջին բանը, որ ասում եմ՝ քույրիկիս հոգուն հանգստություն: Բայց միանգամից հաջորդ միտքն է գալիս՝ եթե դու լինես, երկու երեխա թողած լինես այսպես, դու կհանգստանա՞ս՝ չես հանգստանա: Իսկ իր նման տականքի համար ինչ էլ տան՝ ինձ համար քիչ է: Եթե ինքը իմ ձեռքը լիներ, եթե հասներ նրան, որ ինքը իմ ձեռքում լիներ, ես իրեն չէի խփի դանակով, կպահեի ինչ-որ տեղ ու ամեն անգամ մի հատ գիծ, մի հարված կհասցնեի, որ ինքը զգար ինքը ինչ է արել: Թե չէ կալանավայրում նստի, ուտի, խմի՝ ինքը չի զգա ինչ է արել: Իր հայացքին  նայեք՝ ինքը մի՞թե զգում է ինչ է արել: Այնպես է նստում հպարտ, ոնց որ ես եմ արել, ես եմ սպանել»:

Հեղինեի քույրն ասաց, որ իրենց փաստաբանն ասել է, որ օրենքով Արտակ Առաքելյանի արարքի համար նախատեսվում է 12-14 տարի ազատազրկում, անգամ ցմահ չի նախատեսվում. «Դատախազը գտնում է, որ մինչեւ այսօր դավաճանության որեւէ փաստ չկա, ապացուցված չէ, ուստի սա սպանություն է՝ շահադիտական նպատակներով, ոչ թե խանդի հողի վրա, ինչպես ներկայացնում են»:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 9-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031