Հուլիսի 12-ին «Մեդիամաքս» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ աշխարհի առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում» թեմայով երրորդ նիստը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ:
Ջերմորեն ողջունելով երիտասարդներին՝ «Մեդիամաքս» լրատվական կենտրոնի տնօրեն Արա Թադևոսյանը կարևորեց նման մեծ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող երիտասարդների համախմբումը հայրենիքում և նրանց մասնակցությունը երկրի զարգացման գործին: Նա անդրադարձավ հայկական շահերի պաշտպանության գործում լրատվամիջոցների դերակատարությանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի տնօրենի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրեց ԶԼՄ-ների տարաբնույթ կողմնորոշումները, կողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և, մասնավորապես, քառօրյա պատերազմի ընթացքում: Նա նշեց, որ լրագրողների համար հակամարտությունները պատմությունների հակամարտություն են, պետք է կարողանալ օտարերկրացիներին ճիշտ, հասկանալի և ազդեցիկ կերպով ներկայացնել մեր պատմությունը՝ դրական ընկալումների հասնելու համար: Հովհաննես Նիկողոսյանն անդրադարձավ այն մեխանիզմերին, որոնց շնորհիվ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվությունը կլինի ամփոփ և ազդեցիկ, նա խոսեց այն տեղեկատվական խնդիրների մասին, որոնք վերաբերում են հակամարտությունը ներկայացնելուն, դրա առանձնահատկություններին՝ կարևորելով նմանատիպ հակամարտությունների զուգահեռներում այն ներկայացնելը, ընդունված և ընկալելի տերմինների ու բնորոշումների կիրառմամբ: Բանախոսը անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի օրերին սփյուռքյան մամուլի արձագանքներին:
Նա խորհուրդ տվեց ճշտել ինֆորմացիան, զերծ մնալ վտանգավոր տեղեկատվական աղբից, այն չկիրառել հայկական տեղեկատվական դաշտում:
Կարդացեք նաև
«Մեդիամաքս» լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը հանդես եկավ «Ապրիլյան ռազմական և տեղեկատվական պատերազմները» զեկույցով, նա անդրադարձավ քառօրյա պատերազմի օրերին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների գործունեությանը, լրատվադաշտի կրած դինամիկ փոփոխություններին և այն թերություններին, որոնք ի հայտ եկան: Փորձագետը նշեց, որ թեև սոցիալական հարթակներում հայ հանրությունը համախմբվեց, սակայն եղան լուրջ բացթողումներ, հայկական լրատվամիջոցները և մեդիա փորձագետները, լուրջ աշխատանքներ իրականացրին, զգուշացնելով վտանգների, կեղծ կայքերի, ապատեղեկատվական աղբյուրների մասին, սակայն հայկական լրատվական հանրությունը պատրաստ չէր նման հանկարծակի և ուժեղ տեղեկատվական պատերազմի, առկա էր մեդիագրագիտության, շրջահայացության և զգուշավորության պակաս:
Փորձագետ Միքայել Յալանուզյանը տեսաշարով ներկայացրեց «Ապրիլյան պատերազմը համաշխարհային մեդիայում» զեկուցումը՝ անդրադառնալով հայկական և ադրբեջանական լրատվադաշտերի ազդեցությանը միջազգային լրատվամիջոցների հրապարակումների վրա:
«Զորակն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հանդես եկավ «Սոցցանցերի «դիպուկահարներն» ու «հետախույզները»» զեկուցումով: Նա նկարագրեց տեղեկատվական միջավայրը քառօրյա պատերազմի ժամանակ և նշեց, որ կտրուկ աճեց տեղեկատվություն ստանալու պահանջը, ի հայտ եկան տեղեկություններ ձեռք բերելու հետ կապված դժվարություններ, ակտիվացան ապատեղեկատվական հոսքերը, հաքերական հարձակումները, ծանրաբեռվեցին տեղեկատվական ենթակառուցվածքները: Զգացմունքային դրսևորումները սոցցանցերում և լրատվամիջոցներում որոշակի ազդեցություն ունեցան լրատվության շրջանառության վրա: Բանախոսը կարևորեց պաշտոնական լրատվության համակարգված տարածումն ու արագ արձագանքելը, զգուշավորությունն ու տեղեկատվությունը ստուգելու սկզբունքայնության կիրառումը:
Վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Բանախոսները պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին:
Երեկոյան երիտասարդական հավաքի մասնակիցները դիտեցին ռեժիսոր Վահե Յանի «Արմատներ» ֆիլմը:
ՀՀ սփյուռքի նախարարություն