«ՏԻՄ համակարգում առաջարկվող փոփոխությունները, որոնք միտված են ավագանու ինստիտուտի պատասխանատու դերակատարման բարձրացմանն ու խարսխված են ավագանու անդամների քաղաքական մոտիվացիայի վրա, ապագա խոստացող համակարգ են: Մենք առաջնորդվել ենք այդ կարեւորագույն թեզով, ունենալով նաեւ Երեւանի օրինակը, նաեւ Գյումրու տեղական ինքնակառավարման կայացման սահմանադրորեն նախատեսվող այս հնարավորությունները, մեր կուսակցությունը որոշում էր կայացրել մասնակցություն ունենալ Գյումրու ավագանու ընտրություններին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը`բացատրելով կուսակցության որոշումը`Գյումրու քաղաքապետի ընտրություններում դաշինք կազմել ՀՀ-ի հետ եւ քաղաքապետի պաշտոնում սատարել Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Մեր զրուցակիցն ասում է, որ անկախ ամեն ինչից ՀՔԴՄ-ն որոշել էր Գյումրիում սատարել Սամվել Բալասանյանի թեկնածությունը. «Քանի որ վերջին տարիներին Բալասանյանի գործունեությունն իր բոլոր բացթողումներով հանդերձ դրվատանքի արժանի է, մենք հանդես եկանք առաջարկությամբ`դաշինք ձեւավորելու մասին եւ այդ դաշինքով մի կողմից պաշտպանենք Բալասանյանի թեկնածությունը, մյուս կողմից, այդ դաշինքը, փաստորեն, դարձնենք հիմք`այլ քաղաքական միավորների միանալու համար: Քանի որ մենք համապետական մակարդակով համագործակցում ենք ՀՀԿ-ի հետ, բնական է, որ մեր առաջարկը պետք է ՀՀԿ-ին ուղղված լիներ, առավել եւս, որ ՀՀԿ-ն առաջարկելու է եւ պաշտպանելու է Բալասանյանի թեկնածությունն իբրեւ Գյումրու քաղաքապետ»:
Մեր զրուցակիցն ասում է, որ ՀՀԿ Գյումրու ստորաբաժանումը համաձայնություն է տվել իրենց առաջարկին, հիմա սպասում են ՀՀԿ-ի վերնախավի որոշմանը. «Կարծում եմ, ընդհանուր մոտեցման կգանք եւ Գյումրու ընտրություններին կմասնակցենք քաղաքական առումով կայացած դաշինքով: Առաջիկա ընտրություններում մենք կարեւորում ենք ավագանու դերակատարումը եւ որ ավագանու անդամների գործելակերպի քաղաքական շարժառիթը գերակա դառնա: Նրանք պատասխանատու լինեն ոչ միայն ընտրողների, այլ նաեւ սեփական կուսակցության առջեւ: Սա դրական գործոն է դառնալու Գյումրու ավագանու գործունեության համար»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ ՀՀԿ-ՀՔԴՄ դաշինքի որոշումը եւ Սամվել Բալասանյանի թեկնածության սատարումը հենց ՀՀԿ-ի վերնախավից է իջել, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ինձ ոչ ոք չի հուշել, որպեսզի ես պաշտպանեմ Բալասանյան Սամվելի թեկնածությունը: Ես խորհրդակցել եմ մեր կուսակցության անդամների հետ, նրանք էլ են այն կարծիքին, որ Սամվել Բալասանյանն աջակցության արժանի թեկնածություն է: Դրան գումարած, ես գիտեի Սամվել Բալասանյանի նկատմամբ ՀՀԿ-ի դրական վերաբերմունքը: Քանի որ ՀՀԿ-ի հետ տեւական ժամանակ ունենք համագործակցության լուրջ եզրեր, փորձառություն եւ հմտություն, ապա առաջարկն այդպես հնչեց»:
Կարդացեք նաև
Հարցին`ՀՔԴՄ-ականներին չէ՞ր կաշկանդում այն հանգամանքը, որ Սամվել Բալասանյանը մի քանի կուսակցություններ է փոխել, Խոսրով Հարությունյանն ասաց. «ՏԻՄ համակարգի առանձնահատկությունն այն է, որ թեպետ մենք հիմա խոսում ենք քաղաքական մոտիվացված գործունեության մասին, բայց անհամեմատ ավելի կարեւոր է տեղական նշանակության խնդիրները ճանաչելու, հասկանալու կարողություններն ու ունակությունները`հատկապես առաջին դեմքի համար: Հիմա Սամվել Բալասանյանն անհամեմատ ավելի փորձառու է, քան չորս տարի առաջ էր»:
Մյուս հարցին`այս դաշինքը նշանակո՞ւմ է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում էլ ՀՀԿ-ՀՔԴՄ համագործակցությունը կպահպանվի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Շատ հեռուն գնացող եզրակացություններ եկեք չանենք, բայց ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ՀՔԴՄ համագործակցության ապագային ինչ-որ բան խանգարում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ