Հուլիսի 12-ին «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի «Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի անդամներն այցելեցին «ԱՅԲ» դպրոց:
Երիտասարդներին ողջունեց «Այբ» դպրոցի տնօրեն, «ABBYY» ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը: Նա ներկայացրեց դպրոցի ծրագրերը, առաջիկա անելիքները: «Այբ» դպրոցի տնօրենը նշեց, որ շատ մեծ հույսեր է կապում երիտասարդների հետ: «Վերջապես մեկնարկել է շատ սպասված ծրագիրը և ժամանակն է գործի անցնելու, իրականացնելու ապագային, Հայաստանի հզորացմանը միտված ծրագրերը»:
Հավաքի մասնակիցները հագեցած ու արդյունավետ օր անցկացրին դպրոցում, դասախոսություններ լսեցին, ինտերակտիվ քննարկումների մասնակցեցին, այցելեցին փորձարարական լաբորատորիա, որտեղ աշակերտներն իրականություն են դարձնում ամենաանհավանական, հետաքրքիր գաղափարները :
Կարդացեք նաև
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պրոֆեսոր, նույն համալսարանի Ճարտարագիտության բաժանմունքի դեկան Արամ Հաջյանը դասախոսությունը շարունակեց աշխույժ թիմային աշխատանքով: Իրենց մասին տեղեկությունների յուրօրինակ փոխանակումից, հարց ու պատասխանից հետո երիտասարդներն ավելի լավ ճանաչեցին իրար, ծավալվեց աշխույժ ու անբռնազբոս քննարկում-բանավեճ:
Իր մեկնարկային ծրագիրը տեսաշարով ներկայացրեց «Armdatalab»-ի հիմնադիր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս Արթուր Խալաթյանը: Նա հանգամանորեն ծանոթացրեց ծրագրից օգտվելու կանոններին, ներկայացրեց ծրագրի հնարավորություններն ու նպատակը: Զեկուցողը նշեց, որ ծրագիրը նոր սերունդը կրթելու, գիտությունը զարգացման նոր հանգրվանի բերելու բացառիկ հնարավորություն է տալիս: «Հուսով եմ, մեկ տարի հետո, երբ դուք վերադառնաք ու նորից հանդիպենք, հպարտությամբ կպատմեք ձեր հաջողությունների մասին»:
«Տուրիզմ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» վերնագրով զեկուցում ներկայացրեց «Idea» հիմնադրամի տուրիզմի ծրագրերի ղեկավար Արմինե Իսրաելյանը:
Հետաքրքիր տեսանյութեր ու թարմ գաղափարներ ներկայացրեց «Trianda Studio»-ի հիմնադիր Արա Աղամյանը:
Հետաքրքիր ծրագրերով հանդես եկավ նաև «Kolba Lab-UNDP»-ի ներկայացուցիչ Մարինա Մխիթարյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ