Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձեցի գտնել մի թուրքի, որը պարզում է՝ իր մեջ հայի արյուն կա». ռեժիսոր

Հուլիս 12,2016 17:51

2015 թվականին մի թրքուհի պարզում է, որ մեծ տատը Ցեղասպանությունը վերապրողներից է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու 100-րդ տարելիցին: Մայան այս խնդրի մարմնավորումն է, քանի որ և՛ հայ է, և՛ թուրք: Նրա ներսում երկու մարդ է ապրում. մեկը տառապում է Ցեղասպանության պատճառով, մյուսը՝ հերքում այդ փաստը:

Լոս Անջելեսում ապրող հայ ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

«Պապիկս ու տատիկս Հայոց ցեղասպանությունից փրկվածներ են: Ես շատ էի ցանկանում որևէ ֆիլմով անդրադառնալ այդ թեմային: Բայց այնպես, որ ոչ թե կոնկրետ Հայոց ցեղասպանության, այլ մարդկային տանջանքի մասին լիներ: Դրա համար փորձեցի գտնել մի թուրքի, որը պարզում է՝ իր մեջ հայի արյուն կա: Ինձ հետաքրքրում էր այդ ներքին հակամարտությունը»,- այսօր լրագրողների  հետ հանդիպման ժամանակ ասաց Նարե Մկրտչյանը:

Նրա համար դժվար է եղել գտնել այնպիսի թուրքի, որը տեսախցիկի առաջ կխոսի Հայոց ցեղասպանության և իր ինքնության մասին:

«Ի վերջո գտա Մայային: Չգիտեի, որ նա չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, քանի որ մեր նամակագրության մեջ գործածում էր այդ բառը: Իսկական շոկ էր ինձ համար, որ տեսախցիկի առաջ չասաց ցեղասպանություն: Ֆիլմը նկարահանելուց մեկ տարի հետո խոստովանեց, որ շատ վատ է զգում, որ վախի պատճառով չի կարողացել ասել այդ բառը»,- պատմեց ամերիկահայ ռեժիսորը:

«Տան մյուս կողմը» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 13-ին և 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031