Վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, կարծես, թևակոխել է բոլորովին նոր (և շատ ավելի մասշտաբային) փուլ: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ղարաբաղյան հակամարտության թեման արծարծվում է գերտերությունների դերակատարների հեռախոսազրույցներում և հանդիպումներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մշտապես «կապի մեջ են» այդ դերակատարների հետ:
Քերի-Լավրով-Շտայնմայեր
Մասնավորապես՝ առանձնակիորեն աչքի է ընկնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվությունը: Միայն հունիս ամսվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը միմյանց հետ երեք պաշտոնական հեռախոսազրույց են ունեցել՝ հունիսի 4-ին, 13-ին, 21-ին (հունիսի 4-ից առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև մայիսի 29-ին): Բոլոր այս հեռախոսազրույցներում, Ուկրաինայի եւ Սիրիայի հետ միասին, քննարկվել է նաև Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային կարգավորման գործընթացը, բոլորում հատուկ ուշադրություն է դարձվել մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, իսկ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ՝ Սարգսյան-Ալիև-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո կայացած հեռախոսազրույցներում՝ նաև այդ հանդիպմանը:
Հուլիս ամսվա ընթացքում Քերին եւ Լավրովը արդեն զրուցել են մեկ անգամ՝ հուլիսի 5-ին, իսկ հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ պետքարտուղարը հուլիսի 14-ին պատրաստվում է այցելել Սանկտ Պետերբուրգ, ինչի ընթացքում ևս քննարկվելու է Ղարաբաղյան հարցը:
Կարդացեք նաև
Նաև՝ հուլիսի 2-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Դրանից առաջ՝ հունիսի 29-ին, Շտայնմայերն այցելել էր Երևան, այնուհետեւ՝ Բաքու: տարածաշրջանային այս այցերի ընթացքում, բնականաբար, տեղի էին ունեցել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումները Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Սրանից զատ, նշենք, որ հուլիսի 4-ին Սերգեյ Լավրովը ժամանել էր Երևան, իսկ հուլիսի 11-12-ին գտնվում է Բաքվում: Բնականաբար, բոլոր դեպքերում վարվում են համապատասխան բանակցություններ:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
Ռուսական կողմի ակտիվությունից զատ՝ ակտիվ կապեր է պահպանում նաեւ Վաշինգթոնը: Նույն հունիս ամսվա ընթացքում՝ ամսի 30-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զանգահարել էր Սերժ Սարգսյանին, միաժամանակ, տեղի էր ունեցել Ջոն Քերիի հեռախոսազրույցը Իլհամ Ալիևի հետ:
Արդեն հուլիսի 8-ին՝ Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում, տեղի են ունեցել Քերիի երկկողմանի հանդիպումները Սարգսյանի եւ Ալիևի հետ: Վարշավայի գագաթաժողովի ընթացքում Մոսկվայի եւ Վաշինգթոնի ակտիվությանն է միանում նաեւ ԵԱՀԿ երրորդ համանախագահող կողմը՝ ի դեմս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ով հանդիպումներ է ունենում ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Իլհամ Ալիեւի հետ:
Նախագահական հեռախոսազրույցներ
Արտգործնախարարների մակարդակով շփումներից բացի, Ղարաբաղյան հակամարտության թեման արծարծվել է նաև նախագահների հեռախոսազրույցներում: Մասնավորապես՝ հունիսի 30-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցը (կրկին՝ Արցախի հարցով): Իսկ հուլիսի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս քննարկում են Ղարաբաղյան հիմնահարցը: Զրույցի ընթացքում, համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, Պուտինը ներկայացրել է Սանկտ-Պետերբուրգում վերոհիշյալ հանդիպման արդյունքները: Նշենք, որ Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև և Վլադիմիր Պուտին եռակողմ հանդիպումից հետո բանակցությունների կողմերը արձանագրեցին, որ բանակցային գործընթացում նկատվում է որոշակի դրական դինամիկա:
Վերը շարադրված կապերը եւ դրանց ինտենսիվությունը ցույց են տալիս, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացները, ամենայն հավանականությամբ, մի այնպիսի փուլում են, երբ միջնորդները գտնվում են անդադար աշխատանքի ռեժիմում եւ պարբերաբար անհրաժեշտ է լինում տարբեր ճշգրտումներ կատարել:
Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»