Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ օգոստոսի 25-ը կառավարությունը պետք է 3600 եվրո վճարի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Հուլիս 12,2016 17:26

Այս օրերին, երբ ՀՀ կառավարությունը խոշորացույցով անցնում է բյուջեի վրայով` տեսնելու, թե էլ ո՞ր ոլորտից կարող է խնայողություն անել, Հայաստանի Հանրապետության դատավորների վճիռների պատճառով ստիպված է հազարավոր եվրոներ վճարել տուժած քաղաքացիներին: Վաղը կառավարության նիստում պահուստային ֆոնդից 3600 եվրո կհատկացվի արդարադատության նախարարությանը` քաղաքացի Թամարա Դոմազյանին վճարելու համար: Այդպես որոշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` գտնելով, որ խախտվել է դիմումատուի՝ դատարանի հասանելիության իրավունքը:

Ինչպես տեղեկանում ենք նիստի օրակարգից, կառավարությունը պարտավոր է 3600 եվրոն վճարել մինչեւ 2016 թվականի օգոստոսի 25-ը: Ուշագրավ է, որ կառավարության պահուստային ֆոնդից գումարը դուրս է գրվելու «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:

«Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործը Եվրադատարանում է 2007 թվականից: Թամարա Դոմազյանը Եվրադատարանին գանգատվել է, որ զրկվել է դատարան դիմելու իրավունքից, քանի որ Հայաստանի դատարանը մերժել է ընդունել քաղաքացիական գործով իր ներկայացուցչի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը:

Ըստ գործի նյութերի՝ 2005 թ. սեպտեմբերին Թամարա Դոմազյանն ստացել է Երևանում իրեն պատկանող, սակայն ապօրինի կառուցված ավտոտնակի եւ օժանդակ շինության նկատմամբ սեփականության վկայական՝ հիմնված 2005թ.-ի հուլիսի 22-ին Երեւանի քաղաքապետի ընդունած որոշման վրա, որով ճանաչվում էր Թամարա Դոմազյանի սեփականության իրավունքը։

Սակայն 2006 թ. հունիսին քաղաքապետն ընդունել է մեկ այլ որոշում, որով չեղյալ է համարել Թամարա Դոմազյանի սեփականության իրավունքը։ Մեկ ամիս անց քաղաքապետը հայց է ներկայացրել դատարան՝ անվավեր ճանաչելու դիմումատուի սեփականության վկայականը, որը բավարարվել է: Վերջինս լիազորել է իր փաստաբանին՝ ներկայացնելու քաղաքապետի 2006 թ. հունիսի որոշումն անվավեր համարելու հակընդդեմ հայց:

2006թ. նոյեմբերի 1-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ չի ընդունվել Թամարա Դոմազյանի լիազոր ներկայացուցչի ներկայացրած հակընդդեմ հայցը: Այնուհետեւ քաղաքապետի ներկայացրած հայցի բավարարման դեմ փաստաբանը գանգատ է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որն այն թողել է առանց քննության՝ նշելով, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բողոքարկումը չի կատարվել պատշաճ ժամկետներում։

Թամարա Դոմազյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է նաեւ Վճռաբեկ դատարանի կողմից 2007 թ. փետրվարին։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031