Երիտասարդական խորհրդարանի անդամների հանդիպումը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ
Հուլիսի 12-ին, Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամները Շուշի քաղաքում հանդիպել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին:
Ողջունելով նորընտիր երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը ներկայացրել է պետական երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առկա մարտահրավերները: Խոսելով հասարակության ու պետության զարգացման գործում երիտասարդության դերի մասին՝ Նարինե Աղաբալյանը նշել է, որ երիտասարդ սերունդը պետք է լավ ճանաչի իր երկիրը եւ իրազեկ լինի, որպեսզի կարողանա արդյունավետ մասնակցություն ունենալ:
Նախարարը կարեւորել է նաեւ Շուշիի՝ տարածաշրջանային մշակութային կենտրոնի, արվեստի ու արհեստի քաղաքի երբեմնի փառքի վերականգնումը եւ նշել, որ այս ուղղությամբ արդյունավետ քայլ է համարում մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղակայումը:
Կարդացեք նաև
Երիտասարդական խորհրդարանի անդամները Նարինե Աղաբալյանից հետաքրքրվել են ընթացիկ ծրագրերով, համագործակցության հնարավոր ուղղություններով, երիտասարդության ու մշակույթի ոլորտին առնչվող այլ հարցերով:
Այնուհետեւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի ուղեկցությամբ երիտասարդականի խորհրդարանի անդամները շրջայց են կատարել Շուշիի նախկին Մարիամյան օրիորդաց դպրոցի շենքում, որտեղ այսօր տեղակայված է նախարարությունը: Նարինե Աղաբալյանը հետաքրքիր դրվագներ է ներկայացրել կառույցի պատմությունից, երիտասարդներին ծանոթացրել շենքում տեղակայված արհեստանոցին:
Օրվա ծրագիրն ավարտվել է 1818թ. կառուցված Շուշիի սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցի այցելությամբ:
ԼՂՀ ԱԺ