Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «ՎՏԲ-Հայաստան բանկն ընդդեմ Անի Հովհաննիսյանի» գործով առաջին դատական նիստը: «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը գործարար համբավի պաշտպանության քաղաքացիական հայց է ներկայացրել շորթման մեջ մեղադրվող Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ եւ վերջինիցս պահանջում է 3 միլիոն դրամ:
Դատարանը պատասխանող կողմին` քրեակատարողական հիմնարկում գտնվող Անի Հովհաննիսյանին ծանուցում է ուղարկել «Աբովյան ՔԿՀ» եւ «Անալիտիկ ՍՊԸ» հասցեներով: Դատարանն արձանագրեց, որ երկու ծանուցումները ստացել է այլ անձ, որի լիազորությունները պարզ չեն:
Հաջորդ նիստի մասին որպես ինքնուրույն պատասխանող եւ «Անալիտիկ» ՍՊԸ-ի տնօրեն Անի Հովհաննիսյանը կծանուցվի «Աբովյան ՔԿՀ» հասցեով: Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 19-ին` ժամը 14:00-ին:
Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում «ՎՏԲ-Հայաստան» բանկի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ Analitik.am կայքում հրապարակվել են «ՎՏԲ-Հայաստան» բանկի վերաբերյալ 3 վարկաբեկող եւ զրպարտություն կրող հոդվածներ. «Բանկը ներկայացվել է որպես ադրբեջանական բանկ` այն դեպքում, երբ նման բան գոյություն չունի»:
Կարդացեք նաև
«ՎՏԲ-Հայաստան» բանկին, որն ավելի քան 1300 աշխատակից ունի Հայաստանում եւ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ներդրումներ է կատարել Հայաստանում, վերջինիս տնտեսությունն է զարգացնում, ներկայացնում են որպես Հայաստանի շահերի դեմ գործող բանկ` զուգորդված ատելության խոսքով: Բնականաբար, բանկն իր գործարար համբավը պաշտպանելու իրավունք ունի եւ այս դեպքում ցանկացել է այն պաշտպանել»:
Ըստ փաստաբանի` նշյալ հրապարակումների շուրջ փաստեր եւ հիմնավորումներ չկան. «Առանց պատճառի դժվար թե նման ակնհայտ կեղծիքներ ներառող հրապարակումներ լինեին: Բնականաբար, պատճառ կա` ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ: Գուցե ինչ-որ մեկին անհրաժեշտ է դա եղել»:
Հիշեցնենք ավելի վաղ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրել էր, որ «Անալիտիկի գործով» շուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը, բոլորը կիմանան, թե ինչ էր իրականում թաքնված այդ ամենի տակ, ինչպիսի հրեշավոր հանցախումբ չեզոքացվեց:
Իսկ իր ղեկավարած «Ալյանս» կուսակցության համագումարում պատգամավորը հայտարարել էր. «Կպարզվի, որ ոմանք ունեն վարկեր համապատասխան բանկում, բանակցել են նրանց հետ, պահանջել են լրացուցիչ գումարներ` նրա դիմաց, որ չշահարկեն պատերազմական վիճակում արյուն եւ կյանք կորցնող զինվորների թեմաները եւ իբրեւ թե ադրբեջանական ծագում ունեցող բանկի դեմ պայքարը…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ