Դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը՝ Պավել Զուևն ստիպված է կյանքը շարունակել մթության մեջ: Երիտասարդ տղամարդը պետք է սովորի ինքնուրույն քայլել, լողանալ, տան գործերն անել և նույնիսկ պատուհանից նայել առանց որևէ բան տեսնելու: Նախորդ կյանքի հետ բոլոր կապերը խզված են:
Նոր կյանքում կույր Զուևը հանդիպում է մի բացառիկ կնոջ, որը կարողանում է ավելին տեսնել, քան ուրիշներն են ունակ: Նադեժդան, որն աշխատում է տեղի հիվանդանոցում, օգնում է Զուևին գտնել իր ուժեղ կողմերն ու գոյության իմաստը: Հավասարապես ուժեղ, բայց իրարից տարբեր այս մարդիկ միասին ապրում են իրենց կյանքի լավագույն օրերը: Բայց ամեն ինչ իր ավարտն ունի…
Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում:
Ֆիլմի պրոդյուսեր Կատյա Ֆիլիպովայի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Կոտտն առանձնահատուկ վերաբերմունք ունի այս ֆիլմի նկատմամբ, քանի որ նաև սցենարի հեղինակն է:
Կարդացեք նաև
«Ֆիլմն այն մասին չէ, թե ինչքան դժվար է կույր լինելը: Եթե այն հաշմանդամություն ունեցող անձի, նրա խնդիրների մասին լիներ, ապա բացարձակ այլ ֆիլմ կստացվեր: Այստեղ կուրությունն իրադարձությունների ֆոնն է միայն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Կատյա Ֆիլիպովան:
Նա պատմեց, որ նախքան նկարահանումները Ալեքսանդր Կոտտը շատ է շփվել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ:
«Նրանցից մեկն ասում էր՝ երբ կույր ես, այլ ելք չունես, քան կնոջդ հարյուր տոկոսով վստահելը, որովհետև ինքդ չես կարող համոզվել, ուղղակի պիտի հավատաս»,- հիշեց Ֆիլիպովան:
«Ինսայթ» ֆիլմում նկարահանվել են Ագրիպինա Ստեկլովան, Ալեքսանդր Յացենկոն, Դմիտրի Մուլյարը, Անդրեյ Բիլժոն, Ֆիլիպ Ավդեևը և ուրիշներ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ