Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը պետք է որոշի՝ ով է պատշաճ պատասխանող. Հակոբ Սաֆարյան

Հուլիս 12,2016 16:15

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, քննվում է  «Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ «gazeta.am» եւ «neonews.am» կայքերի» գործը:

Հուլիսի 12-ին դատական նիստի ընթացքում Աիդա Դավթյանը հայտարարեց, որ գործով պատասխանող  Լուիզա Գումրոյանից դատարանը հայտարարություն է ստացել, ըստ որի կայքերը, որտեղ հրապարակվել են Տիգրան Ուրիխանյանի մասին հրապարակայնորեն արտահայտած վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկությունները, պատկանում են Անդրանիկ Նիկողոսյանին:

Տիգրան Ուրիխանյանը եւս գրություն է ներկայացրել դատարան, որում ասվում է. «Հաշվի առնելով, որ դատավարության ընթացքում պատասխանող Լուիզա Գումրոյանը տվել է իրարամերժ բացատրություններ, իսկ կայքը այլ անձին պատկանելու վերաբերյալ հրապարակել է միայն դատավարության ավարտական փուլում: Ուստի՝ վերջինիս կողմից պատասխանողին այլ պատասխանողով  փոխարինելու միջնորդության դեպքում դատարանին խնդրում եմ միջնորդությունը քննել առանց հայցվորից դիրքորոշում հայցելու»:

Լուիզա Գումրոյանի ներկայացուցիչ Հակոբ Սաֆարյանը դատարանին ներկայացրեց իր առարկությունները, մասնավորապես՝ ըստ նրա, Լուիզա Գումրոյանը այդ գործով չի կարող պատշաճ պատասխանող համարվել, ինչի մասին Տիգրան Ուրիխանյանը վաղուց տեղյակ է եղել: Դատավորի հարցին, թե արդյոք ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացնո՞ւմ, Հակոբ Սաֆարյանը պատասխանեց՝ ո՛չ, հայցվորը պետք է որոշի. «Մենք չենք միջնորդում պատասխանողին փոխարինել: Նույն հայցվորին, դատարանին ապացույցներ ենք ներկայացնում, որ Լուիզա Գումրոյանը պատշաճ պատասխանող չէ»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 30-ին:

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը դիմել էր դատարան` հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի եւ զրպարտության համար քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ուրիխանյանը պատասխանող կողմից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել եւ վճարել նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով` իրեն հասցված վիրավորանքի համար, կայքերի միջոցով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031