Լրահոս
Օրվա լրահոսը

Զոքանչին կացնահարածի մասին. «1 դրամ ալիմենտ չի վճարել, փոխարենը կացին առավ» (Տեսանյութ)

Հուլիս 12,2016 15:58

Փեսայի կողմից կացնի բազմաթիվ հարվածներից սպանված Կարինե Մանսուրյանի դեպքը, փաստաբան Մարինե Ֆարմանյանի ներկայացմամբ՝ սեփական ստամոքսի, նյութական բարեկեցության կռիվ էր, այլ ոչ թե երեխային տեսակցության համար պայքար:

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, որը մինչ սպանությունը զբաղվել է Կարինե Մանսուրյանի դստեր՝ Թագուհի Մանսուրյանի պաշտպանությամբ, նշեց, որ սպանություն կատարած անձը՝ Վլադիկ Մարտիրոսյանը պարբերաբար բռնություններ է իրականացրել այս ընտանիքի անդամների նկատմամբ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 8-ի գիշերը, Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ընտանիքի անդամներին՝ Կարինե, Թագուհի եւ Վաչագան Մանսուրյաններին, արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել է, իսկ հայր եւ դուստր՝ Թագուհին եւ Վաչագանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ տուժողի իրավահաջորդ է ճանաչվել սպանվածի եղբայրը, եւ այժմ գործով զբաղվելու է մեկ այլ փաստաբան՝ վճարովի հիմունքներով:

Մարինե Ֆարմանյանի խոսքերով՝ զոքանչին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ սուտ տեղեկություններ էր տարածել, ներկայացել էր զոհ, իբր իրեն թույլ չեն տալիս երեխայի հետ տեսակցել: Մինչդեռ Վլադիկ Մարտիրոսյանը երբեք չի դադարել բռնություն կիրառել Թագուհու եւ նրա մոր՝ սպանված Կարինե Մանսուրյանի նկատմամբ. «Հասարակական աջակցություն ստանալով, սուտ տեղեկություններ տարածելով, զոհ ներկայանալով, այս ամենից օգտվելով, Վլադիկը ոգեւորվեց, ավելի ագրեսիվացավ, մտածելով՝ անպատժելի եմ, ինչ էլ անեմ՝ կգնամ մի բան կխաբեմ, զոհ կներկայանամ, կանցնի- կգնա»:

Փաստաբանի ներկայացմամբ՝ հերթական բռնությունից հետո Թագուհին դիմել էր իրավապահ մարմիներին, քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի՝ «խոշտանգում» հատկանիշներով, դատարանի վճռով նա դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, նա ազատության մեջ էր:

Ֆարմանյանի խոսքերով՝ դատարանը դատական սխալ է թույլ տվել, քանի որ Վլադիկ Մարտիրոսյանը հասարակական վտանգ էր իրենց ներկայացնում.«Ազատության մեջ լինելով Վլադիկն ավելի թևավորվեց եւ սկսեց հետապնդել Թագուհուն: Վճռի պայմանական կիրառման ժամանակ նա շարունակում էր բռնություններ կիրառել: Դալանը սեփականաշնորհել էր, հարձակվում էր Կարինեի ու Թագուհու վրա՝ թիկունքից հարվածում»:

Վլադիկը եւս դիմել էր դատարան՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու համար: Ֆարմանյանի խոսքերով՝ «Խնամակալության հանձնաժողովն, իմ դիտարկմամբ, թերի աշխատեց, գործը չհետազոտեց խորությամբ, տեղի տվեց Վլադիկի ճնշումներին, որն անընդհատ գնում էր Շենգավիթի թաղապետարան, բողոքներ ներկայացնում, իբր իրեն չեն թողնում տեսակցի երեխայի հետ, բայց դրան զուգահեռ ոչինչ չէր անում, որպեսզի բռնություն չկիրառի եւ Թագուհին էլ լավ տրամադրվի: Այն ժամանակ երեխան կուրծք էր ուտում, չէր քայլում, եւ տեսակցությանը Թագուհին էլ պետք է ներկա լիներ: Ու Թագուհին ասում էր, որ ինքը վախենում է Վլադիկից, քանի որ նա անընդհատ բռնության էր դիմում»:

Փաստաբանի ներկայացմամբ՝ խնամակալության հանձնաժողովը շաբաթը 2 անգամ երեխայի հետ տեսակցություն էր թույլ տվել, մինչդեռ պետք է տեսակցությունների քանակը նվազեցվեր:

«2 տարվա մեջ Վլադիկը ալիմենտի 1 դրամի պարտավորություն չի կրել, դրա փոխարեն գնաց կացին առնելու»,-ասաց փաստաբանը:

Ըստ Ֆարմանյանի, Վլադիկ Մարտիրոսյանի մեղսունակությունը ստուգվել է, նա մեղսունակ է. նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «սպանության փորձ»: Վլադիկ Մարտիրոսյանը կալանավորված է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031