Այս մասին այսօր քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը: Նա ասաց, որ Գյումրու ավագանու 2016 թվականի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար քննարկումներ են եղել տարբեր կուսակցությունների հետ, որից հետո գրավոր առաջարկ են ստացել «Քրիստոնեա-դեմոկրատական միության» Շիրակի տարածքային կազմակերպության կողմից ու համաձայնել են հենց այս կուսակցության հետ դաշինք կազմել ու սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Ըստ Սահակ Մինասյանի, ՀՀԿ մարզային կառույցի խորհուրդը որոշել է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սամվել Բալասանյանը, վերջինս նաեւ գլխավորելու է դաշինքի ցուցակը:
Հիշեցնենք, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» քաղաքական կուսակցությունը հիմնվել է 1991 թվականին՝ Ազատ Արշակյանի կողմից: Այժմ կուսակցության ղեկավարը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն է:
Կարդացեք նաև
Իսկ ՀՀԿ մարզային կառույցի խորհուրդն այսօր որոշում է ընդունել դաշինքով հանդես գալու հարցը ներկայացնել ՀՀԿ գործադիր մարմնի քննարկմանը: «Հիմք ընդունելով Գյումրու զարգացման արդեն իսկ մեկնարկված եւ սպասվելիք ծրագրերի շարունակական ապահովության կարեւորությունը, հավանություն տալ Գյումրու ավագանու ընտրություններին ՀՀԿ-ՀՔՄ դաշինքով մասնակցելու դեպքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից միասնական ցուցակ գլխավորելու ՀՔՄ առաջարկությանը: Սույն որոշման վերջնական որոշում կայացնելու հարցով դիմել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմին», -գրված է ՀՀԿ մարզային խորհրդի որոշման մեջ:
Թե ինչու ՀՀԿ-ն հանդես չի գալու սեփական թեկնածուով, այս մասին Սահակ Մինասյանի պարզաբանումները քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ