ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մարտի 1-ի գործը Մարդու իրավունքների եվրադատարանում բավականաչափ առաջ է գնացել:
Մարտի 1-ին սպանվածների ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը, Արամ Մանուկյանի խոսքերով, շատ ակտիվ աշխատում է, փաստաթղթեր է պատրաստում. «Մենք աշխատում ենք ե՛ւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի հետ, ե՛ւ Եվրադատարանում: Գործը բավականաչափ առաջ է գնացել: Վահեն մեկ ամիս առաջ եկավ, հանդիպել է բոլոր ծնողների հետ, մենք վերցրել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը՝ ներկայացնելու եվրադատարանում: Գործը վարույթի փուլում է: Կառավարությունն արդեն ներկայացրել է իր առարկությունները, մենք հիմա պատրաստում ենք մեր առարկությունները՝ կառավարության ներկայացրածի հետ կապված: Բավականաչափ հետաքրքիր նյութեր կան»:
Առայժմ Արամ Մանուկյանը փակագծերը չբացեց. «Մենք հետեւողականորեն Մարտի 1-ի ծնողների իրավունքների ներկայացումը ե՛ւ ՄԱԿ-ում, ե՛ւ Եվրադատարանում շարունակելու ենք: Մեզ համար դա պատվի գործ է»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ հասնելու են բացահայտմանը եւ պատժելու են մեղավորներին. «Հասնելու ենք նրան, որ այս մարդկանց ծնողների մոտ, որքանով որ դա հնարավոր է, մխիթարանքի վիճակ բերելու, գոնե համոզելու, աշխարհին ցույց տալու, որ իրենց զոհերը զոհեր են՝ ժողովրդավարության ճանապարհին»:
Նշենք, որ ՄԻԵԴ ուղարկված դիմումով պահանջվում է բացահայտել, պատժել հանցագործներին եւ կազմակերպողներին, ինչպես նաեւ՝ փոխհատուցում զոհերի ընտանիքներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ