Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուորլիքին որ մնա, սկայպով էլ Ալիև-Սարգսյան հանդիպում կկազմակերպի». Թևան Պողոսյան

Հուլիս 12,2016 15:25

ՆԱՏՕ-ի` Վարշավայում կայացած գագաթնաժողովի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ որոշումներ կայացվեցին` չլսելով ՌԴ դիրքորոշումը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատեց. «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լուծվեցին մի քանի խնդիրներ` ՆԱՏՕ-ն մշտական հիմունքներով զինված ուժեր է տեղադրում Բալթյան երկրներում և Լեհաստանում, ինչը մինչև այդ չէր նախատեսվել: Լեհաստանը և Բալթյան երկրները դառնում են ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Գագաթնաժողովի ընթացքում որոշումներ կայացվեցին` չլսելով ՌԴ դիրքորոշումը»:

«Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովը նմանեցրեց երկու տարի առաջ Ուելսում կայացած գագաթնաժողովին. «Այնտեղ ևս խոսվում էր պատմական որոշումների մասին, բայց ոչ մի պատմական որոշում էլ չկայացվեց: Այն, ինչ կատարվեց Վարշավայում, արդեն վաղուց պարզ էր»:

Դառնալով դիտարկմանը, թե գագաթնաժողովի ընթացքում հստակեցվեց այն հարցը, որ Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, պարոն Իսկանդարյանն արձագանքեց. «Վրաստանը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ լինել դեռ տասնյակ տարիներ»:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը` դառնալով Վրաստանի հավանական անդամակցությանը, ասաց. «ՆԱՏO-ն այն կազմակերպությունը չէ, որը հակամարտություններ է ներմուծում իր մեջ: Քանի դեռ աբխազաօսեթական խնդրի լուծում չկա, միշտ կգտնվի պատճառաբանություն, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չդառնա»:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,  Ստեփան Գրիգորյանը նշեց. «Սերժ Սարգսյանի խոսքերը դիտեցին որպես պատասխան Ադրբեջանին ու Թուրքիային: Իսկ մեր մասնակցությունն առաջին հերթին կապված էր նրա հետ, որ այս շատ լուրջ ամբիոնը ՀՀ-ն պիտի օգտագործեր` ասելով իր դիրքորոշումը»:

Անդրադառնալով ստատուս քվոյի պահպանմանը` պարոն Իսկանդարյանը նկատեց. «Այն, որ ասում են ստատուս քվոն չի կարող պահպանվել, ես կարող եմ մի շարք հակամարտության օրինակներ բերել, երբ հակամարտության գոտում ստատուս քվոն տասնյակ տարիներ պահպանվել է»:

Դիտարկմանը, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կարևորելով` ՆԱՏՕ-ում հայկական կողմը հրաժարվել է Ալիև-Սարգսյան հանդիպումից, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Ուորլիքին որ մնա, սկայպով էլ Ալիև-Սարգսյան հանդիպում կկազմակերպի»:

Ստեփան Գրիգորյանն այս առիթով նկատեց, թե Ուորլիքը համարժեքության խնդիր ունի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031